ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԴՈՒ ԵՍ, ԱՅԼԵՎ ԵՍ ԵՄ ՈՒ ՄԵՆՔ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախությունն արդեն 20 տարեկան է: «Մենք դեռ շատ երիտասարդ ենք», ինչպես նշում են շատերը, ու դեռ կայացման մեծ ճանապարհ ունենք անցնելու: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցներն են արվեստի բնագավառի այն ներկայացուցիչները, որոնք ապրել են խորհրդային տարիներին եւ հիմա ապրում են անկախ Հայաստանում: ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ, դերասան, հումորիստ-Հիշում եմ այն տարին, երբ ընդունվեց անկախությունը: Բոլորիս համար էլ դա աննկարագրելի զգացողություն ու մեծ ուրախություն էր: Դա համայն հայության տոնն է: Անկախության տոնին միշտ հրավիրված եմ լինում որեւէ միջոցառման, տանն էլ անպայման նշում ենք: Դա մեծ իրադարձություն է յուրաքանչյուր հայի համար: Ո՞նց չնշենք: Բաժակով կենաց ենք բարձրացնում, չնայած ես խմող չեմ, բայց չխկացնում ու նշում ենք մեր տոնը, մեր ազգային տոնը:Նոր սերնդին էլ կասեմ, որ իրենք շատ բախտավոր են, քանի որ անկախ Հայաստանում են ապրում եւ մեր վաղվա հույսն ու լույսն են: Կցանկանայի, որ իրենք իսկապես զգան այս տոնի դերն ու նշանակությունը, ապրեն ուրախ, երջանիկ ու անհոգ կյանքով: Թող մեր ժողովրդին Աստված միշտ ուրախ պահի, տոների մեջ պահի, լինեն հարուստ ու երջանիկ:ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ, դերասան-Ես 32 տարեկան էի: Այդպիսի զգացողություն երբեւէ չէի ունեցել: Կատարվեց հայերի դարավոր երազանքը: Շատերը չէին հասկանում, թե այդ անկախությունն ինչ է: Անկեղծ եմ ասում` շատ եմ սիրում մեր դրոշը, հիմնը: Երդվում եմ, ես այս երկրի խենթ սիրահարն եմ: Ինձ համար դժվար է մտածել, որ կարող եմ ապրել ուրիշ երկրում: Թող այս երկիրը կայանա, հզորանա, որ մեր երեխաներն ապրեն ավելի ապահով ու բարեկեցիկ երկրում: Ես դեռ այն ժամանակ էի ասում` մինչ այս ամենը կատարյալ դառնա, մեզ շատ ժամանակ է պետք: Հո միանգամից ամեն ինչ չե՞նք ունենալու: 20 տարին քիչ է, մի 30 էլ պետք է, որ նոր սերունդ, նոր մարդիկ գան: Երիտասարդնե՛ր, դո՛ւք կառուցեք, դո՛ւք ստեղծեք ու դո՛ւք էլ վայելեք: Այն լավատեսությունը, որ իմ մեջ կա, ուզում եմ շատերը վարակվեն դրանով: Մենք հո չե՞նք կարող թաքցնել, որ այսօր այն նույն Երեւանն է, ինչ ռեվոլյուցիայից հետո, ինչքան սիրուն շենքեր կան հիմա: Ուղղակի մենք մի քիչ չար ենք. Հյուսիսային պողոտա ենք սարքում, հետո էլ ասում. «Էս ի՞նչ է, հինն ավելի լավն էր»: Հինը կավի տներ չէի՞ն:Ես մեր ազգին ցանկանում եմ համբերություն, լավատեսություն եւ ապագայի հանդեպ հավատ: ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ, ԵՐԱԺԻՇՏ-Ամենակարեւորը, որ մեր երկիրն ազատ է: Մենք դեռ 20 տարեկան շատ փոքրիկ երեխա ենք, շատ ունենք սովորելու, մեծանալու, կառուցելու, ամրապնդվելու: Մեզ ժամանակ եւ իրենց երկիրը սիրող մարդիկ են պետք: Հայաստանի անկախությունը ոչ միայն այստեղ բնակվող հայերի տոնն է, այլ ամբողջ աշխարհում ապրող հայերի: Ես երջանիկ եմ, որ 2 դարում էլ ապրել ու ապրում եմ եւ որ տեսա այս անկախ Հայաստանը: Սովետի ժամանակ միգուցե ինտելիգենցիան մեծ էր, բայց ազատություն չկար, մարդուն շատ բաներ էին արգելում: Սովետական Միության լավ բանը կրթությունն էր, ինքս լավ ուսում եմ ստացել եւ համարում եմ այն ավելի բարձր մակարդակի, քան այսօր: Երեւի այն ժամանակ կոմպյուտեր չկար, մենք գիրք էինք կարդում, հիմա կոմպյուտերով էլ գիրք չեն կարդում: Արժեքների փոփոխություն է կատարվել, ապրելաձեւի հեշտ ճանապարհն է գտնվել: Այն ժամանակ մենք պայքարում էինք ինչ-որ բանի հասնելու համար, այսօր եթե փող ունես, հեշտությամբ հասնում ես: Այս ամենի հետ մեկտեղ` ես լավատես եմ: Անշուշտ, շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալից տոնի կապակցությամբ եւ ցանկանում մի բան. թող Հայաստանի սահմաններն ավելի մեծանան, ոչ թե ընդհակառակը:    ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս