ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ փաստահավաք հանձնաժողովի մասին»  օրենքի փաթեթը: Այս նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված, Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

 

Այսինքն, այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը, ուսումնասիրի դրանք: Նախագծից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը գործելու է մինչեւ իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամները ընտրվելու են Ազգային ժողովի կողմից: Նախագծով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել նիստերի միջոցով, իսկ գործունեությունն իրականացնելու է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Նախագծով նախատեսվում է, որ  հանձնաժողովն իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը եւ Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման եւ հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը:

Ընդ որում, հետաքրքիր է, որ պետական բյուջեի ծախսային մասում Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով: Եվ օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը:

Իսկ, ահա, ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը եւ իրադարձությունները ներառում են՝

1) համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպում եւ անցկացում,

2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներ,

5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

6) վերոնշյալ դեպքերի եւ իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր եւ իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ եւ հիմնավոր կհամարի անդրադառնալ:

Հավելենք, որ այս օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Հանձնաժողովի անդամների թեկնածուներին առաջադրելու իրավասություն ունեցող մարմինները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ երկամսյա ժամկետում, Ազգային ժողովին են ներկայացնում Հանձնաժողովի անդամի թեկնածուներին: Հանձնաժողովի կազմի ընտրություն անցկացվում է Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երկամսյա ժամկետում: Հանձնաժողովը կազմավորված է համարվում Հանձնաժողովի բոլոր անդամների ընտրությունից հետո:

Ներկայացնենք միջազգային փորձը՝

Աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակահատվածներում ստեղծվել եւ գործել են (գործում են) 40-ից ավելի նման հանձնաժողովներ, որոնք ընդգրկում են բավականին լայն աշխարհագրություն:

Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետության Ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովը (The South African Truth and Reconciliation Commission (TRC) ստեղծվել էր՝ ապարտեիդի հետեւանքով մարդու իրավունքների համակողմանի խախտումներին եւ բռնություններին անդրադառնալու համար:  Քենիայի Ճշմարտության եւ Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվել էր` ուսումնասիրելու մարդու իրավունքների խախտումներն ու չարաշահումները, կոռուպցիոն բնույթի խախտումները, հողերի զավթումները եւ սոցիալական, ինչպես նաեւ տնտեսական իրավունքների խախտումները՝ սկսած Քենիայի անկախությունից ի վեր` 1962 թվականից:

Թունիսի ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովները եւս ձեւավորվել էին որպես անցումային արդարադատության հաստատություններ, որոնք զբաղվելու էին անձանց փոխհատուցումների, կոռուպցիայի եւ մարդկանց իրավունքների խախտումների ուսունասիրություններով, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեխոխումների վերահսկողությամբ: Ֆիլիպիններում 2010 թվականին եւս ձեւավորվել էր Ճշմարտության հանձնաժողով, որը զբաղվելու էր կոռուպցիայի դեպքերի ուսումնասիրություններով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ֆուտբոլ խաղալիս 20-ամյա երիտասարդ է մահացել: Նա Մարմաշեն խոշորացված համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ է եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը: «Մարմաշենն ու Վահրամաբերդը հարակից գյուղեր են, մոտ 2 կմ է հեռավորությունը: Նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, դեռ չենք էլ վերջացրել: Ֆուտբոլի դաշտում երեւի թիմերի են բաժանվել, ֆուտբոլ են խաղացել, ինչ-որ վեճ է եղել. դե ո՞ր մի ֆուտբոլ խաղալուց վիճաբանություն չի լինում: Տեսել են, որ վատ է զգացել, վազել օգնել են, ջուր բան են բերել, տեսել են՝ էլ չի շնչում»,- նշել է Կարեն Արշակյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ երիտասարդի մահվան հանգամանքները դեռեւս պարզ չեն, նախնական տվյալներով՝ մարմնին հարվածի հետքեր չեն եղել, սպասում ենք դատական բժշկի վերջնական եզրակացությանը, բայց, նախնական տվյալներով, մարմնի վրա հարվածի կապտուկներ չկան, թեւի վրա մի փոքր քերծվածք է եղել: «Երիտասարդը 6 ամիս առաջ էր բանակից վերադարձել, շատ լավ, հանգիստ երիտասարդ էր, նույնը նաեւ ընտանիքը: Օրեր առաջ նրանց տանը եւս մի ցավալի դեպք է պատահել, մահացել էր նրա երիտասարդ քրոջ ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում»,-հավելել է համայնքի ղեկավարը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Երեւանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Զրուցակիցները նախ շնորհավորել են միմյանց տոնական օրվա առթիվ, ապա աշխատանքային քննարկման ձեւաչափով անդրադարձել ֆինանսական ու տնտեսական ոլորտներում առկա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու քայլերին եւ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում միասնական ջանքերով նոր գործողությունների իրականացմանը:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020թ. մայիսի 21-ից 26-ը մշտադիտարկում են անցկացրել Երեւան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները: Ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 14 մանկապարտեզներում:

 

 

ՈՐԴԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է  շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:  Այս մասին հայտնում է նրա   պաշտպան Գոռ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվել է նաեւ Դավիթ Մովսիսյանը:

 

ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում այսօր՝ մայիսի 28-ին, կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ «Հարգելի՛ սյունեցիներ, վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին եւ հորդորներին, շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։ Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք… Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝

լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից»: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երեւան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»:

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՉԿԱ

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անփոփոխ են՝ 38 դեպք: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։  Առողջացածների թիվն ավելացել է 11-ով: Այս պահին մեկուսացված է 67 անձ: Ընդհանուր թեստավորվածների թիվը 824 է: Մահվան դեպք չի գրանցվել։

 




Լրահոս