Հայաստանի իշխանությունների ներսում շարունակվում են քննարկումները՝ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատել էր, որ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Եվ այժմ կառավարությունը քննարկում է ճգնաժամը որեւէ ձեւով խորհրդարանում լուծելու տարբերակը, եւ այդ նպատակով արդեն ՀՀ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին առաջիկայում սպասվող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունները պետք է լուծեն երկու փուլով: Ինչպես հայտնի է, այժմ Սահմանադրության 15-րդ գլուխը սահմանում է, թե ինչպես է ընդունվում, փոփոխվում կամ հանրաքվեի դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն որեւէ մեխանիզմ չկա, որով կարող են հետ կանչել արդեն իսկ նշանակված հանրաքվեն: Չնայած դրան, կար դրույթ, որով էլ, արտակարգ դրությամբ պայմանավորված, հնարավոր եղավ հետաձգել հանրաքվեն: Եվ, ահա, այժմ առաջին հերթին նախագիծ կբերվի խորհրդարան, որտեղ օրենքում փոփոխություն անելու տարբերակով կավելացվի դրույթ, որով Ազգային ժողովը այսուհետ լիազորություն կունենա հանրաքվեի դրված նախագիծը հետ կանչել:
Արդեն դրանից հետո այն փոփոխությունը, որը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով, կարվի արդեն խորհրդարանում՝ քվեարկության միջոցով: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին, սակայն նա նշեց. «Այս պահին ժամկետ նշել չեմ կարող: Հրապարակման ենթակա նորություն լինելու պարագայում անպայման կտեղեկացնեմ»:
Նշենք, որ ի սկզբանե՝ մինչեւ հանրաքվեի դնելու որոշումը, այս տարբերակը եւս քննարկվել է, սակայն, ի վերջո, որոշում է կայացվել, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի քվեարկության միջոցով, այլ ոչ թե պատգամավորների: Եվ, ահա, այժմ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում են կայացրել վերադառնալ հին տարբերակին, այլ ոչ թե սպասել, թե երբ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել: Նկատենք, որ սահմադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեով լուծելու հարցը բուռն քննարկվել է խորհրդարանում: Այս որոշմանը դեմ էին նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները: Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը ապօրինի էր որակել Սահմանադրական դատարանի նախագահի եւ վեց դատավորների պաշտոնանկության հարցը հանրաքվեի դնելու ողջ գործընթացը՝ հորդորելով քաղաքական ուժերին «Ոչ»-ի ճակատ չձեւավորել եւ իշխանությանը որեւէ մեկի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու շանս չտալ: Իսկ, ահա, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ իր դիրքորոշումը պայմանավորել էր Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությամբ: Եվ հետաքրքիր է, որ իշխանություններն այդպես էլ հանձնաժողովից փորձագիտական կարծիք չհայցեցին՝ ընդգծելով, թե դա պարտադիր չէ:
Իսկ, ահա, հիմա Հայաստանի իշխանությունները որոշել են հայցել Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետների՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանին: ԵԽԽՎ-ն դա շատ լավ լուր է համարել. հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմոն Կիլջունենը։
«Կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի կասեցումը, կարծիք հայցելու կառավարության որոշումը եւ խնդիրը խորհրդարան վերադարձնելը շատ տեղին են՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հիմա ժամանակ կունենան խորհրդածելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքի շուրջ նախքան հետագա քայլերին դիմելն ու հանրությանը տեղյակ պահելը։ Ես սպասում են այդ կարծիքին՝ տեսնելու, թե ինչպես են դա հաշվի առնելու», – ԵԽԽՎ հաղորդագրության համաձայն՝ ասել է համազեկուցողը:
Հավելենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը: Քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին եւ տեւեց մինչեւ մարտի 12-ը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատեց արձակուրդն ու քարոզարշավը: Հանրաքվեին պատրաստությունները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՑԱԽ ԿԳՆԱ
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման եւ երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի դահլիճում: Հայտնի է նաեւ, որ կապահովվի ուղիղ հեռարձակում, լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու: Ապրիլի 15-ին, Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
280 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. հայտնել են հիմնադրամից: «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ: Հիմնադրամից հավելել են, որ այս ֆինանսավորմանը հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը եւ ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների լուծման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման մասին:
21 ՆՈՐ ԴԵՊՔ
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: «Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր եւ Զոլաքար համայնքներում»,-փոխանցել է Գեղարքունիքի մարզպետարանը:
ԱԶԱՏՎԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՊԱՐՏՎԱԾ ՉԷ
ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հորդորը՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու վարք դրսեւորելու մասին: «Կորոնավիրուսը դեռ պարտված չէ: Խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ»,- նշել է նա:
ԵԱՏՄ-ԻՑ
Պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչեւ հունիսի 30-ը երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կարեւոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, մանկական կերերը, ինչպես նաեւ մի շարք դեղամիջոցներ: 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայվեին 2020 թվականի հունվարի 1-ից։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0.5-0.6 տոկոս թանկացումները չեզոքացվել են։
ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում մայիսի 12-ին հրապարակվել է տեսչական մարմնի մայիսի 5-ի կառավարման խորհրդի նիստերի թիվ 2 արձանագրությունն ու մայիսի 6-ի 3 որոշումներ։ Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի աշխատողները հայտարարեցին, որ այդ արձանագրության եւ որոշումների օրինականության վերաբերյալ ունեն բազմաթիվ մտահոգություններ եւ կասկածներ:
Այսպես, ըստ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի՝ խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում: Սակայն աշխատողների ներկայացմամբ՝ այս դեպքում օրենքի վերոնշյալ պահանջը ոչ միայն չի կատարվել, այլեւ խաթարվել է կառավարման խորհրդի գործունեության թափանցիկությունը։
Բացի այս, մեզ հետ զրույցում աշխատողները նշեցին, որ խնդրահարույց է եղել նաեւ բուն էլեկտրոնային քվեարկության գործընթացը: Ի դեպ, տեղեկացնենք, որ խորհրդի նախագահը պետք է ստորագրի խորհրդի արձանագրությունները եւ որոշումները։ Սակայն այս դեպքում հրապարակված արձանագրությունը ստորագրված չէ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահի կողմից, իսկ մայիսի 6-ին տեսչական մարմնի կառավարման խորհրդի 3 որոշումները ստորագրված են շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանի կողմից, ով, համաձայն խորհրդի նիստի թիվ 2 արձանագրության, չի մասնակցել խորհդի նիստին։