Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Փաստահավաք խմբի ձեւավորման հարցը, որը պետք է գնահատական տա անցյալում կատարված խախտումներին՝ 1991-ից մինչեւ 2018 թվականների ընդգրկումով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս կայքում նախագծի հրապարակումը՝ 2019 թվականի վերջին, արդեն նման հանրային քննարկում է եղել նախագիծը կազմելու շուրջ, որին մասնակցել են ներայացուցիչներ Արդարադատության նախարարությունից, փորձագետներ, օրենսդիր մարմնից ներկայացուցիչներ: Եվ, մեր տեղեկություններով, ներկաներն այնքան էլ ոգեւորված չեն եղել այս խմբի ստեղծումով՝ այն համարելով նաեւ ավելորդ ֆինանսական բեռ եւ ծանրաբեռնվածություն: Բանն այն է, որ այս հանձնաժողովն ունենալու է առանձին բյուջե՝ արտացոլված պետական բյուջեի նախագծում: Տեղեկացանք, որ քննարկումը կազմակերպվել էր դեկտեմբերին՝ փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ, իսկ ընդդիմադիր խմբակցություններից ներկա են եղել Անի Սամսոնյանն ու Գեւորգ Պետրոսյանը: Սակայն ուշագրավ է, որ իշխող խմբակցությունից ոչ ոք ներկա չի եղել քննարկմանը: Իշխանությունն այս փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը: Ուսումնասիրության առարկա, ըստ նախագծի, կդառնան ընտրություններն ու հանրաքվերը կեղծելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քաղաքական հետընտրական հետապնդումները, ունեզրկման դեպքերը, այդ թվում՝ հանրության գերակա շահի անվան տակ կազմակերպված, նաեւ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Նախագծով հանձնաժողովը պետք է ձեւավորված լինի 2021-ի սկզբին, գործողության ժամկետը երկու տարի է, խիստ անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել եւս մեկ տարով: Հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, որոնք ընտրվելու են Ազգային ժողովի կողմից։ Հանձնաժողովի 9 անդամներից երեքի թեկնածությունը առաջարկելու են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ Մարդու իրավունքների պաշտպանը։ Իսկ մնացած վեց թեկնածուներին ներկայացնելու են Ազգային ժողովի խմբակցությունները։ Բայց այստեղ մի հետաքրքիր մեխանիզմ կա. յուրաքանչյուր խմբակցություն, բացի իր թեկնածուին ներկայացնելուց, ներկայացնում է նաեւ հասարակական կազմակերպություններից մեկական ներկայացուցչի։
Լուրեր են պտտվում, որ Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանապետի գործողությունները ոստիկանությունում մեծ դժգոհություների տեղիք են տալիս: ՌՈ Պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանն ազատվում է Ռազմական ոստիկանության հին կադրերից եւ ՌՈ է ընդունում նոր կադրեր, եւ այդ նոր անձանց, ըստ լուրերի, հենց այնպես չեն ընդունում աշխատանքի, այլ կլորիկ գումարի դիմաց են դա անում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ լրատվական բաժին, ինչին ի պատասխան՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց. «Գնդապետ Աղաջանյանը պաշտոնավարման ընթացքում ՌՈ-ից ոչ մեկին չի հեռացրել, սակայն ժողովների ընթացքում հայտարարել է, որ եթե սահմանված պահանջների կատարման ընթացքում թերացողներ լինեն, օրենքով սահմանված կարգով տույժ կկիրառվի, կարծում եմ` նման մեղադրանքները ճնշում գործադրելու փորձեր են ՌՈ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի վրա, իսկ եթե փաստեր կան, թող հաղորդում տան»: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել ՌՈ-ում տիրող իրավիճակին եւ Ալեքսանդր Աղաջանյանի նշանակումից հետո տիրող իրավիճակին: Գրել էինք նաեւ, որ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում հայտնվել է Դավիթ Տոնոյանի շնորհիվ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Ըստ մեր տեղեկությունների՝ պարզվել է, որ այդ կազմից դուրս են մնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը իր թիմի երկու անդամներին խորհրդի կազմում չի ներառել: Բանն այն է, որ այդ կազմը հաստատվում է նախարարի գիտությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման որոշում կայացվել: Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Ես նախկինում եղել եմ տուրիզմի կոմիտեի նախագահը, խորհրդարան գալուց հետո արդեն այժմյան տուրիզմի նախագահն է ընդգրկվել»: Իսկ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «Մի քանի օր առաջ եմ տեղեկացել դրա մասին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել են օրենսդրական փաթեթ, որը պետք է քննարկվի մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանում: Եվ հետաքրքիր է, որ պատգամավորներն առաջարկում են ավելացնել Ազգային ժողովի հաստիքների թիվը: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է եւ ԱԺ խմբակցության խորհրդականը: Եվ ստացվում է, որ հաստիքների թիվը կարող է ավելանալ 15-ով, քանի որ խորհրդարանում կա 12 մշտական հանձնաժողով եւ երեք խմբակցություն: Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է վեց գործակցով, եւ նա կստանա 390 հազար աշխատավարձ (բազային աշխատավարձը 66 հազար 400 է): Միեւնույն ժամանակ նրանք փոփոխություն են առաջարկել ԱԺ կանոնակարգ օրենքում, որը կապված է հանձնաժողովների աշխատանքի հետ: Այսուհետ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի Ազգային ժողովին եւ հանրությանը: Բացի այդ, առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների՝ նիստին ներկա գտնվելու դեպքում: