«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է գործադիրի հավանությանը: Այս նախագծերով Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում փոփոխություն կարվի և կասեցման ազդեցությունից բացառություն կնախատեսվի այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար։ Եվ արդյունքում երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։
Իսկ ահա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաև օրենքի 74-րդ հոդվածում։ Մասնավորապես՝ կասեցման ազդեցությունից բացառություն է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ կամ բարենպաստ դրույթներ պարունակող զուգորդող վարչական ակտ։ Կառավարությունը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս դատարանների վարույթներում կասեցված վիճակում են գտնվում բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում՝ շինարարական թույլտվություններ՝ նախատեսվում է կարգավորումները տարածել նաև դատարանների վարույթում գտնվող գործերի գործերի նկատմամբ։
Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս միայն Երևան քաղաքում կասեցված վիճակում են գտնվող մոտ 50 օբյեկտների շինարարական աշխատանքներ, որոնց շարքում մեծ թիվ են կազմում բազմաբնակարան բնակելի շինությունների կառուցապատման աշխատանքների կասեցման դեպքերը (թվով 9)։ Ուստի օրենքի նպատակներն ամբողջությամբ կարող են իրագործվել միայն նման մոտեցման դեպքում։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան նաև ապահովելու ներդրումների և ներդրումային ծրագրերի անխոչընդոտ իրականացումը:
Այսօր կառավարության նիստում խոսելով փաթեթի մասին` վարչապետը նկատել էր. «100-ավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ մոտակայքում որևէ գործունեության տեսակ ունեցող ցանկացած մեկը վարչական դատարան է դիմում, և այդ փաստի բերումով շինարարությունն ամբողջությամբ կասեցվում է: Այդպիսի 450 մլն դոլարի շինարարություն կա, և այդ շինարարությունների սեփականատերերը այս երկու տարիների ընթացքում բազմիցս դիմել ինձ՝ օգնելու այդ հարցով: Այո՛, օր առաջ պետք է այս նախագիծն ընդունել, որովհետև, մանավանդ ճգնաժամի պայմաններում, սա կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս նախագծի ընդունմամբ հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն։ Եվ օրենսդրական այս նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Նաիրա Հովհաննիսյան