ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆՆ ՈՒ ՊՎԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս: ՔՊ-ն այնքան էլ գոհ չի եղել Անանյանից` նրան համարելով փափուկ կառավարիչ, ,հներինե, օլիգարխներին չպատժող տեսակ, ինչին մի առիթով Անանյանը հակադարձել է. ,Բոլոր դեպքերում չէ, որ պետք է պաշտոններից հանենք մարդկանց ու երիտասարդ անփորձ կադրերով փոխարինենքե: Այս արտահայտությունը, ,Ժողովուրդե օրաթերթի տեղեկություններով, մշտապես հիշվել է ՔՊ վարչության նիստերում թեմատիկ քննարկումների ժամանակ:

Ինչեւէ, Անանյանն աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով. ,Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ եւ արգասաբեր համագործացկության, ինչպես նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համարե: Այս ոչինչ չասող տեքստը բազում հարցեր է առաջացնում: Մասնավորապես, արդյոք Անանյա՞նն է ցանկություն հայտնել հեռանալ, թե՞ վարչապետն է այդ մասին ասել։ Սա շատ կարեւոր հանգամանք է՝ հաշվի առնելով նաեւ առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանի ձեւակերպումներից մեկը՝ կապված հեռացող պաշտոնյաների հետ: ,Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համարե, – նշել էր վարչապետը` թիմից հեռացող կադրերի մասին խոսելով: Հետաքրքիր է՝ Անանյանի հեռանալը անհանգստացնո՞ղ դեպքերից է, թե՞ ոչ:

Ամեն դեպքում, ՊԵԿ-ի շուրջ կատարվող գործընթացներից ,Ժողովուրդե օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում: ,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու մասին տեղեկությունները` ասելով, որ ստուգումներ սկսելու մեկնարկը տրվել է մայիսի 12-ի հրամանագրով: ,Որոշակի ռիսկեր են վեր հանվել, որոնց հիման վրա նախաձեռնվել է ուսումնասիրություն: Լայնածավալ ուսումնասիրություն էե, – հավելեց նա:  Արդյոք այս ստուգումներն ու հնարավոր բացահայտումները կարող էին աշխատանքից հեռացման պատճառ դառնալ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, Անանյանի՝  աշխատանքից ազատման լուրից հետո սկսվեցին խոսակցությունները նրան փոխարինողի մասով: Մեր տեղեկություններով՝ ավելի շատ քննարկվում է Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը՝ որպես նրան ամենահավանական փոխարինող։ Գաղտնիք չէ, որ նա այս իշխանությունների համակրանքն է վայելում, եւ կարծիքներ կան, թե նրան կառավարելը հեշտ է: Եվ չնայած ՊԵԿ-ում մեծ ազդեցություն ունի նաեւ Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունը թերեւս նրա վրա կանգ չի առնի: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում չի բացառվում, որ նա եւս կարող է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:

 

 

 

ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ,Իմ քայլըե խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը երեկ հանկարծակի ԱԺ ամբիոնից խնդրեց ,դեմե քվեարկել իր իսկ բերած նախագծին: Խոսքը վերաբերում է ,Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում էր մեկուսացման նպաստ սահմանել այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույն իրենց աշխատանքով ապահովված անձինք եւ պարետատան ցուցումով մեկուսացել կամ ինքնամեկուսացվել են։ Եվ այդ նախագիծն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն երեկ Զեյնալյանը հայտարարեց, թե լրացուցիչ հաշվարկների եւ լրամշակումների կարիք կա, պետք է դեմ քվեարկել նախագծին, որն էլ հարուցեց ընդդիմադիրների դժգոհությունը։ ,Ժողովուրդե օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի չընդունման թիվ մեկ պատասխանատուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, քանի որ վերջինիս ղեկակավարած գերատեսչությունը չի կարողացել ճիշտ հավաքագրել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ, ինչի համար Զեյնալյանը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում: Ըստ մեր տեղեկությունների՝ միայն նախօրեին է այս նախագիծն ուղարկվել կառավարության սոցիալական գծով նիստին, որի ժամանակ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ հաշվարկներ չեն արվել, ինչի համար իրենք չեն կարող իրենց համաձայնությունը տալ: Եվ դրա համար Զեյնալյանին խնդրել են դադար տալ, որպեսզի կարողանան հարցերին լուծում գտնել եւ հետագայում ընդունել այն:

 

 

 

Վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երեւանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ որում, որքան էլ զարմանալի է, հիմնական բացակաները ավագանու իշխող ,Իմ քայլըե խմբակցության անդամներն են:  Ովքե՞ր են այդքան շատ բացակայում: Այս հարցի պատասխանը ստանալու համար ,Ժողովուրդե օրաթերթը դիմել է Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել 2018թ. հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչեւ օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ մինչ այժմ տեղի է ունեցել  ավագանու 29 նիստ:  Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ այդ նիստերից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը, 11 անգամ՝ Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը եւ Ռուբեն Սիմոնյանը:  Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն: Օրինակ՝ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ եւ այդպես շարունակ: ,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը  նշեց, թե բացակայել է առողջական խնդիրների պատճառով, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, թե ռեկտոր լինելու ընթացքում դժվարացել է համատեղել եւ անգամ հրաժարվել է ավագանու անդամներին տրվող փոխհատուցումից, որը նվազագույն աշխատավարձի չափով է:

 

 

 

Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Սակայն արդեն երկար ժամանակ է՝ նրան Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում: ,Ժողովուրդե օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին կարգով ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ իր գործընկերներին հայտնել է, թե բողոքարկման գործընթաց է գնում, եւ դա է պատճառը, որ առայժմ նրան չեն կարողանում վերադարձնել Հայաստանին: Ավելին, բողոքի քննությունից հետո միայն պարզ կլինի՝ կվերադարձնեն նրան, թե ոչ: Միեւնույն  ժամանակ իրավապահ մարմիններին ՌԴ-ից վստահեցրել են, թե իր հանձնման գործընթացը տեղի կունենա, եթե բողոքարկման գործընթացը չձգձգվի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երբեմնի ամենավստահելի պատգամավոր Լեւոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։ Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու եւ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար (12 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու համար):

 




Լրահոս