ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ՝ ԱՅԼ ԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը: Իսկ ինչո՞ւ է առաջացել նման անհրաժեշտություն, եւ ի՞նչ փոփոխություններ կլինեն:

 

Նախագծով կարգավորում են ստացել հետեւյալ առանցքային հարցերը.

1) քրեական վարույթի  (հատկապես, մինչդատական վարույթի) ընթացքում ամրապնդվել են անձի իրավունքների եւ իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները, մասնավորապես՝ ընդլայնվել են պաշտպանության կողմի իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ ուժեղացվել է դատական վերահսկողության ինստիտուտը,

2) վերանայվել են դատավարական հարկադրանքի միջոցների, մասնավորապես՝ ձերբակալման եւ կալանքի կիրառման հիմքերը, պայմանները եւ ընթացակարգերը, բարձրացվել է դրանց օրինականության նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաեւ ընդարձակվել է այլընտրանքային խափանման միջոցների շրջանակը,

3) հիմնարար կարգավորում է ստացել քրեական վարույթի շարժիչ ուժը` քրեական հետապնդման ինստիտուտը, հստակեցվել են դրա բնույթը,  նշանակությունը, ինչպես նաեւ իրականացման ձեւերը (եղանակները),

4) նախատեսվել են տուժողի եւ արդարացվածի իրավաչափ շահերի պաշտպանության, այդ թվում՝ հատուցում ստանալու գործուն եւ արդյունավետ կառուցակարգեր,

5) մշակվել է մինչդատական վարույթի ձեւերի (հետաքննություն եւ նախաքննություն) տարբերակման արդյունավետ կառուցակարգ, հստակեցվել, տարանջատվել եւ ներդաշնակեցվել են մինչդատական վարույթին մասնակցող պաշտոնատար անձանց (դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննիչ) գործառույթները, ապահովվել է գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի օրգանական ամբողջականությունը եւ լիարժեքությունը,

6) ընդլայնվել է տարբերակված վարույթների շրջանակը, կատարելագործվել են  դրանց իրականացման ընթացակարգերն այն հաշվով, որպեսզի ապահովվի մի կողմից ռեսուրսների եւ ժամանակի խնայողությանը, իսկ մյուս կողմից` արդարադատության շահերի համաչափ  պաշտպանությունը,

7) ներդրվել է միջանկյալ դատական վարույթի (նախնական դատական լսումների) ինստիտուտ` մինչդատական վարույթի արդյունքների ամփոփումն ավելի ռացիոնալ դարձնելու եւ ապագա դատաքննությունն առավել արդյունավետ անցկացնելու համար,

8) նվազեցվել է մինչդատական ընթացակարգերի ազդեցությունը վարույթի ելքի վրա, դատարանում երաշխավորվել է մրցակցության լիարժեք իրացումը,

9) կատարելագործվել են դատական ակտերի վերանայման համակարգը եւ դրա տարրերը (վերաքննություն, վճռաբեկություն, հատուկ եւ բացառիկ վերանայումներ), ապահովվել է դատական ակտերի վերանայման կառուցակարգերի գործառնական նշանակությունը եւ արդյունավետությունը,

Նախագիծը բնութագրվում է նաեւ մի շարք հիմնարար, սկզբունքային նորամուծություններով, որոնք պետք է էապես բարելավեն, կատարելագործեն քրեադատավարական գործող համակարգը եւ նպաստեն քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը։

Մասնավորապես նախատեսվում է.

վերացնել քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ,

փոխել «հետաքննություն» եւ «նախաքննություն» հասկացությունների քրեադատավարական հարաբերակցությունը, օպերատիվ-հետախուզական գործունեությունն ինկորպորացնել քրեական դատավարության օրենսգիրք` այն նույնացնելով հետաքննության հետ,

պաշտպանության կողմին վերապահել ապացույցներ ներկայացնելու իրավունք` մինչդատական վարույթում փաստաթղթեր եւ առարկաներ, իսկ դատարանում՝ հետազոտման ենթակա ապացույցների ցանկ ներկայացնելու ձեւով,

հստակեցնել հարկադրանքի միջոցների՝ ներառյալ ձերբակալման եւ կալանքի կիրառման նպատակը, հիմքերը եւ ընթացակարգերը, ընդլայնել եւ օպտիմալացնել խափանման միջոցների շրջանակը,

դատական վերահսկողությունը տարածել բնակարանում կատարվող բոլոր քննչական գործողությունների, ինչպես նաեւ գույքի արգելադրման վրա, հստակեցնել մինչդատական վարույթում դատական պաշտպանության սահմանները,

դատավարական հիմնական ժամկետների հաշվարկի եւ խափանման միջոցների կիրառման համար որպես նախապայման սահմանել հսկող դատախազի կողմից անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը,

սահմանել ռեաբիլիտացիայի ինստիտուտ, նախատեսել տվյալ քրեական վարույթի շրջանակներում արդարացվածի կրած վնասների հատուցման հնարավորություն,

մեղադրյալին զրկել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից՝ հնարավորություն ընձեռելով նրան պահպանել լռություն կամ տալ ճշմարտացի ցուցմունք,

նախատեսել մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ անձին հարցաքննելու (ցուցմունքը դեպոնացնելու) ընթացակարգ,

նախատեսել նոր տարբերակված վարույթներ` մասնավոր մեղադրանքով վարույթ (առանց նախաքննության), համագործակցության վարույթ, իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ եւ այլն,

սահմանել նախնական դատական լսումների ընթացքում քննարկման ենթակա առանցքային հարցերի քննության եւ լուծման արդյունավետ կարգ` մրցակցության եւ կողմերի հավասարության պայմաններում,

դատարանին վերապահել ինքնուրույն արբիտրի դեր, որը կաշկանդված չէ կողմերի դիրքորոշմամբ եւ իրավասու է միջամտել ապացուցման գործընթացին կամ ուղղորդել այն՝ ելնելով արդարադատության շահից,

ամրապնդել դատարանում ապացույցների հետազոտման անմիջականության եւ թափանցիկության սկզբունքները,

հստակեցնել առաջին ատյանի դատարանում դատաքննության սահմանները, բարեփոխել դատարանում դատախազի կողմից մեղադրանք փոփոխելու կարգը,

նախատեսել դատական ակտի կայացման երկփուլ կարգ, ամրապնդել դատական ակտերի սահմանափակ վերանայման սկզբունքը՝ առանձին բացառություններով, հստակեցել հիմնարար խախտումներով վարույթի նորոգման հիմքերը եւ կարգը, վերացնել դատական ակտերի կատարումը` որպես քրեական վարույթի փուլ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին: Գործը քննելու է դատավոր Տիգրան Գրիգորյանը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, զրպարտության համար: Հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են առ այն, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը, եւ այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

 

ԹԵՍՏԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է: Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի: Ավելի ուշ նախարարը սոցկայքի իր էջում գրառում է կատարել ու հայտնել, որ իր թեստի պատասխանը բացասական է եղել: «Իմ թեստի արդյունքը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տանից նույն ռեժիմով: Անհանգստանալու կարիք չկա»:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Լիանա Ղալթախչյանին նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ:

 

ՄՆԱՑ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը դեռեւս 2020թ.  փետրվարի 15-ին հայտնել էր, որ  բանավոր կերպով խնդրել է քաղաքապետ Հայկ Մարությանի համաձայնությունը այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Նրա այս մտադրության մասին խոսվում էր շատ վաղուց, եւ փոխքաղաքապետն այսպես արձագանքեց լուրերին:

«Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը»,- ասվում էր գրառման մեջ:

Եվ, ահա, նրա այս գրառումից անցել է արդեն երեք ամիս, սակայն Հայկ Սարգսյանը դեռ շարունակում է աշխատել: Ավելին, նա յուրաքանչյուր ամիս շարունակում է պարգեւավճար ստանալ: Օրինակ՝ այս տարվա մայիսի 8-ի քաղաքապետի որոշման համաձայն՝ Հայկ Սարգսյանը ստացել է 480 հազար դրամ պարգեւավճար: Իսկ, ահա, ապրիլին էլ Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգեւատրվել էին՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով: Դրանից առաջ էլ յուրաքանչյուր ամիս Հայկ Սարգսյանը շարունակել էր ամենամսյա պարգեւավճարներ ստանալ, իսկ նրա բանավոր խնդրանքը քաղաքապետին թերեւս մնացել է անպատասխան:

 

ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Երեւանում ամենաթանկ թաղամասը շարունակում է մնալ Կենտրոն վարչական շրջանը: Այստեղ բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն գերազանցում է 1300 դոլարը:

Օրինակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մարտին կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն կազմել է 670 հազար դրամ: Մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն 5000 դրամով բարձրացել է: Իսկ, ահա, անցած տարվա համեմատ՝ թանկացումը կազմել է 83 հազար 800 դրամով:

Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիրում եւս բնակարանների գներն աճել են 2800 դրամով: Արաբկիր վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 462 հազար 200 դրամ, իսկ մարտին՝ 465 հազար դրամ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն մարտին առաջարկվել է 340 հազար 100 դրամով, փետրվարին՝ 338 հազար դրամով, իսկ նախորդ տարվա մարտին՝ 295 հազար դրամով: Այսինքն՝ այս վարչական շրջանում մեկ տարում բնակարանները թանկացել են 45 հազար 100 դրամով:

Նկատենք, որ Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանի գնի բարձրացումը մեկ ամսվա ընթացքում կազմել է 1000 դրամ՝ 190 հազար դրամից դարձել է 191 հազար դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 19 հազար դրամ է կազմել թանկացումը:

Բայց գների այս աճին զուգահեռ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքների մեծ մասն իրականացվել է Երեւանում:

 

 

 




Լրահոս