ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է․ ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի վերաբերյալ, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը։ Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․

«Մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»:

Դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

Հատկանշական է, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:

ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:

Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։

ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Հայցում նշվել է ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) դատական ծախսերի մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:




Լրահոս