ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԱՂՄՈՒԿԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Գայանե Աբրահամյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ցանկանում են փոփոխություն անել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Այն նախագծերի փաթեթ է, որով պատգամավորները ցանկանում են ամրագրել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը եւ խախտումների համար պատասխանատվության միջոցները:

 

Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում կատարվել են հետեւյալ փոփոխությունները.

առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ինչպես նաեւ քաղաքաշինության բնագավառում կառուցապատողների կողմից, ըստ տվյալ առեւտրի, ծառայության կամ կառուցապատման օբյեկտի գտնվելու վայրի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը կամ այլ պայմանները չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունապատիկի չափով:

Նշենք, որ այժմ արդեն իսկ գործում են տուգանքներ, սակայն նախագծի հեղինակները գտնում են, որ կարգավորումները ճկուն չեն եւ նախատեսված են միայն առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտների համար: Նրանք մեկնաբանում են, որ, օրինակ, բազմաբնակարան շենքում կատարվող շինարարությունը կամ շենքում գործող սրճարանը կարող է երաժշտություն հնչեցնել ընդհուպ մինչեւ տոնական եւ հանգստյան օրերին՝ սկսած առավոտյան ժամը 07:00-ից 23:00:

Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ աղմուկի հետեւանքով բնակիչներին անհանգստացնելու վերաբերյալ քաղաքապետարանը ստացել է 178 բողոք: Մեծ թիվ են կազմում բողոքները՝ ուղղված նաեւ ՄԻՊ-ին: Եվ հաշվի առնելով այս ամենը՝ պատգամավորները որոշել են ներկայացնել օրենսդրական նախագծերի փաթեթ՝ նախատեսելով համակեցության կանոնների որոշակի շրջանակ, դրանց պահպանման համար վերահսկողական մեխանիզմներ եւ պատասխանատվության միջոցներ:

Այս փոփոխություններով նրանք նոր լիազորություններով են օժտում համայնքի ավագանուն: Մասնավորապես, համայնքի ավագանին սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը:

Բացի այդ, համայնքի ավագանին սահմանում է համայնքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը. հայ պետական գործիչ էր, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003): Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան: Ծնվել է Երեւանում: Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978): 1987-1990թթ. եղել է Երեւանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր: 2003-2010թթ.՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիզոր դեսպան: 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017թ. ազատվել է դեսպանի պաշտոնից:

 

 

ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների դիմումների ընդունման ժամկետը երկարացվում է մինչեւ 2020թ. հունիսի 5-ը՝ ժամը 14:00-ն:

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ:  Եեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը երեկ համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Նախանշվել են աշխատանքային ուղղությունները: Առանձին անդրադարձ է եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վարակի տարածումը կանխելուն ուղղված Պարետի որոշման կատարումն ապահովելու գործընթացին: Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մոտ 30 պատգամավոր կիրակի օրը՝ մայիսի 31-ին, հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանում այժմ տիրող իրավիճակն ու վարակվածների օրեցօր ավելացող թվերի պատճառներն ու առաջիկա սպասելիքները: Մենք տեղեկեցանք, որ պարետ Տիգրան Ավինյանն այնքան էլ հուսադրող հայտարարություններ չի արել: Նա նշել է, թե Հայաստանում այս իրավիճակը դեռ կշարունակվի, եւ հունիսի կեսերից մինչեւ հուլիսի կես լինելու է վարակվածության եւ մահերի պիկերի շրջանը: Միեւնույն ժամանակ Ավինյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նկատել է, որ չեն կարող խիստ կարանտինի անցնել, քանի որ տնտեսության վիճակն այդպես ավելի է վատանալու, ճգնաժամն էլ՝ խորանալու: Նա նկատել է, թե այլ տարբերակներ են մտածում, թե ինչպես անեն, որպեսզի չտուժի տնտեսությունը, իսկ իրավիճակն էլ կայունանա: Փոխվարչապետը պատգամավորներին հայտնել է, որ այս պահին գլխավոր խնդիրներից է շարունակում մնալ առողջապահական համակարգը: Ավինյանը հայտնել է, թե փորձում են մասնագետներ գտնել, քանի որ առողջապահական համակարգում եւս շատ խնդիրներ կան, եւ մասնագետների պակաս է նկատվում: Հավելենք, որ առաջիկայում այլ հանդիպումներ եւս կլինեն պարետի հետ:

 

 

ԽՈՑԵԼԻ ԽՄԲՈՒՄ

Ազգային ժողովի մայիսի 26-ին գումարված նստաշրջանը բնականոն հունով շարունակվում է: Սակայն ArmLur.am-ը նկատեց, որ այս նստաշրջանին չեն մասնակցում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երկու պատգամավորները՝ Կնյազ Հասանովն ու Արսեն Միխայլովը: ArmLur.am-ի հետ զրույցում 75-ամյա Հասանովը նշեց, թե նիստերին չի մասնակցում հենց մայիսի 26-ից: «Որպես խոցելի խմբում գտնվող անձ՝ խնդրել եմ, որ նիստերին չմասնակցեմ: Իրենք էլ էին կողմ»,- նշեց նա: Ինչպես նշեցինք, Հասանովը 75 տարեկան է եւ խորհրդարանի տարիքով ամենաավագն է,  եւ հենց նա է վարել յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Այս օրերին իշխանական պատգամավորներից նիստից բացակայում է նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որը հղի է, ինչպես նաեւ Հայկ Կոնջորյանը, ում հայրն էր մահացել օրեր առաջ:

 

 




Լրահոս