ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ՀԱՐՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանում լույս տեսնող, սակայն ընթերցողներին գրեթե անծանոթ թերթերից մեկում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հարցազրույց էր տվել: Այն կարդացողը միայն երանի պիտի տար հանրապետության երբեմնի արդյունաբերական հսկաներից մեկը համարվող քաղաքի բնակչությանը, որ ապրում են երջանկության ու բարեկեցության մեջ, որ ունեն նման քաղաքապետ, որն օրնիբուն մտածում է քաղաքի մասին, ամեն ինչ անում, որպեսզի Կոտայքի մարզկենտրոնը վերածվի իսկական դրախտի: Այդ «դրախտին» ծանոթանալու առիթն ունեցել էի դեռեւս մարտ ամսին, երբ հայտնվել էի քաղաքի գլխավոր մշակութային օջախում` Դրամատիկական թատրոնում. մի քանի ջարդված աթոռ, սառնամանիք, ավերված զուգարան… Իսկ ո՞վ է Հրազդանի քաղաքապետը: Ճարտարագետի մասնագիտություն ունեցող Արամ Դանիելյանը, 1987-1989 թվականներին Հրազդանի ՊՇԷԿ-ում աշխատելով որպես ճարտարագետ, հեռացել է այնտեղից եւ մղվել դեպի քաղաքային տնտեսության կառավարման ոլորտ` հավանաբար ինքն իրեն համոզելով, որ կոչված է մարդկանց համար մեծ ու օգտակար գործեր անելու, քաղաքային տնտեսությունը բարելավելու: Չորս տարի քաղխորհրդի գործկոմում աշխատել է որպես հրահանգիչ, բնականաբար, ի զորու չլինելով կյանքի կոչելու իր «տեսլականները»: Դրանք այն տարիներն էին, երբ իրար հետեւից փակվեցին Հրազդանի ձեռնարկությունները, սկիզբ առավ արտագաղթը, պետությունն էլ, պատերազմի մեջ գտնվելով, չկարողացավ Հրազդանի համար որեւէ օգտակար բան անել: 1993-ին, տեսնելով, որ ամենաեկամտաբեր ոլորտը կա ու մնում է սոցիալական ապահովությանը, Արամ Դանիելյանը նշանակվեց Հրազդանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ: Դե, չնայած երկրի ծանր վիճակին, կենսաթոշակները կային, ինչ-որ սոցիալական աջակցություններ, այնուամենայնիվ, լինում էին: Հրազդանում էլ մեծ թիվ էին կազմում կենսաթոշակառուներն ու գործազուրկները, որոնց ոչ մեծ նպաստներ էին տրվում: Այդ տարիներին արդեն Արամ Դանիելյանը սկսեց ձեւավորել իր բիզնեսները, սկսեց տարբերվել իր բազմաթիվ համաքաղաքացիներից, որոնք հայտնվել էին ծայր աղքատության մեջ: Երկու տարի քաղաքային բաժինը ղեկավարելուց հետո` 1995-ին, դարձավ քաղաքի ու շրջանի արդեն միացյալ բաժնի պետ: Այդ տարիներին քիչ չէին հրազդանցիների բողոքներն այն մասին, որ սոցիալական ապահովության միացյալ բաժինը խտրական վերաբերմունք է ցուցաբերում մարդկանց հանդեպ, որ նպաստառուների ցուցակներում հայտնվում են նաեւ ունեւոր մարդիկ, որ ներդրված «Փարոս» համակարգը վերածվել է ոմանց համար եկամտաբեր աղբյուրի… Բայց բողոքները որեւէ մեկին չէին հետաքրքրում, որովհետեւ Արամ Դանիելյանն «իր գործն» էր անում եւ շարունակում այն գործելաձեւը, որն արդեն իր համար սովորություն էր դարձել: Երկու տարի էլ այս պաշտոնը զբաղեցնելուց հետո` ամբողջ հինգ տարի` 1997-2002 թվականներին, ղեկավարեց կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կառույցը: Մենք գիտենք, որ կենսաթոշակների ոլորտում հիմնական մեքենայությունները սկսեցին ծաղկել հենց 2001-2002 թվականներից սկսած եւ շարունակվեցին մինչեւ հայտնի դեպքերը, երբ «բացահայտվեցին» Վազգեն Խաչիկյանի արարքները, պետական բյուջեի իսկական թալանի փաստերը:  Ինչեւէ, երկար ժամանակ սոցիալական եւ կենսաթոշակային համակարգում աշխատելն արդեն բավական էր, որպեսզի Արամ Դանիելյանը համարվեր Հրազդանի ամենահարուստ մարդկանցից մեկը եւ մտածեր նոր թռիչքների մասին, իսկ «թռիչքը» տեղի ունեցավ 2002-ին, երբ «ընտրվեց» քաղաքապետ: Դանիելյանը քաղաքապետ ընտրվեց նաեւ 2005 եւ 2008 թվականներին: Գուցե նրա մասին էլ երկրի նախագահն ասի, թե ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքապետերից մեկն է, որովհետեւ երեք անգամ ընտրվել է, բայց հրազդանցիները լավ գիտեն, թե ինչպե~ս է ընտրվել. ընտրակեղծիքներ, մարդկանց կամքի վրա ճնշումներ, լծակների կիրառում, կարմիրբերետավորներ… Մամուլն անդրադարձել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, ուստի չքրքրենք «պատմության էջերը»` մեկ անգամ եւս հրազդանցիներին հիշեցնելով ընտրությունների սահմռկեցուցիչ օրերը: Վերջերս էլ քաղաքապետը սկսել է վերաձեւել Հրազդանի գլխավոր հատակագիծը, հողատարածքների ապօրինի վաճառքներ իրականացնել, իսկ այս ամենի մասին հրազդանցիները բողոք-նամակներ են հղել Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայություն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Հայ ազգային կոնգրեսն էլ իր յուրատեսակ որոշումն է կայացրել. «Հրազդան քաղաքային համայնքի ղեկավարը շարունակում է իրեն բնորոշ հոգեբանությամբ զբաղվել հողատարածքների վաճառքով` ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները եւ չկատարելով պետության կողմից օրենքով իր վրա դրված պատվիրակված լիազորությունները (պարտականություններ): Ելնելով վերը գրվածից` ՀԱԿ Հրազդանի կառույցը հայտարարում է .ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում խնդիրը պատշաճ քննության չառնելու եւ օրենքով իրենց վրա դրված պարտականությունները չկատարած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության չենթարկելու դեպքում ՀԱԿ հրազդանյան կառույցը, շարունակելով հետեւողական պայքարն այս եւ ՀՀ քաղաքացիներին հուզող այլ հարցերում, կգա այն եզրակացության, որ Հրազդան քաղաքային համայնքի ղեկավարն իր ապօրինությունները ցայսօր իրականացրել է վերը թվարկված պետական կառույցների ու պաշտոնատար անձանց լուռ համաձայնությամբ եւ թողտվությամբ»:Գուցե այսքանից հետո հայրենի իշխանությունները վերջապես հոգ տանեն այն մասին, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում Արամ Դանիելյանն այլեւս հնարավորություն չունենա շարունակելու իր «հաղթարշավը»…Ի դեպ, քաղաքում պտտվող լուրերի համաձայն` նա ոչ միայն Հրազդան քաղաքում է շքեղ բնակարան ու սննդի օբյեկտներ կառուցել, այլեւ արտասահմանում: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի «ճտերից» համարվող Դանիելյանը սկսել է մեծանալ` նմանվելով… հասկանալի է, թե ում կամ ինչի:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս