Լուսանկարն արվել է «Հաղթանակ» կամրջի վրա
Երեկ քաղաքացին ինքնասպանության փորձ էր անում։ «Հաղթանակ» կամրջի վրա ժամեր շարունակ հավաքվել էին ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ ու ոստիկաններ։ Բարեբախտաբար, նրանց հաջողվել է կանխել ինքնասպանությունը:
ՆՊԱՍՏ
ՀԱՐՑ. Գործատուն աշխատողի հիվանդության նպաստը աշխատողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով ավել է հաշվարկել եւ վճարել: Ուզում եմ իմանալ՝ արդյոք տվյալ դեպքում գործատուն պետք է կատարի նպաստի հետպահում եւ ինչ կարգով:
Ինեսա Հարությունյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով:
Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում՝ հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ Հայաստանում որոնք են օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացնող մարմինները: Խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որակավորումների ճանաչման համար:
Սիրանույշ Հովակիմյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացվում է տարբեր մարմինների կողմից ակադեմիական կամ մասնագիտական գործունեություն ծավալելու համար` Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ մասնագիտական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ ոլորտի համար:
Կրթական փաստաթղթի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել`
անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն), կրթությունը հաստատող փաստաթղթի ներդիր, հավելված կամ այլ նմանատիպ փաստաթուղթ, որում նշված են կրթական ծրագրի մանրամասները` ուսումնական վերջնարդյունքներ, կրեդիտներ, գնահատականներ, ավարտական պահանջներ եւ այլն (բնօրինակ եւ/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն), այլ տիպի ապացույցներ, այդ թվում` նախորդ կրթությունը հավաստող փաստաթղթեր, մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր, վճարման անդորրագիր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճանաչման եւ խորհրդատվական տեղեկանքներն ունեն միասնական ձեւաչափ, որի մեջ ներառվում է բուհի հավատագրման, կրթական ծրագրի որակի, տեւողության եւ կրթության ձեւի, կրեդիտների քանակի, որակավորման մակարդակի եւ դրա ակադեմիական եւ մասնագիտական իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն: