ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերաբացվել են երեւանյան մանկապարտեզները. գործելու են հատուկ կանոնակարգերով: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ առաջնահերթություն է տրվել այն երեխաներին, որոնց ծնողները գործնականում չեն կարողանում տանն ապահովել երեխաների խնամքը, առաջնահերթություն ունեն այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են: Տեղեկացնենք, որ նախնական հարցում է արվել Երեւանի 161 մանկապարտեզների թվով 31 հազար ծնողներին, եւ նրանցից 11 հազարը ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ: Սակայն պարզվում է՝ հեռախոսազանգով ծնողները ոգեւորվել են մանկապարտեզների վերաբացման լուրից, բայց, չնայած սրան, այսօր երեխաներին մանկապարտեզ չեն բերել:

 

Թիվ 88 մանկապարտեզի տնօրեն Արմինե Մկրտչյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր հաճախել է երեք երեխա: Բայց մանկապարտեզի աշխատակազմն ակնկալում էր մեծ թվով երեխաների առաջ դռները բացել:  Մանկապարտեզի տնօրենը վստահ է՝ ծնողները երեխաներին տարել են գյուղ՝ հարազատների տուն, որտեղից շաբաթվա կեսին անհարմար է հետ վերադառնալ: Նա զրույցի ընթացքում հույս հայտնեց, որ երկուշաբթի մանկապարտեզ հաճախող սաների թիվը կավելանա:  Բայց, մյուս կողմից, մանկապարտեզի տնօրենը կարծիք հայտնեց, որ հնարավոր է ծնողները վախեցել են: Չէ՞ որ վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է: Զրույցի ընթացքում պարզվեց, որ սաների ծնողները նախօրեին եկել են մանկապարտեզ եւ ստուգել՝ արդյոք ախտահանման աշխատանքներ իրականացվում են, թե ոչ: Տնօրենը նշեց նաեւ, որ շարունակելու են զանգահարել ծնողներին եւ տեղեկացնել մանկապատեզի վերաբացման մասին: Իսկ, ահա, թիվ 81 մանկապարտեզ այսօր առավոտյան հաճախել է 8 սան՝ 9-ի փոխարեն: Պարզվում է՝ թիվ 81 մանկապարտեզ այսօր հաճախած 8 երեխաներից մեկին մանկապարտեզի տնօրինությունը հետ է վերադարձրել տուն: Տնօրեն Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ երեխայի մոտ մրսածության ֆոն է զգացվել:  Բայց, չնայած սրան, մանկապարտեզի տնօրենը մեծ ոգեւորությամբ է հիշում երեխաների եւ դաստիարակների հանդիպումը: Տեղեկացնենք, որ այս մանկապարտեզում 9 երեխաների համար բակային տարածքում տեղադրված է 9 սեղան՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այստեղ անցկացվելու են բաց պարապմունքներ: Համաձայն որոշման՝ նախադպրոցական կրթության առողջ եւ անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը:

 

 Հիմնական կանոններ

Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են թույլ իմունային համակարգ ունեցող անձինք, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցող անձինք եւ այլն:

Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն: Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը եւ ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու եւ գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջեւ 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն: Երեխաների խնամքի եւ կրթության գործընթացը պետք է կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց եւ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի եւ քնի ժամանակ երեխաների միջեւ 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։ Անհրաժեշտ է ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձեւով կազմակերպելու անհնարինությամբ կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Պետք է նախապես ցուցակագրել այն երեխաներին, որոնց ծնողները կամ խնամակալները երեխաներին նախակրթական հաստատություն ուղարկելու մտադրություն են հայտնել:  Եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ եւ գտնվել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը): Պետք է ժամանակավորապես ձեռնպահ մնալ նախադպրոցական կրթական հաստատությունում ընդունելություն կազմակերպելուց: Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների` հավաքների ու ժողովների անցկացումը: Չեղարկվում կամ հետաձգվում են կրթական ծրագրով նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ եւ այլն):

 ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Արեւիկ Բաղիրյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի  է: Անցյալ տարի  նա ստացավ դպրոցի տնօրենների մրցույթին մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր,  դրանից հետո լարվեցին Զորականի դպրոցի երկարամյա  տնօրեն Սիլվա Խոջայանի եւ Արեւիկ Բաղիրյանի հարաբերությունները:

 

Սիլվա Խոջայանը հրաժարական տվեց դպրոցի տնօրենի պաշտոնից: Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ 2020թ. ապրիլի 14-ին նշանակված էր Զորականի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, սակայն այն չի կայացել  կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Նա հայտնեց, որ  արդեն ստացվել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շրջաբերականը՝  ուղղված հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որտեղ  նախարարը հայտնում է, որ անհրաժեշտ է սահմանված կարգով կազմակերպել հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ ուսուցիչների թափուր տեղերի համար անցկացվող մրցույթները՝ պատշաճ պահպանելով սանիտարահամաճարակային եւ անվտանգության կանոնները: Ա. Բաղիրյանը հայտնեց, որ այդ շրջաբերականին իրազեկ են նաեւ Տավուշի մարզպետարանում: Հանրակրթական դպրոցների տնօրենների թափուր տեղերը զբաղեցնելու անցկացվող մրցույթների մասնակիցները մրցույթի օրվանից առնվազն 10 օր առաջ պետք է դպրոցի կառավարման խորհրդին հանձնեն մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը, իսկ մրցույթից առնվազն 3 օր առաջ՝ դպրոցի զարգացման ծրագիրը: Ա. Բաղրյանն ասաց, որ մայիսի 19-ին եւ 20-ին ինքը բազմաթիվ անգամ զանգահարել է Զորականի  միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, այդ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարինե Պողոսյանին, սակայն վերջինս, պատճառաբանելով, որ ինքը  դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կասեցված մրցույթները վերսկսելու շրջաբերական  չի ստացել, հրաժարվում է ներկայանալ Զորականի դպրոց եւ ընդունել Ա. Բաղիրյանի փաստաթղթերը եւ դպրոցի զարգացման  ծրագիրը: Ա. Բաղիրյանը հայտնեց, որ Մ. Պողոսյանը նախկին տնօրեն Սիլվա Խոջայանի քեռու հարսն է, նրա  դրկից, մտերիմ հարեւանը: Հեռախոսազրույց ունեցանք Մ. Պողոսյանի հետ: Նա ասաց, որ ինքը  մրցույթի վերաբերյալ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն նամակ  է գրել եւ սպասում է դրա պատասխանին: Նրան ասացինք, որ ինքը  մրցույթի  հարցը կարող էր ճշտել Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունից: Մ. Պողոսյանն ասաց, որ խնդրում է իրեն չանհանգստացնել, մինչեւ ինքը չստանա նախարարության պատասխանը: Ա. Բաղիրյանը հայտնեց, որ մրցույթի վերեբերյալ  Զորականի դպրոցի տնօրինության գործելակերպը, ընդունված որոշումները թափանցիկ չեն, ինքը չի ցանկանում դպրոցում  նոր լարվածություն առաջացնել, սակայն թույլ չի  տա, որ իր  իրավունքները ոտնահարեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

7 ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐ՝ «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ»-ՈՒՄ

«Տավուշ տեքստիլ»-ի Բերդի արտադրամասի մի քանի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: ArmLur.am-ը զրուցել է «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանի հետ:

-Պարո՛ն Եզեկյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին արտադրամասում:

-Ինչպես հայտնել է Հայկ Չոբանյանը, վարակվածները 7-ն են: Նրանք բոլորը լավ վիճակում են, որեւէ մեկի մոտ խնդիր չկա: Պետք է կրկին թեստավորեն, որ ռեալ պատասխան ասեն: Առաջին թեստը դրական արդյունք է ցույց տվել, բայց դեռ պետք է մի քանի անգամ էլ թեստավորեն:

-Իսկ ո՞րն  է վարակի աղբյուրը, ինչպե՞ս է այն ներթափանցել գործարան:

-Չգիտենք, թե որտեղից է ներթափանցել, բայց այսօր Երեւանից ազատ գալիս են Տավուշի մարզ առանց որեւէ խնդրի: Տավուշի սարերում, ձորերում իրենց բարեկամներին են տեսնում, եւ շատ հնարավոր է՝ այդպես ներթափանցած լինի:

-Իսկ ե՞րբ եք աշխատակիցների վարակման մասին իմացել:

-Մոտ երկու օր առաջ ենք իմացել թեստերի դրական պատասխանի մասին: Այդ ժամանակ հանգստյան օրեր են եղել, նա աշխատանքի վայրում չի եղել: Մեր նախաձեռնությամբ ձեռնոցի գործող արտադրամասը, որտեղ այդ աշխատակիցն աշխատել է, ես այդ արտադրամասի աշխատակիցներին ասել եմ, որ բոլորը մնան տանը: Դրանք տարբեր արտադրություններ են, տարբեր տարածքներ են, տարբեր մարդիկ են: Այդ արտադրությունների աշխատանքը մենք առանձին ենք կազմակերպում, մեկը մյուսի հետ չի շփվում: Ընդամենը մեր արտադրամասերից մեկում ունենք նման դեպք, ում շրջապատից մի քանի հոգու մոտ է կորոնավիրուս հաստատվել: Եվ այդ պատճառով մեր աշխատակիցների մի խումբը, որը ընդհանրապես կապ չունի դիմակի արտադրության հետ, այդ մարդկանց նստացրել ենք տունը: Մենք կվճարենք ամբողջ աշխատակիցների թեստավորումը, կունենանք պատասխանները եւ ամբողջապես կաշխատենք:

-Իսկ հաշվարկներ արե՞լ եք՝ որքան գումար եք վճարելու թեստերի համար:

-Չենք հաշվարկել, բայց մոտավորապես 4-5 մլն դրամի մասին է խոսքը: Դա իրականացնելու ենք մեր միջոցներով: Մենք մեր քայլերով ցույց ենք տալիս, որ մեր նպատակը ոչ թե սահմանամերձ համայնքներում բիզնես անելն է, այլ մարդկանց աշխատավարձ ու բարեկեցիկ կյանք ապահովելն է: Դա է պատճառը, որ հիմնադրի նախաձեռնությամբ ու մեր առաջարկով մեր ամբողջ անձնակազմը կանցնի թեստավորում, եւ շատ գեղեցիկ կաշխատենք, ինչպես աշխատել ենք մինչեւ այժմ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է եւս 4 մարդ: Մարզում կան կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, որից առողջացել են 119 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

 

 




Լրահոս