Կառավարությունն արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում իր մի քանի որոշումներով թույլատրվել են «Նակի», «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ, «Բոնիլատ», «Կապավոր», «Չերամիզիա ինթերնեշնլ» ՍՊԸ-ներին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Նակի» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 44 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 2 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 72 մլն դրամ, որից 42 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:

«ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ն իրականացնելու է մետաղական լիստերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սևան)։ Նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումների ձեռքբերման համար, իսկ 33.4 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների և հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:

«Բոնիլատ» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է կաթնամթերքի արտադրության համար (ք. Երևան և Արագածոտնի մարզ)՝ իրականացնելով 84 մլն դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 48 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 8-10 նոր աշխատատեղ` 95,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 480 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 84 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 12.6 մլն դրամ:

«Կապավոր» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում) (ք. Ստեփանակերտ), կիրականացնի 429.5 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 270 աշխատատեղ, կստեղծվի 20-25 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 429.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 22.7 մլն դրամ:

«Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը զբավելու է կերամիկական սպասքի արտադրությամբ (Կոտայքի մարզ)։ ՍՊԸ-ն արդեն իսկ իրականացրել է 2.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է ևս 759 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 38 աշխատատեղ, կստեղծվի ևս 162 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 934 մլն դրամ, որից 96.7 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 759 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 38 մլն դրամ: «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը կառավարության որոշմամբ կօգտվի նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից:




Լրահոս