ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԼՈՒՐՋ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ը հրապարակել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը:  Սպանությունը եղել է 2004 թվականին, 2006 թվականին արդեն ունեինք Հունգարիայի դատարանների կողմից մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը: Ընդ որում, այդ դատավճռով կար հստակ սահամանափակում, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցին կարող էին անդրադառնալ պատժի փաստացի կրումից 30 տարի անց: Ադրբեջանական իշխանությունների կողմից հունգարական իշխանությունների հետ մի քանի տարվա ակտիվ աշխատանքից հետո, սակայն, 2012 թվականին մարդասպանը հետագայում պատիժը կրելու նպատակով արտահանձնվեց Ադրբեջանին, այդ արտահանձմանն էլ անմիջապես հաջորդեց նախագահական հրամանագրով վերջինիս ներումը, հերոսացումը, կոչումների բարձրացումը եւ այլն: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ:

 

-Պարո՛ն Կոստանյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի գործով որոշում է հրապարել: Դուք այդ ժամանակ եղել եք ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Ձեր համար կանխատեսելի՞ էր ՄԻԵԴ-ի այս որոշումը:

-Միանշանակ կանխատեսելի էր: Նախ, ես ուզում եմ շնորհավորել ե՛ւ Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, ե՛ւ մեր ժողովրդին ու պետությանը, որովհետեւ ես համարում եմ, որ այս վճիռը չափազանց կարեւոր նշանակություն ունի բոլոր ուղղություններով:

-Կոնկրետ ի՞նչ ուղղություններով:

-Ես բազմիցս այս հարցով հայտնել եմ իմ դիրքորոշումը: Ես վստահություն ունեի, որ Եվրոպական դատարանը նման որոշում կայացնելու է՝ զուտ նախադեպային իրավունքի վրա հիմնված լինելու տեսակետից: Եվ մեր համար այս որոշումը լրջագույն նշանակություն ունի՝ ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական տեսակետից եւ, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի իրավակարգավորման  առնչությամբ:

-Պարո՛ն Կոստանյան, ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել՝ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական առումով: Կցանկանայի՝ այդ զարգացումների մասին խոսեք: Ի՞նչ զարգացումներ են հետեւելու այս որոշումից հետո:

-Իրավական տեսակետից ընթացակարգը հետեւյալն է. երբ Եվրոպական դատարանը ճանաչեց իրավունքի խախտումը, ընդ որում, ճանաչեց իրավունքի խախտումը կյանքի իրավունքի վերաբերյալ քննություն չանելու տեսանկյունից, սա արդեն լուրջ իրավական հետեւանք ունի, ասեմ, թե ինչ առումով: Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց ու ամբողջությամբ ազատեց պատժի կրումից եւ, բացի դրանից, սկսեց հերոսացնել: Իրավական տեսակետից Եվրոպական դատարանի այս վճիռը ի՞նչ հետեւանքներ է ունենում. եթե մեր ներկայիս իշխանությունները կարողանան այս իրավական ակտը ճիշտ օգտագործեն, իրենք կկարողանան հասնել նրան, որպեսզի Ալիեւի՝ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հրամագիրը վերանայվի եւ վերացվի: Ինչո՞ւ. չափազանց կարեւոր ուղղություն եմ առաջարկում: Որովհետեւ յուրաքանչյուր վճռից հետո, նախարարների կոմիտեն քննարկում է այդ վճռով սահմանված իրավունքի խախտումները վերացնելու հարցը: Եվ քանի որ Գուրգեն Մարգարյանի ընտանիքի իրավունքը խախտվել է, եւ Գ. Մարգարյանի կյանքի իրավունքի խախտվել է, Ադրբեջանի նախագահի հրամանագրով նախարարների կոմիտեում քննարկման առարկա պետք է դառնա այդ հրամանագիրն անվավեր կամ ուժը կորցնելու հնարավորությունը: Եվ այստեղ մեր ներկայիս իշխանությունների համար լուրջ փորձաքար է:

-Պարո՛ն Կոստանյան, ի՞նչ պետք է անեն նրանք:

-Իրենք պետք է հասնեն նրան, որպեսզի Ադրբեջանի նախագահի հրամանագիրը վերանայվի, եւ Ռամիլ Սաֆարովը շարունակի կրել իր պատիժը իր կողմից կատարած հանցանքի համար: Սա առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է եւ դատական ակտն է, որով հաստատվել է հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքը, այսինքն՝ հայատյացությունը: Այսինքն՝ մենք արդեն ունենք իրավաբանական փաստ, միջազգային դատարանի որոշում, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանի նախագահի մակարդակով անգամ իրականացվում է խտրական վերաբերմունք, հայատյաց վերաբերմունք հայերի նկատմամբ: Խնդրում եմ՝ նկատի ունենաք, որ այս որոշումը նախադեպային նշակություն է ունենալու մյուս բոլոր գործերի մասով: Քաղաքական տեսակետից սա ավելի լուրջ նշանակություն է ստանում: Արդեն այդ հայատյացությունը իրավաբանական փաստ է, եւ  քննարկման առարկա անգամ չի հանդիսանում Ադրբեւջանի իշխանությունների կողմից հայատյացության փաստը: Հետեւաբար բոլոր այն քաղաքական պնդումները կամ դիրքորոշումները, որոնք կային, որ քննարկում է կամ քննարկվելու է Ադրբեջանի հետ, ինչ-որ բարի դրացիական հարաբերություններ ստեղծելու կամ հնարավոր ինչ-որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի խնդիրների կարգավորման տեսակետից համատեղ ծրագրերի իրականացման, դա արդեն բացառվում էր: Այսինքն՝ որպեսզի ավելի պարզ լինի մեր հասարակության համար. երբ այսօրվա իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը պնդում էին, որ Ալիեւը կիրթ եւ կառուցողական է, հիմա մենք ունենք միջազգային դատարանի որոշում, որ Ալիեւը կիրթ ու կառուցողական չէ: Այսինքն՝ սա շատ կարեւոր նշանակություն է ստանում: Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման տեսակետից սա դառնում է անբեկանելի փաստ, եւ ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության ոլորտում պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այս իրավաբանական փաստը քաղաքական առումով կարողանան օգտագործել: Որովհետեւ մենք հիմա շատ իրավաբանական փաստեր ունենք՝ Ղարաբաղի հարցի հետ կապված, որոնք, իմ գնահատմամբ,  պատշաճ չեն օգտագործվում քաղաքական տեսակետից: Եվ հիմա սա անբեկանելի փաստ է, որը, ես կարծում եմ, պետք է օգտագործվի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՊԱՏՎՈՎ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ

Թամրազյանը պատվով է դուրս եկել իր հասցեին հնչող մեղադրանքներից. արտահերթ նիստի մանրամասները:

Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը դռնփակ անցկացնելու որոշումը «կոտրել է» հանձնաժողովականներին, որոնք մեծ ցանկություն են ունեցել, որպեսզի քննարկումը բաց լինի:

Բանն այն է, որ խորհրդարանական հանձնաժողովը ցանկություն ուներ հանրության աչքի առջեւ բացահայտել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապված լուրջ տարաձայնությունները, որոնց արդյունքում նույնիսկ «ռազբորկա» էր տեղի ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ «վերեւներից» է հանկարծակի որոշում կայացվել, որպեսզի նիստը դռնփակ անցկացվի չխայռատակվելու համար: Ու այդ որոշումից հետո հանձնաժողովի անդամները այդքան ոգեւորությամբ չեն մասնակցել քննարկումներին, այլ ուղղակի հարց են հնչեցրել ու սպասել են պատասխանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ այն շատ երկար է տեւել, բայց անցել է շատ հանգիստ ու հաշտ մթնոլորտում: Հանձնաժողովի նիստի ընթացքում փոխնախարար Թամրազյանը շատ սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, եթե անգամ հնչել են մեղադրանքներ Թամրազյանի գործունեության, վարքի վերաբերյալ, ապա վերջինս փաստեր է պահանջել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանը «հաղթել է» այս քննարկումներում ու պատվով է դուրս եկել իրավիճակից: Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ նրան հովանավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նիստից առաջ գրառում էր կատարել եւ ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով, իր խոսքով, հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ասելով. «Եթե պարզվի՝ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության»: Նրա հայտարարությունը միանշանակ չի ընկալվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է

«Օրենքով գող» Արսեն Երեւանսկու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝  նշելով, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, առաջին կարգի հաշմանդամ է, եւ առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում:Նշենք, որ «օրենքով գողին» պահում են «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում»: Ըստ պաշտպանի՝ նրա առողջականի մասով միջնորդություններ են նախապատրաստվում, որոնց մասին կներկայացնեն մի փոքր ուշ: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին? Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը: Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

ԳՐՈՀՆԵՐ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

Երեկ լայնորեն լուսաբանվեց, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը, որով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Սպասելի էր, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան, ու թեեւ պաշտոնական արձագանքները, կարելի է ասել, որ չկային, սակայն դրան զուգահեռ ակտիվ էին Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը, որոնց թիրախում, ինչպես միշտ, հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերն էին։ Մասնավորապես, երեկ հարձակման հետեւանքով news.am կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ եւ գրություններ, նմանաբովանդակ խնդիրներ են ստեղծել կրիպտոարժույթի առեւտրով զբաղվող եւ Արցախում եւս գործող tetchange.com կայքի եւ այլ համացանցային ռեսուրսների վրա։  Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջազգային նորմերի առկայությանը՝ արեւելյան հարեւանի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հաքքերային խմբերը հատուկ օրերի շարունակում են կիբերհանցագործություններ իրականացնել, ինչը պետք է ստիպի մեր երկրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ հարցերին։

 




Լրահոս