Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման
մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով
հանդես է եկել Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:
Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական
առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ
հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և
բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: ԱԳ
նախարարը, մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝
ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս
սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ
ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական
մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ
փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված
քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի
հաստատումը: ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության
խթանմանը միտված քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի,
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում
համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր
երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական
աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է
տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը: «Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը
պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը: Նիկոլ
Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝
հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները:

Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ
այլ հանձնարարականներ:




Լրահոս