Հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սեւ ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաեւ չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որեւէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլ հանգստի վայրեր: Հիշեցնենք, որ ի սկզբանե ժամանակավորապես սահմանափակվել էր թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը՝ հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հայտարարությունից, ըստ էության, աշխատանքները պատշաճ չեն կատարվել, որի հետեւանքով էլ մեր ավիաընկերությունները հայտնվեցին սեւ ցուցակում:
Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակի խորքային պատճառը, ինչո՞ւ հասանք այս օրվան, ո՞վ կամ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, եւ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, եւ դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներից», – նկատեց նա: Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, եւ սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: «Տաթեւիկ Ռեւազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, եւ չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել»: Փաստորեն ի՞նչ է ստացվում. քանի որ հայկական ավիափոխադրողները զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից, եվրոպացիներն իրենց ավիաընկերություններն են բերում Հայաստան՝ առայժմ «Վիզ Էյր» եւ «Ռյան Էյր» լոուքոսթ ավիաընկերությունների «դեմքով»: Իսկ դա, ինչպես բարձրաձայնում են մասնագետները, նշանակում է հայկական ավիաշուկայի ոչնչացում: Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում, ու հայտնի չէ, թե մենք երբեւէ կունենանք ազգային փոխադրող, թե ոչ:
1991-2018 թվականներին մարդու իրավունքների խախտումների վերհանման եւ բացահայտման նպատակով ստեղծվելիք «Փաստահավաք հանձնաժողով»-ում ՀՀ իշխանությունները մտադիր են ներգրավել բացառապես միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը ունենալու է մոտ 20 անդամ, որոնք չպետք է ունենան քաղաքական, կուսակցական պատկանելիություն եւ լինեն բացարձակապես անկախ, որպեսզի կարողանան, այսպես ասած, հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե այդ ժամանակահատվածում մարդու իրավունքներին առնչվող ինչ խախտումներ են կատարվել: Իշխանությունները նաեւ քննարկում են այն հարցը, որ հանձնաժողովում ընդգրկվեն մասնագիտությամբ լրագրողներ, ովքեր կկարողանան հետաքննություն իրականացնել ու փաստաղթղեր գտնել այդ տարիների հետ կապված: Ըստ մեր տեղեկությունների՝ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը, երբ հասնի Ազգային Ժողով, քննարկվում է տարբերակ, որ այն խորհրդարանում, որպես հարակից զեկուցող, ներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Փաստահավաք խմբի աշխատանքները ուղարկվելու են համապատասխան իրավական մարմիններ գործերին ընթացք տալու համար: Իսկ արդեն վերջին փուլում հանձնաժողովի աշխատանքներին իր քաղաքական գնահատականն է տալու խորհրդարանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանի հրապարակումը շարունակում է հակասական հայտարարությունների տեղիք տալ: Մի կողմից Քոչարյանի պաշտպանական կողմն է սա հաղթանակ համարում, մյուս կողմից էլ իշխանության ներկայացուցիչները ՄԻԵԴ-ի կարծիքն իրենց օգտին են համարում: Նկատենք, որ ՄԻԵԴ դատավորները իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։ Ըստ էության, գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին եւ դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ինչ չափորոշիչներ կան։ Բանն այն է, որ նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նա չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել` սահմանադրական կարգի տապալում։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում դատական համակարգը: Տեղեկացանք, որ դատական համակարգում շատերն են ուսումնասիրել ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը, սակայն չեն հասկացել՝ ի վերջո այն ում օգտին է: Դատավորների շրջանում անգամ կարծիք է հնչել, որ ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք արձակված ՍԴ որոշումների նման է: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումներն էլ ընդդիմությունը համարում էր իր հաղթանակը, իշխանությունը` իր:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ: Նկատենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին, նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են, եւ պարբերաբար դրա ականատեսն ենք եղել ԱԺ հանձնաժողովների կամ լիագումար նիստերի ժամանակ: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձեւավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի եւ ներկայացնի պարետատուն: Եվ, ահա, շաբաթ օրը հենց առաջին նիստն է եղել: Մայիսի 30-ին խորհրդարանում Նարեկ Զեյնալյանը փակ քննարկում էր կազմակերպել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական քննարկման ժամանակ կազմվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր ծրագիր, որը կազմված է մի քանի ռազմավարական ուղղություններից: