Նոր որոշում՝ «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանի գործով: ԱԱԾ-ն գործը տեղափոխում է ՀՀ քննչական կոմիտե: Մայիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Արդյունքում, հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը:
Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից: Այսպիսով, դեռես մեկ շաբաթ առաջ Armlur.am-ը գրել էր, որ Կապանում եւ Քաջարանում ոստիկանությունը խուզարկություններ Է իրականացրել վերոնշյալ քաղաքների մոտ 15 բնակարաններում: Մեր աղբյուների փոխանցմամբ՝ խուզարկված բնակարանների թվում են քաղաքապետների եւ նրանց հարազատների բնակարանները: Այս դեպքերով հարուցվել էր քրեական գործ: Եվ, ահա, ըստ նախնական տեղեկությունների՝ այս քրեական գործով անցնող անձանց միջեւ ներքին տարաձայնություն է եղել եւ, ըստ ամենայնի, կողմերից մեկը դիմել է Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանին, որն էլ փորձել է, ամենայն հավանականությամբ, նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքներ կազմակերպել:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արսեն Մկրտչյանը, բացի Սյունիքի մարզում առաջացած տարաձայնությունների մասով, նաեւ հարցեր է լուծել կամ փորձել է օգնել Գեղարքունիքի մարզում կոնկրետ անձանց, եւ ԱԱԾ-ն բերման ենթարկված անձանց մեջ նաեւ եղել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ: Ինչեւէ, մեզ հետ զրույցում Արսեն Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ երեկ «Երեւան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ են գնացել բժիշկներ, որոնք ստուգել են Արսեն Մկրտչյանի առողջական վիճակը եւ նրա վիճակը գնահատել են ծանր: Ըստ պաշտպանի՝ Արսեն Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Արսեն Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ԱԱԾ-ն նոր որոշում է կայացրել, եւ գործը ԱԱԾ-ից տեղափոխվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերի վարչություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՐՊԵՍ ՏՈՒԺՈՂ
Նախաքննության ընթացքում քննիչի կողմից որոշում է կայացվել փաստաբան Տիգրան Աթանեսյանին տուժող ճանաչելու մասին, եւ վերջինս հրավիրվել է հարցաքննության: Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Մեկ այլ հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար:
ԿԱՄԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է
Հունիսի 1-ին Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է Երեւանում բնակվող 34-ամյա տղամարդ, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Սպանվածը 39 տարեկան էր, Երեւանի բնակիչ: Հայտնաբերվել էր սպանված տղամարդու «Լեքսուս»-ը՝ վթարված վիճակում: Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային: Վթարված մեքենաներից մոտ 300 մետր հեռու հայտնաբերվել էր 7,62 մմ տրամաչափի կրակված երեք պարկուճ: Պարզվել էր, որ «Լեքսուս»-ի վարորդի ուղղությամբ կրակոցներն արձակվել էին Բակունցի 1 հասցեի մոտ: Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը կարողացել էր ընդամենը երեք հարյուր մետր վարել մեքենան, ինչից հետո «Լեքսուս»-ը բախվել էր կայանված մի մեքենայի ու կանգնել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Պարզվել էր հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը: Երեւանի բնակիչ 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
ԳՅՈՒՂԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆԲԱՐԵԿԱՐԳ ԵՆ
2019 թվականին Տավուշի մարզում հիմնանորոգվել է ընդհանուր առմամբ 120 կմ երկարությամբ ավտոճանապարհ: 2020թ. Տավուշի մարզում կնորոգվի 60 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Նորոգվող ճանապարհների թվում են նաեւ համայնքներ տանող ճանապարհները: Ներկայումս նորոգվում է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր տանող ավտոճանապարհը, Բերդի տարածաշրջանում՝ Մոսսես-Նորաշեն ավտոճանապարհը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներ տանող ավտոճանապարհները վատթար վիճակում են: Անբարեկարգ են Դիտավան, Սեւքար,Ակնաղբյուր, Հովք, Չինչին, Լճկաձոր, Բագրատաշեն, Դեբեդավան գյուղեր տանող ավտոճանապարհները: 2019 թվականին համայնքների համաֆինանսավորմամբ, պետական սուբվենցիոն ծրագրերով Տավուշի մարզում իրականացվել են 1 միլիարդ դրամի ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական: 2020թ. պետական սուբվեցիոն ծրագրերով Տավուշի մարզում կիրականացվեն 2 միլիարդ դրամի աշխատանքներ, որոնց թվում կլինեն նաեւ ճանապարհաշինական ծրագրեր:
ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻՑ
Զբոսաշրջային Դիլիջան քաղաքի բնակիչները դժգոհ են իրենց բնակարանների ծորակներից հոսող խմելու ջրի որակից, անձրեւներից հետո քաղաքին մատակարարվող խմելու ջուրը պղտորվում է: Դիլիջանցիները դժգոհում են, որ քաղաքի խմելու ջրի մաքրման կայանները նախկինում վերանորոգվել են, սակայն ջրի որակը չի բարելավվել: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ այդ խնդիրը բարձրացվել է մեկ տարի առաջ, Տավուշի մարզպետարանը հանգամանալից ուսումնասիրություններ է կատարել Դիլիջանի համայնքապետարանի եւ «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Մարզպետի խոսքով՝ Դիլիջանում կա խմելու ջրի ծավալներն ավելացնելու հնարավորություններ, 2019 թվականին «Վեոլիա ջուր» կազմակերպությունը Դիլիջանի մաքրման կայաններում եւ ջրագծերում մեծ աշխատանքներ է կատարել, որոնց արդյունքում ջրամատակարարման գործը բարելավվել է: Մարզպետ Հ. Չոբանյանի վկայությամբ՝ առաջիկայում Տավուշի մարզպետարանը տեսչական ստուգում կիրականացնի, որպեսզի պարզվեն Դիլիջան քաղաքի խմելու ջրի մատակարարման ոլորտում առկա խնդիրները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ