ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019 թվականի գործունեությունը: Այս օրակարգն արդեն հաստատվեց երեկվա Ազգային Ժողովի խորհրդի նիստում, որի ժամանակ հաստատվեց  նաեւ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: 

 

Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն:

Իսկ արդեն հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաեւ հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից փորձեց պարզել՝ որեւէ փոփոխություն սպասվում է քննարկան ընթացակարգում, թե ոչ, սակայն Գալստյանը նշեց. «Այս պահին որեւէ փոփոխություն առկա չէ»:

Բացի Կենտրոնական բանկի հաղորդումից, այս լիագումար նիստում քննարկվելու է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գորունեության մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ ՀՀ դատախազության՝ 2019 թվականի տարեկան հաղորդումը:

Ըստ այդմ, 2019 թվականի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք (2018թ.՝ 24.678), որոնցից 14.961-ը (2018թ.՝ 13.067)՝ Երեւան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով (2018թ.՝ 2266-ով կամ 11.2%-ով): Եթե 2018թ. առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 0.9%-ը, ապա 2019թ.՝ 1.1%-ը: Ծանր հանցագործությունները 2018թ. կազմել են ընդհանուր հանցագործությունների 14.7%-ը, իսկ 2019թ.՝ 16.7%-ը:

Ապօրինի հարստանալու (ՀՀ քր. օր 310.1-րդ հոդված) վերաբերյալ 2019թ. ընթացքում նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել: Հաշվետու ժամանակահատվածում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 4 քրեական գործ, որոնցից ավարտվել է ընդամենը 1-ը. քրեական գործով վարույթը կարճվել է արդարացնող հիմքով: 1 քրեական գործ ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, իսկ 2 քրեական գործով նախաքննությունը փոխանցվել է 2020 թվական: Քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 6 անձ, որոնց մեղադրանք է առաջադրվել, նրանցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով, իսկ մնացած 5-ի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը փոխանցվել է 2020թ.: Կաշառք ստանալու (ՀՀ քր. օր 311-րդ հոդված) վերաբերյալ նախապատրաստվել է 162 (2018թ.-147) նյութ, որից 133-ով (2018թ.-114) հարուցվել է քրեական գործ, 26-ով (2018թ.-21)՝ քրեական գործի հարուցումը մերժվել է արդարացման, 2-ով (2018թ.-2)՝ ոչ արդարացման հիմքերով: Հաշվետու ժամանակահատվածում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 256 (2018թ.-193) քրեական գործ, որից ավարտվել է 95 (2018թ.-67) քրեական գործի վարույթ, այդ թվում 55 (2018թ.-43) գործի վարույթ կարճվել է արդարացման, 3-ինը (2018թ.-4)՝ ոչ արդարացման հիմքերով, իսկ 37 (2018թ?-20) գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 13 (2018թ.-11) գործի վարույթ կասեցվել է, որից 11-ինը (2018թ.-9)՝ անձը հայտնի չլինելու, 1-ինը (2018թ. -2)՝ անձի հետախուզման մեջ գտնվելու, իսկ 1-ինը (2018թ.-0)՝ այլ հիմքերով: 21 (2018թ.-26) գործ ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, 56 (2018թ.-25) գործ միացվել է, իսկ 71 (2018թ.-64) գործի նախաքննություն հաշվետու ժամանակաշրջանում մնացել է անավարտ: Հաշվետու ժամանակաշրջանում նշված հանցագործության վերաբերյալ քննված 256 (2018թ.-193) քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 136 (2018թ.-87) անձ:

Քրեական հետապնդման ենթարկված 136 (2018թ.-87) անձանցից 34-ը (2018թ.-23) ձերբակալվել է, որից 14-ը (2018թ.-2) ազատվել է ձերբակալումից: 119-ի (2018թ.-81) վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, 115 (2018թ.-67) անձի մեղադրանք է առաջադրվել: 33 (2018թ. -28) անձի կալանավորման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից 5-ը (2018թ.-1) մերժվել է, 28-ը (2018թ.-27) բավարարվել է, 14 (2018թ.-9) անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ: 16 (2018թ.-10) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: 1 մեղադրյալ (2018թ.-3) ազատվել է կալանքից դատախազի կողմից։ 11 (2018թ.-3) անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման, 1 (2018թ.-8) անձի՝ ոչ արդարացման հիմքերով:

Դատի է տրվել 52 (2018թ.-43) անձ, որից 12-ը (2018թ.-18) գտնվել են կալանքի տակ: Քրեական հետապնդման ենթարկված 72 (2018թ. -12) անձի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը փոխանցվել է 2020թ., նշված անձանցից 6-ը (2018թ.-10) գտնվել են կալանքի տակ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԱՆԿԱՏԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գտնվող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր:

 

ArmLur.am-իհետզրույցում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը հաստատեց այս տեղեկությունը: «Այս պահին ունենք հաստատված 15 դեպք, 9-ը՝ երեխաները, 6-ը՝ աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 46 մարդ այս պահի դրությամբ: Բոլորի մոտ նորմալ վիճակ է, մեծ մասն ախտանիշեր ընդհանրապես չունեն, երկու հոգի ունի թույլ ջերմություն»,-նշեց նա՝  հավելելով, որ որեւէ մեկը դեռեւս հոսպիտալացված չէ:

Մեր դիտարկմանը՝ իսկ որտեղից է կորոնավիրուսը ներթափանցել մանկատուն, նա նշեց. «Չենք կարող հստակ ասել, թե որտեղից է աղբյուրը, բայց առաջին ախտանշանները՝ ջերմություն՝ 37.4, ի հայտ է եկել աշխատակցի մոտ: Մայիսի 19-ից հաստատությունում փակ ռեժիմ է եղել, որեւէ մեկը մուտք ու ելք չի ունեցել, երկու օր առաջ աշխատակցի մոտ ջերմություն է եղել, իրեն միանգամից մեկուսացրել են, ուղարկել տուն: Հաստատությունում այս պահին աշխատում են համաճարակաբաններ եւ բժիշկներ, նաեւ Բաբլոյանի կենտրոնից հրավիրված, տարածքն ախտահանվել է առավոտյան»:

Նրա խոսքով՝ փետրվարի 27-ից կարանտին է հայտարարված եղել մանկատանը, սակայն աշխատակիցներից ոմանք մուտք ու ելք են ունեցել:

 

 

ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին հարցրինք, թե Իջեւանում երբ են կայանալու խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունները: Նա  հայտնեց, որ դրանց վերաբերյալ խորհրդարանն օրենք է ընդունել, ընտրությունները պետք է կայանան օրենքն ընդունելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: Իջեւանի Ասլանյան փողոցում եւ դեպի Գանձաքար տանող ավտոճանապարհի եզրերին  աղտի կույտեր կան: Քաղաքապետիպաշտոնակատարն ասաց, որ բնակիչները տեղադրված աղբամանների կողքին շինարարական  աղբ են թափում. դա հիմնականում կատարվում է գիշերով, քաղաքապետարանում չգիտեն, թե ովքեր են դա անում, որպեսզի նրանց  տուգանեն: Նա քաղաքի բնակիչներին հորդորեց զերծ մնալ քաղաքն աղտոտելուց: Իջեւանում իրականացվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքեր: Քաղաքի Մայիսի 28-ի փողոցի 500 գծամետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Այդ ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 110 միլիոն դրամ: Կկատարվի նաեւ Բլբուլյան փողոցի 825 գծամետր հատվածի հիմնանորոգումը: 160 միլիոն 792 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն այդ ծրագրում համայնքի ներդրումը կկազմի ծրագրի արժեքի 45, պետական բյուջեի ներդրումը՝ 55 տոկոսը:

 

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿՐԵԼ ԵՆ

Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Հայկ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մեկնել է Վրաստան, որտեղ ձեռք է  բերել 18 միլիոն 72 հազար ՀՀ դրամին համարժեք 2 միլիոն 400 հազար ՌԴ ռուբլի, ՀՀ արտարժույթ ներկրելու նպատակով այն պահել է գուլպաների մեջ եւ նույն օրը Բագրատաշենի մաքսակետով հատել է հայ-վրացական սահմանը, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 1945թ. ծնված Արշակ Գումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մեկնել է Վրաստանի Մառնեուլի քաղաք, ՀՀ արտարժույթ ներկրելու նպատակով նույն օրը Մառնեուլի քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետից ստացել է 18 միլիոն 72 հազար ՀՀ դրամին համարժեք 2 միլիոն 400 հազար ՌԴ ռուբլի, այն պահել է գուլպաների մեջ եւ նույն օրը Բագրատաշենի մաքսակետով հատել է հայ-վրացական սահմանը, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Հայկ Դարբինյանին եւ Արշակ Գումաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215.1 հոդվածի 1-ին մասով («Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով»): Սույն  հոդվածը որպես պատիժ նախատեսում է  տուգանք՝ երկուսից երեք  միլիոն  դրամի չափով, կամ ազատազրկում՝ մինչեւ երկու տարի ժամկետով:  Հայկ Դարբինյանի եւ Արշակ Գումաշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում  է ՀՀ գլխավոր դատախազությունը: Այդ քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մայիսի 27-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 Տավուշ

 

 

 




Լրահոս