«ԻՄ ՔԱՅԼՈՒՄ» ՔԱՅԼԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերեւս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին եւ 7 վաչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով: Սակայն պարզվում է՝ անհաշտ մթնոլորտ է նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության: Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տեւում են մինչեւ ուշ գիշեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ՝ մայիսի 20-ին տեղի ունեցած խմբակցության նիստն էլի ավարտվել է կեսգիշերն անց: Ըստ տեղեկությունների՝ այդ նիստերի ժամանակ ոչ բոլորն են ենթարկվում խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը եւ չեն էլ թաքցնում դա:

Վառ օրինակը երեկ՝ մայիսի 26-ին էր, երբ Երեւանի ավագանու նիստում քննարկվում էր Երկրապահ կամավորական միությանն անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Եվ չնայած գլխադասային հանձնաժողովում այդ հարցը դրական եզրակացություն էր ստացել, սակայն նիստի ժամանակ այն բուռն քննարկվեց մի քանի ժամ, եւ դեմ էին արտահայտվում հենց իմքայլականներից մի քանիսը, որն էլ առաջացրեց անգամ ընդդիմության վրդովմունքը:

Նկատենք, որ «Իմ քայլում» իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ ավագանու նիստերի սրահի վերջնամասը գրեթե կիսադատարկ է լինում: Երեկ՝ քաղաքային իշխանությունների հետ հարցուպատասխանի վերջում, ներկա էր ավագանու մոտ 9 անդամ: Թերեւս նման երեւույթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվար է պատկերացնել:

Պատահական չէ, որ երեկ՝ ավագանու նիստի ժամանակ, երբ կրկին իշխող խմբակցությունից Գրիգոր Երիցյանը շեղվեց օրակարգից, Հայկ Մարությանը նշեց. «Ես ուղղակի հորդորում եմ, ես ուրիշ լծակ չունեմ ձեզ վրա, ինչ ուզում եք, արեք: Ես ուղղակի հիշեցնում եմ, ես չեմ կարող ձեզ դահլիճից հանել, հետ բերել, ո՛չ հյուրասիրել բոլորին կոնֆետներով, ո՛չ մի բան, ո՛չ լավ բան կարող եմ անել, ո՛չ վատ: Օրենսդրական լծակ չունեմ, որպեսզի ձեզ վրա ազդեմ, միայն հորդորն է, գիտակցումը, որ այս օրակարգին վերաբերող հարցեր ենք տալիս»: Մեզ փոխանցեցին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խմբակցությունում այս իրավիճակն է, եւ ամեն ինչ թողել են ինքնահոսի՝ ով ինչպես ցանկանում, քվեարկում է, ով ինչ ուզում, անում է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել: Հանդիպումը տեղի է ունեցել Գ. Ծառուկյանի առանձնատան այգում: Ըստ մեր տեղեկությունների՝ փորձել են պարզել, թե Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի ճակատագիրն ինչ է լինելու, որի համար մարզպետը խոչընդոտներ է առաջացրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, որպեսզի մոտ 20 շենքի շինարարությունը, այնուամենայնիվ, կայանա: Բանն այն է, որ Ծառուկյանը հայտարարել էր բնակելի շենքեր կառուցելու իր մտադրության ու սկսված ծրագրերի մասին, սակայն Կոտայքի մարզպետը արգելանքներ է դրել գործընթացի վրա` խոչընդոտելով ներդրումային այդ ծրագրին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը,  պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ինչ հարց է քննարկվել, ասաց. «Ես պարոն Ծառուկյանի առանձնատան այգում երեւէ չեմ եղել, եւ նման ֆորմատով հանդիպում էլ չի կայացել»: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւս մեզ հետ զրույցում այս հարցի մասով հայտարարեց. «Նման հանդիպման մասին տեղեկատվության ես չեմ տիրապետում»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն Երեւանսկուն բերման ենթարկելու դեպքից: Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն եւ այդ եղանակով է պարզել, թե նա ինչ է արել այս ընթացքում, ում հետ ինչ հարցով է զրուցել, եւ դուրս է եկել հետքին: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:  ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել, եւ այդ հավաքներով ինչի է փորձել հասնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա փորձել է խառնվել Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած դեպքերին, համայնքների ղեկավարների տների խուզարկություններին: Երեւանսկին փորձել է նաեւ նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, այսպես ասած, «բարիշեցնել» կողմերին, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքների կազմակերպում:  Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա նման հարցեր է կարգավորել ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում, ընդ որում՝ բոլոր դեպքերում դա արել է ուղիղ հեռախոսակապի միջոցով զրուցելիս, եւ հենց այդ պատճառով էլ ԱԱԾ-ն կարողացել է գաղտնալսել նրան եւ բերման ենթարկել:

 

 

 

Մայիսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 542.8 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 70.5 տոկոսը։ Իսկ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս են 0.7 տոկոսով կամ շուրջ 3.8 մլրդ դրամով, սակայն 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցում են 35.8 տոկոսով կամ 143.1 մլրդ դրամով։  Իսկ, ահա, ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 500.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 65.0 տոկոսը: Իսկ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 4.8 տոկոսով կամ 23.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 33.0 տոկոսով կամ 124.1 մլրդ դրամով։ 2020թ.ի ապրիլին, մարտի համեմատ, 35.4 տոկոսով ավել հարկային եկամուտներ եւ պետական տուրք է մուտքագրվել բյուջե, այդ թվում՝ ավելացել է ինչպես եկամտային հարկը՝ 9,9%, այնպես էլ ակցիզային հարկը` 75.2%, շրջանառության հարկը, արտոնագրային հարկը, բնապահպանական հարկը եւ բնօգտագործման վճարը ու սոցիալական վճարները։ Նվազում է նկատվել միայն ԱԱՀ-ի եւ մաքսատուրքերի գծով, ինչն էլ պայմանավորված է առեւտրային գործառնությունների սահմանափակումներով:

 




Լրահոս