ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավարտվում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովում այս ընթացքում հրավիրվել են նախկին իշխանության ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ եւ այլք։ Հրավիրվածներից միայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ հանձնաժողով ու բացատրություններ տալ։ Ընդ որում, նա արդեն երկու անգամ է հրաժարվել ներկայանալ հանձնաժողովի նիստերին եւ պատասխանել պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախապես հայտարարվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամներն Արցախ չեն գնա՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով եւ վարակակիրների թվի շեշտակի աճով: Ավելին, նրանք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կզրուցեն տեսակապով, եւ չի բացառվում, որ դա հենց այսօր տեղի ունենա: Եվ չնայած այսօր հանձնաժողովի աշխատանքի ժամկետն ավարտվում է, սակայն եզրակացությունը հրապարակվելու է միայն աշնանը: Մինչ այդ հանձնաժողովը դեռ լրացուցիչ աշխատանքներ է իրականացնելու զեկույցի վրա, որը մի քանի հազար էջից է բաղկացած լինելու: Երեկ այս առնչությամբ հանձաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը նշեց. «Բակո Սահակյանի հետ տեսակապով կզրուցենք. եթե էլի մարդ լինի, իրենց հետ նույնպես տեսակապով կզրուցենք: Շատ կարճ զրույց ենք ունենալու, շատ հարցեր չունենք, կարծեմ 10 կարգի հարց ունենք Բակո Սահակյանին: Ասեմ՝ մի քանի հազար էջ փաստաթղթեր են, որոնք պահանջել եւ ստացել ենք: Չհաշված տեսագրությունները՝ ամեն հանդիպումը տեւել է 4-5 ժամ: Կփորձենք մինչեւ օգոստոս անել. եթե չեղավ, սեպտեմբերի նստաշրջանի սկսելուն պես մեր զեկույցը կլինի: Նկատենք, որ հանձնաժողովի ստեղծումը շատերն էին անարդյունավետ համարում՝ ընդհուպ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Եվ հիմա հետաքրքիր է՝ մեկ տարվա աշխատանքի արդյունքում, ի վերջո, ինչ է արել հանձնաժողովը, եւ ինչպիսի եզրակացություն կներկայացնի:

 

 

 

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սեւ ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի: Ինչպես հայտնի է, հրապարակված որոշմամբ Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին ընդգրկել է Եվրամիության (ԵՄ) սեւ ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։ Այդ ավիաընկերությունները, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։ Քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը երեկ պատասխանատուների հետ քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչեւ 2022 թվականի նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ եւ ժամանակացույց:  Ավելին, ՀՀ դատախազությունում կոմիտեի պաշտոնյաներին առնչվող երկու քրեական գործ է առկա։ Ըստ դրանցից առաջինի` կոմիտեի որոշ պաշտոնյաներ իրենց դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, իսկ մյուս քրեական գործը 2016-ից 2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելուն է առնչվում, սակայն այս մասով դեռ նորությունեներ չկան: Հստակ է, որ առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին:

 

 

 

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման շուրջ կրքերը չեն դադարում, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել այս ազատման նախապատմությունը: Նախ նկատենք, որ Աղաջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 12-ին, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնի դարձավ միայն  մայիսի 19-ին: Եվ ուշագրավն այն է, որ նա ազատման դիմում ներկայացրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո: Բանն այն է, որ ԱԱԾ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում Արթուր Աղաջանյանը եւ Արգիշտի Քյարամյանը նաեւ անձնական կոնֆլիկտ են ունեցել, երբ վերջինս դեռ աշխատել է ՊՎԾ-ում, եւ, ըստ էության, Աղաջանյանը չի ցանկացել այդ կառույցում աշխատել Քյարամյանի հետ: Բացի այդ, հենց այդ օրերին պարզ դարձավ, որ խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, թաքնվում է իրապահներից, եւ մինչ օրս նրան չեն կարողանում գտնել: Եվ Աղաջանյանի հեռանալը եւս կապված է նաեւ Գագիկ Խաչատրյանի որդու հետախուզման հետ: Այսպես ասած, Խաչատրյանի հեռանալը փորձում են կոտրել Աղաջանյանի վրա:

 

 

 

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս, փոխարենը նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի համեմատ՝ մայիսին ծխախոտի գները բարձրացել են 0.8, ալկոհոլային խմիչքը՝ 1.9 տոկոսով: Փոխարենը սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները մայիսին, ապրիլի համեմատ, թեկուզ չնչին, բայց 0.2 տոկոսով նվազել են: Բանջարեղենի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 5 տոկոս: Մսամթերքի ու թռչնամսի գներն են նվազել. օրինակ՝ մսամթերքի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում, իսկ թռչնամսի գները մեկ ամսում նվազել են 3.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում հակառակ պատկերն է. այստեղ գնաճ է արձանագրվել 0.4 տոկոսի չափով: Միայն ձվի գինը մայիսին, ապրիլի համեմատ, բարձրացել է 1.5 տոկոսով: Բացի այս, 0.3 տոկոսով թանկացել է նաեւ շաքարավազը:

 

 

 




Լրահոս