ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում: Հիշեցնենք, որ վարչապետն այդ մասին հայտարարեց մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է եւ դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետեւ այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը եւ դատական համակարգը կտրել է իրարից, եւ այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, սա ենթադրում է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միացում, որն էլ խառնաշփոթ է առաջացրել համակարգում: Գործող դատավորները չեն պատկերացնում՝ ինչ է լինելու այս երկու կառույցների միացումից հետո, եւ ինչ է լինելու աշխատակիցների ճակատագիրը: Սակայն դատական համակարգում ներքին քննարկում է եղել, դատավորները կարծիք են հայտնել, որ եթե ՍԴ-ի հարցը լուծվի, գործը չի հասնի նոր կառույց ստեղծելուն, հետեւաբար նաեւ Վճռաբեկ դատարանի լուծարմանը։ Սակայն միեւնույն ժամանակ Արդարադատության նախարարությունից նրանց հիշեցրել են, որ, անկախ արդյունքից, պետք է ստեղծվի Վճռաբեկ դատարանի վարչական պալատ: Դրա ստեղծումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ: Դատավորներն էլ այժմ շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի ակտիվությունը կավելանա, եթե  այն ունենա գործն ըստ էության քննող եւ լուծող մասնագիտացված համապատասխան պալատ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել: Տուժողների թվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի, ինչպես նաեւ խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ: Տեղեկացնենք, որ Նորայր Մովսիսյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսինն է: Նրանք երկու տարուց ավելի է՝ ամուսնալուծվել են: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խաբեության գործընթացը. Նորայր Մովսիսյանը, որի հետ երբեմն եղել է նաեւ կինը` Ա. Սամսոնյանը, ներկայացրել են մարդկանց, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու, ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, ու այդպես գումարները իր մոտ է հավաքել: Մարդիկ էլ, վստահելով նրան, գումարներ են տվել, որոնք, ըստ էության, գրպանել է ու փախչել Ռուսաստանի Դաշնություն: Այժմ հետախուզվում է:

 

 

 

2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված, եւ հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ:  Բանն այն է, որ շատ հարցերի պատասխաններ մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով, իսկ երեկ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել: Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից: Եվ երեկ տեսակապի ժամանալ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը, եւ հենց դա է պատճառը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Խաչատուրովին երկու օր ժամանակ են տալիս, այլապես առանց նրա եզրակացություն կներկայացնեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այս սպառնալիքներին, Յուրի Խաչատուրով ամեն դեպքում հանձնաժողով չի գա:

 

 

 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1.7 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21.9 տոկսով: Ըստ էության, պատճառը եղել է աշխարհը փոթորկած կորոնավիրուսը, որի հետեւանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, եւ այդ օրերին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 8.6 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Փոխարենը 4.2 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 8.1 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 11.5 տոկոսով: Սա նույնպես կապված է աշխարհը համակած կորոնավիրուսի հետ:

 

 




Լրահոս