ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 11 ՀՈԳԻ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Ծերապարտեզ» կոչվող խնամքի կենտրոնում 11 հոգի վարակվել է նոր տեսակի կորանավիրուսով: Ըստ մեր տեղեկությունների՝ այս պահին քննարկվում է այն վարկածը, որ հնարավոր է՝ վարակը բերվել է դրսից իրենց աշխատակցի միջոցով: Բանն այն է, որ խնամքի կենտրոնի աշխատակիցներից մեկը աշխատում է նաեւ Հանրապետական հիվանդանոցում՝ որպես բուժքույր, որի պատճառով էլ վիրուսը կարողացել է թափանցել ներս:

 

Ողջ օրվա ընթացքում փորձեցինք տեղեկությունը ճշտել «Ծերապարտեզ» խնամքի կենտրոնի տնօրեն Պավել Պողոսյանից, սակայն վերջինս, լսլելով տեղեկությունը, սկսկեց գոռգոռալ՝ պահանջելով ներեկայացնել, թե ով է մեզ այդ տեղեկությունը փոխանցել: Հասկանալով, որ մենք հրաժարվում ենք տեղեկություն տրամադրել, հայտարարեց, թե ինքն էլ է հրաժարվում որեւէ տեղեկություն տալ վարակվածների, դրա լինել-չլինելու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Աննա Հարությունյանի հետ: Կազմակերպությունը խնամքի կենտրոնի համակարգմամբ ու վերահսկողությամբ է զբաղվում: Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը ու նշեց, որ այդ 11 մեծահասակ մարդիկ արդեն տեղափոխվել են Երեւանի տարբեր հինադանոցներ, ում առողջական վիճակն այժմ նորմալ է գնահատվում, համենայդեպս այդպես են հիվանդանոցից փոխանցել Հարությունյանին:

-Տիկի՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ «Ծերապարտեզ» ծերերի խնամքով զբաղվող հաստատությունում 11 հոգի կորոնավիրուսով վարակվել են, եւ նրանց տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ եւ նորք ինֆեկցիոն հիվանդանոց: Այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

-Ինֆորմացիան ճիշտ է: Հաստատությունը վճարովի խնամքի կենտրոն է: Իհարկե փակ, կարանտինի մեջ է եղել, աշխատակիցները ջերմաչափվել են մտնել ու դուրս գալու ժամանակ: Ենթադրում ենք, որ աշխատակիցներից մեկի մոտ վաղ շրջան է եղել, եւ ջերմություն դեռ չի եղել, ապա իր միջոցով թափանցել է հաստատություն:

-Տեղեկություն ունենք, որ աշխատակինցերից մեկը Հանրապետական հիվանդանոցի բժիշկ է, որի միջոցով էլ վիրուսը թափանցել է փակ հաստատություն համարվող կենտրոն: Արդյոք ճի՞շտ է նաեւ այդ տեղեկությունը, Ձեզ հաջողվե՞լ է դա պարզել:

-Բուժաշխատող է: Բայց դա մենք ենթարդում ենք, որովհետեւ այդ աշխատողը մեզ մոտից դուրս գալիս լավ է զգացել իրեն, բայց արդեն էնտեղից դուրս գալիս վատ է զգացել իրեն: Թեստը հանձնել է, ու պատասխանը դրական է եղել:  Մենք ենթարդում եւ կապում ենք այդ դեպքի հետ, քանի որ ուրիշ ոչ մի ձեւ չենք հասկանում, թե որտեղից կարող էր լինել, քանի որ տարածքը ախտահանվել է, տարեցներն էլ ընդհանրապես վատ չեն զգացել իրենց: Ընդամենը 2 հոգի մի երկու օր ջերմություն ունեին՝ 37,2 եւ 37,3: Մենք վախեցանք եւ դիմեցինք թեստավորման կենտրոն: Թեստը դրեցին, ասեցին, որ դրական է: Երեկ էլ, որպես այդպիսին, սինդրոմներ չկային, երբ տեղափոխում էին նրանց, բայց քանի որ տարեցներ են, որոնք գտնվում են ռիսկային գոտում, նախընտրեցինք, որ իրենք գտնվեն հիվանդանոցի հսկողության տակ:

-Քանի՞ հոգի են տեղափոխվել հիվանդանոցներ:

-11 հոգի են՝ 5-ը մի հիվանդանոցում են, 6-ը՝ մեկ ուրիշ հիվանդանոցում: Մի հատվածը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուս հատվածը՝ «Գրիգոր Լուսավորիչ»:

-Քանի՞ հոգի են բնակվում խնամքի կենտրոնում:

-Հաստատություն է երեքհարկանի է, առաջին կենտրոնում կտրված խնամքի կենտրոնն է, վերեւում՝ բնակիչներն են: Բնակիչների շրջանում այս պահին չկա վարակ: Միայն մի հոգի իրեն լավ չէր զգում, թեստ է հանձնել, դեռ պատասխան չունենք: Մնացածը առողջ են, ոչ մի խնդիր չկա: Սոցիալական տանը որեւէ հաստատված դեպք չունենք, խնամքի կենտրոնում բոլորին  հիվանդանոց ենք տեղափոխել:

-Այսինքն՝ «Ծերապարտեզ» խնամքի կենտրոնում 11 հոգի էր, եւ հենց 11 հոգուն էլ տեղափոխե՞լ են հիվանդանոց:

-Այո:

-Տեղեկություն ունենք, որ մի հոգու վիճակը ծանր է, շնչառական ապարատ են միացրել: Իրակա՞ն են արդյոք այդ տեղեկությունները:

-Ոչ, մեզ մոտ ոչ մեկի վիճակը ծայրահեղ չէ: Մենք՝ 3-4 աշխատակիցներով, կապի մեջ ենք բոլորի հետ, եւ մեզ փոխանցել են, որ որեւէ մեկի վիճակը ծանր չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Մայիսի 26-ին գումարված Ազգային ժողովի նստաշրջանից հետո գումարվելու է նաեւ արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընգրկված է երկու նախագիծ, որոնք պետք է քննարկվեն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Մեկը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ  կատարելուն, մյուսը՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

 

Ընդ որում, արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Իմ քայլը» խմբակցությունը եւ միջնորդություն է ներկայացրել ԱԺ խորհրդին, որն էլ հաստատվել է: Նշենք, որ այս երկու նախագծերն էլ կապ ունեն Հայաստանում կորոնովաիրուսի տարածվածության հետեւանքով առաջացած իրավիճակի հետ:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապված է կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիներին եւ նպատակ ունի լրացնել օրենսդրական բացը: Նշվում է, որ կանոնակարգված չէ մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է քաղաքացիների մոտ առաջացնել մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն՝ պայմանավորված եկամտի աղբյուրի  կորստի վտանգով: Օրենքի ընդունման պարագայում մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար կավելանա ժամանակավոր անաշխատունակության հիմքով նպաստի նշանակման հասանելիություն:

Իսկ, ահա, մյուս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը, որը պայմանավորված է կրկին կորոնավիրուսային իրավիճակով:

Ն. Հ.

 

 

ՀԵՏԱՁԳԵՑԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Ազգային ժողովում հունիսի 2-ից պետք է մեկնարկեին ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Դրան զուգահեռ մայիսի 26-ից մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, եւ ոչ աշխատանքային օրերի, ինչպես նաեւ հագեցած օրակարգի պատճառով այն երկար է տեւելու՝ շարունակվելով նաեւ հաջորդ շաբաթ: Բացի այդ, այս հերթական քառօրյայի ավարտից հետո պետք է գումարվի նաեւ արտահերթ նստաշրջան՝ կառավարության օրակարգով: Եվ, ահա, որոշում է կայացվել հունիսի 2-ի փոխարեն բյուջեի կատարողականի քննարկումները սկսել հունիսի 5-ին: Եվ հենց առաջին օրն էլ՝ հունիսի 5-ին, պետք է Ազգային ժողով գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենա, ներկայացնի 2019 թվականի բյուջեի կատարողականը: Այնուհետեւ քննարկումները կշարունակվեն ոլորտ առ ոլորտ, եւ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է ներկայացնի հաշվետվությունը, այնուհետեւ պատասխանի լրագրողների հարցերին: Հավելենք, որ 2019 թվականը միակ տարին է, երբ իշխող թիմը լիարժեք է աշխատել, եւ գրանցած ցուցանիշները հենց իրենցն են:

 

ԴԵՌ ՉԵՆ ՊԱՐԶԵԼ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այս օրերին ինքնամեկուսացված է: Armlur.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտարարեց, որ այժմ նախարարն աշխատում է հեռավար ու նախարարության աշխատանքներին հետեւում է անձամբ հեռավար ձեւաչափով: Մենք փորձեցինք պարզել նաեւ՝ արդյոք նախարարությունը կարողացել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ փակ հաստատություն համարվող մանկատանը վիրուսը թափանցել է ու վարակել սաներին: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, որոնցից 6-ը աշխատակից են, 9-ը՝ երեխա: Սոնա Մարտիրոյանը մեզ փոխանցեց, որ վիրուսի ներթափանցումը կարող է եղած լինել դայակի միջոցով, որը սկզբում ոչ մի սիմտոմ չի ունեցել: Խոսնակը նշեց նաեւ, որ փետրվարի 27-ից կարանտինային ռեժիմում է եղել մանկատունը, իսկ վերջերս լրիվ փակ ռեժիմի են անցել, այսինքն՝ աշխատակիցները եւս մնացել են հաստատությունում։ Միակ վարկածը դայակներից մեկի միջոցով վիրուսի փոխանցումն է: Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք են ստանում 0-18 տարեկան մտավոր եւ ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները։

 




Լրահոս