ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԲԱՑԱԿԱՅԵԼ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերեւս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին եւ 7 վաչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում տարբեր պատճառաբանություններով: Սակայն հայտնի է նաեւ, որ անհաշտ մթնոլորտ է տիրում Երեւանի ավագանու ,Իմ քայլըե խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության: Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տեւում են մինչեւ ուշ գիշեր:

 

Իշխող խմբակցության ներսում անհամաձայնությունները վառ դրսեւորվում են նաեւ ավագանու նիստերում: Այդ նիստերի ժամանակ հաճախ են իշխանական ավագանու անդամները ընդդիմանում այս կամ այն հարցի շուրջ, իսկ դրանք հաճախ անցնում են նաեւ կիսադատարկ դահլիճներում, երբ բացակայում են հենց իշխանական պատգամավորները: Ստացվում է, որ ,Իմ քայլե-ում իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ ավագանու նիստերի սրահի վերջնամասը գրեթե կիսադատարկ է լինում: Լինում են դեպքեր, երբ քաղաքային իշխանությունների հետ հարցուպատասխանի վերջում ներկա էր ավագանու մոտ 9 անդամ: Թերեւս նման երեւույթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվար է պատկերացնել:

Եվ այսպես, ,Ժողովուրդե օրաթերթը դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ պաշտոնապես խնդրել տրամադրել 2018 թվականի հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչեւ օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝  2018 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 26-ը տեղի է ունեցել 29 նիստ:

Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը՝ պարզ դարձավ, որ 29 նիստից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը: 11 անգամ ավագանու նիստերից բացակայել են Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ՝ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը եւ Ռուբեն Սիմոնյանը:  Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն: Օրինակ՝ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ եւ այդպես շարունակ:

,Ժողովուրդե օրաթերթը նաեւ փորձել է ամենաշատ բացականեր ունեցող ավագանու անդամներից պարզել՝ ինչու են այդքան հաճախ բացակայել նիստերից:  Ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը, ,Ժողովուրդե օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց. ,Նիստերին չեմ հասցնում գնալ նախ ֆիզիկապես, հետո առողջական խնդիրներից ելնելով: Փորձում եմ մարդաշատ վայրեր չգնալ, բայց դա չի նշանակում, որ չեմ աշխատում: Ակտիվ համագործում եմ վարչական շրջանների ղեկավարների հետ, հասցե առ հասցե գնում եմ ինձ նամակով ուղարկված խնդիրների հետքերով: Ինչպես բոլորիդ, այնպես էլ ինձ տարատեսակ խնդիրներով են դիմում քաղաքացիները: Մինչեւ վերջ փորձում եմ հետամուտ լինել խնդրի լուծմանը: Նիստերին չգնալը դեռ չաշխատել չէ: Իհարկե, ընդունում եմ՝ բացակայելը վատ է, բայց համաճարակային այս իրավիճակում գոնե օբյեկտիվ ու սուբյկտիվ պատճառներով ստիպված եմ մի փոքր ավելի զգույշ լինել, քան մյուսները (առողջական խնդիրներով պայմանավորված): Հնարավորինս մասնակցում եմ խմբակցության նիստերին եւ քննարկումներին նաեւ օնլայն տարբերակովե: Իսկ, ահա, ,Իմ քայլըե խմբակցության մեկ այլ անդամ Ռուբեն Հայրապետյանը, որը նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է եղել, նշեց. ,Բացակայությունների մեծ մասը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում աշխատելու շրջանում է եղել, որ ֆիզիկապես չէի հասցնում եւ մի պահ նույնիսկ որոշել էի այդ պատճառով դուրս գալ ավագանուց:  Ի դեպ, հատուկ այդ նպատակով նաեւ հրաժարվել եմ փոխհատուցումիցե, – նշեց նա:

Այստեղ նկատենք, որ ավագանու անդամների աշխատանքն, այսպես ասած, չի վարձատրվում, հասարակական է, սակայն նրանց տրվում է ծախսերի փոխհատուցման համար գումար՝ նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն՝ 68 հազար դրամ: Ստացվում է՝ Ռուբեն Հայրապետյանն այդ փոխհատուցումից հրաժարվել է: Նախ նշենք, որ ավագանու անդամների փոխհատուցման կարգը սահմանված է ,Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքով: Հոդված 21-ը սահմանում է. ,Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ եւ ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափովե:

Իսկ, ահա, 20-րդ հոդվածի համաձայն՝  ,Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսիցե: Նկատենք, սակայն, որ դեռ մինչ այս պահն ավագանու անդամի լիազորության դադարեցման հարց չի քննարկվել, քանի որ կան բացականեր, որոնք հարգելի են:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՈՉ

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ ԱԺ ամբիոնից համախմբվածության կոչ է արել բոլորին՝ երկրում առկա համավարակով պայամանավորված: Այստեղ խրամատից, պատերազմական իրավիճակից, խուճապից շատ խոսեցինք: Ես իմ քաղաքական գործունեությունը վերլուծել եմ պատերազմական ժամանակաշրջանի հետ: Այսօր ուզում եմ ասել, որ ԱԺ-ն ոնց որ մեր ՀՀ Գենշտաբը լինի, որովհետեւ այստեղ ամենահասանելի տեղն է, որ մարդիկ միանգամից լսում ենե,-ասել է նա: Պատգամավորը հորդորել է խուճապի չմատնվել. ,Կա պրոբլեմ, կա երկրում ստեղծված իրավիճակ, պատերազմական ժամանակաշրջանում ինչքան է պլանավորած հարձակում լինի, մեկ է, իրավիճակի դեպքում հրամանատարն է որոշում, թե որ ուղղությամբ գնան: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմիե: Պատգամավորն ասաց, որ գուցե նախարարությունն ու կառավարությունն այդ հարցում ունեցել են թերացումներ, սակայն վայրկյան առ վայրկյան իրավիճակ է փոխվում, եւ պետք է համախմբվածություն ցուցաբերել:

 

 

ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՆ ՓԱԿՎԵՑ

24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը: Մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ այլ խնդիրներ. ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած այս ու այլ խախտումների հիմքով, պարետի որոշմամբ, 24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու հայտնի շուկայի՝ ,Վաղարշ եւ Որդիներ Կոնցեռնե ՍՊԸ-ի գործունեությունը։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ կասեցվել էր շուկայի առանձին տաղավարների գործունությունը, այս անգամ՝ շուկան ամբողջությամբ։

 

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

 

 

ՑԱՆԿԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Կառավարության երեկվա նիստում որոշում կայացրեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառմանը վերաբերող որոշման մեջ փոփոխություն կատարել եւ աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացնել 9-ով, որի արդյունքում ցանկում կլինի 32 ոլորտ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը թվարկեց այդ ոլորտները.

,1) մանածագործական արտադրատեսակների արտադրություն,

2) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից,

3) թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն,

4) ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն,

5) համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն,

6) էլեկտրական սարքավորանքի արտադրություն,

7) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն,

8) համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում,

9) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Փոխնախարարը նշեց, որ այս փոփոխության արդյունքում կծածկեն եւս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում են 9171 աշխատակից: Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր մոտ երկու ժամ քննիչներն Ազգային ժողովում հարցաքննել են ԱԺ ,Լուսավոր Հայաստանե խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի քաղաքացի եւ սպառնալիքներ հնչեցնում Մարուքյանի հասցեին: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարուքյանը փորձել է կապ հաստատել քաղաքացու հետ՝ հասկանալու համար, թե որն է խնդիրը, եւ ինչու է քաղաքացին սպառնում պատգամավորին: Պարզվել է՝ քաղաքացին պահանջում է, որպեսզի Մարուքյանը որեւէ ելույթ չունենա եւ ընդդիմադիր խոսք չհնչեցնի ԱԺ ամբիոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ նույն քաղաքացին սպառնալիքներով լի նամակ է ուղարկել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: Եվ, ահա, հասկանալով, որ ի վիճակի չեն հարցին լուծում տալ, նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որից հետո էլ քրեական գործ է հարուցվել, եւ արդեն այսօր քննիչները հարցաքննել են Մարուքյանին:

 

 

 

 




Լրահոս