Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում իր մի քանի որոշումներով թույլատրել է «Նակի», «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ, «Բոնիլատ», «Կապավոր», «Չերամիզիա ինթերնեշնլ» ՍՊԸ-ներին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:
«Նակի» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ): Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 44 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 2 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 72 մլն դրամ, որից 42 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:
«ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ն իրականացնելու է մետաղական լիստերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սեւան): Նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումների ձեռքբերման համար, իսկ 33.4 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների եւ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:
«Բոնիլատ» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է կաթնամթերքի արտադրության համար (ք. Երեւան եւ Արագածոտնի մարզ)՝ իրականացնելով 84 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 48 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 8-10 նոր աշխատատեղ` 95,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 480 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 84 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 12.6 մլն դրամ:
«Կապավոր» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում) (ք. Ստեփանակերտ), կիրականացնի 429.5 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 270 աշխատատեղ, կստեղծվի 20-25 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ եւ ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 429.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 22.7 մլն դրամ:
«Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը զբաղվելու է կերամիկական սպասքի արտադրությամբ (Կոտայքի մարզ): ՍՊԸ-ն արդեն իսկ իրականացրել է 2.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է եւս 759 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 38 աշխատատեղ, կստեղծվի եւս 162 նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 934 մլն դրամ, որից 96.7 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 759 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 38 մլն դրամ: «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը կառավարության որոշմամբ կօգտվի նաեւ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐ
Ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից կդառնա «28.00»: Փոխարենն առողջապահության նախարարությունն առաջարկում է նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձանց ապահովել անվճար դեղերով: Գործող որոշմամբ «30.01» անապահովության միավոր ունեցողների թիվը կազմում է շուրջ 200 հազար շահառու: Փոփոխության դեպքում գործող շահառուների թվին կավելանա 6114-ով: Ցանկում կան շահառուներ, որոնք, ըստ գործող կարգի, դեղերը ստանում են 50 % տոկոս զեղչով, սակայն որոշման փոփոխության արդյունքում դեղերը կստատան անվճար, որոնց թիվը կազմում է 21100: Ընդհանուր շահառուների թիվը կկազմի 27206: Նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները:
Նշված շահառուներին, կառավարության՝ 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն:
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐԻՑ
Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից այսուհետ կկարողանան օգտվել նաեւ սպանդանոցները: Նման որոշում կայացվեց այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում: Փոփոխություն կատարվեց 2019թ.-ին ընդունված «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում»: Այս որոշմամբ «հումք» հասկացության մեջ այսուհետ կընկալվի նաեւ մթերվող անասունը:
Իսկ աջակցության չափը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, կապված կլինի սպանդանոցի հզորությունից: «Մենք ունենք մի քանի տիպային կառույցների նախագծեր, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջրավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ եւ բավարար է շուրջ 15 քմ-ը: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, եւ յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- նշեց նախարարը:
Գումարն, ըստ նախարարի, նախատեսվում է անասուն գնելու պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչեւ իր կենդանու միսը կհասնի շուկա, կվաճառվի եւ միայն դրանից հետո իրեն կվճարեն:
Նշվեց, որ ներկա պահին Հայաստանում գործում է 44 սպանդանոց, որոնցից գյուղացիական տնտեսություններին ու անհատներին ծառայություններ են մատուցում 19-ը, քանի որ մյուսները խոշոր անասնապահական ֆերմաներին կից սպանդանոցներն են, որոնք աշխատում են միայն իրենց կարիքների համար եւ դրսից պատվերներ չեն ընդունում:
Ս.Հ.
ԴԵՌ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում Կավասակիի սինդրոմի դեպքեր չեն արձանագրվել, սակայն համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որպեսզի, եթե նման դեպքեր գրանցվեն, այդ պացիենտները կարողանանա համապատասխան բուժօգնություն ստանալ: Մասնավորապես, այդ սինդրոմի բուժման համար օգտագործվող դեղորայքի պաշար է գնվել: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը: Կավասակիի սինդրոմը աուտոիմուն հիվանդություն է, որի զարգացման պատճառները բժշկությանը դեռ հայտնի չեն: Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում եւ Նյու-Յորքում դեպքեր են գրանցվել, երբ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին զարգացել են Կավասակիի սինդրոմին բնորոշ ախտանիշներ:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում այս սինդրոմի վիճակագրությունը չի փոխվել. մինչ օրս ունեցել ենք ընդամենը 3 նման դեպք: Սինդրոմի բուժման համար, նախարարի խոսքով, թանկարժեք դեղամիջոց է օգտագործվում, եւ այդ դեղամիջոցի պաշար է գնվել՝ հաշվի առնելով, թե քանի հոգու մոտ հնարավոր է այս խնդիրը զարգանա: Հիշեցնենք, որ, ըստ վերջին տվյալների, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի եւ 270 երեխա կա: Եւ չնայած երեխաները հիմնականում թեթեւ են տանում հիվանդությունը, նրանց չի կարելի վարակվելու վտանգի ենթարկել: Իսկ վարակից պաշտպանվելու համար երեխաները եւս պետք է փակ տարածքներում դիմակներ կրեն, եթե դա հնարավոր է:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կառավարությունը որոշում է կայացրել է ՀՀ բուհերի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ բուհերին հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ: Ըստ այդմ, ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի՝
1) ՀՀ մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի եւ ուսման վարձավճարի տարբերության չափով:
2) 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, տարեկան ուսման վարձի մինչեւ 20 տոկոսի չափով: Ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով հատկացվել էր 82 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: