ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ է՝ ինչ մի քանի բարձր պաշտոններ թափուր են մնացել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես չի էլ շտապում նոր նշանակումներ անել: Արդեն մեկ ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մնացել է առանց ղեկավարի: Մայիսի 5-ին այդ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Էրիկ Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ խախտվել են նոր նախարար ներկայացնելու ժամկետները։ Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության անդամի փոփոխության դեպքում վարչապետը պետք է ներկայացնի կառավարության նոր անդամի թեկնածու։ Իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «եթե կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում»: Եվ ինչպես արդեն նշեցինք, Էրիկ Գրիգորյանի դիմումից հետո անցել է մեկ ամիս  ժամանակ, սակայն նոր նշանակում այդպես էլ չի արվել։ Մայիսի 14-ին հրաժարական էր ներկայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որի տեղը եւս թափուր է. նրա դիմումը դեռ չի էլ հաստատվել, գործընթացն առկախված է: Դե իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնն արդեն չորս ամիս է՝ ինչ թափուր է: Կոմիտեի ներսում աշխատողները նոր ղեկավար ունենալու հույս անգամ չունեն: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց` երբ կարող են նշանակումներ լինել: Ի պատասխան՝ Մանե Գեւորգյանը ժամկետներ չնշեց՝ ասելով, թե որոշումների դեպքում կտեղեկացնեն այդ մասին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայանն եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։ Մեզ հայտնի դարձավ, որ հիմնական պատասխանողը Ալեքսանդր Եսայանն է եղել, ով տարիներ շարունակ եղել է Խաչատրյանների գործերի առանցքային կառավարիչը։ Ալեքսանդր Եսայանն է որպես գործող անձ ձեւակերպել ու իրականացրել թվայնացման վերաբերյալ պետական մրցույթների մասնակցությունն ու ապահովել է դրանց իրականացումը ծրագրավորման մի ընկերության միջոցով, որտեղ 50% բաժնետերը Եսայաններն են, ու 50%-ը՝ Խաչատրյանները։ Հատկանշական է, որ քննիչներին հատկապես հետաքրքրել է Եսայանների կարողության ծագումը, քանի որ եղբայրները հանդիսանում են սեփականատեր կամ համասեփականատերեր մի շարք տնտեսվարողների, այդ թվում նաեւ սրճարաններ ու ալկոկոլային խմիչքներ, բիզնես կենտրոն, ծրագրավորման ընկերություն եւ այլն։ Մեր աղբյուրները չբացառեցին, որ Եսայաններին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելուն մասնակցելու ու պետական միջոցների վատնմանբ ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու համար։ Հարցաքննության իսկության վերաբերյալ կդիմենք ԱԱԾ եւ ստանալուն պես կհրապարակենք պաշտոնական պատասխանը:

 

 

 

Տեւական ժամանակ է՝ դատական համակարգում շարունակվում են քննարկումները դատավորների շրջանում վեթթինգ անել-չանելու հարցի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում վեթթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն: Մասնավորապես, կան դատավորներ, որոնք առողջական խնդիրներ ունեն եւ ցանկանում են համակարգից դուրս գալ, սակայն չեն դիմում այդ քայլին եւ իրենց գրծընկերների մոտ մեկնաբանում են, թե պատճառը վեթթինգի շուրջ տիրող իրավիճակն է եւ այն անհասկացվածությունը, որն առկա է գործընթացի շուրջ: Նրանք նաեւ մեկնաբանում են, թե այս պահին աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կարող է այլ կերպ ընկալվել` որպես նահանջ կամ վախ: Դրա համար էլ, մեր տեղեկություններով, չնայած շատ դատավորներ վատառողջ են, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել եւ սպասել, թե երբ, ի վերջո, հստակություն տեղի կունենա վեթթինգի գործընթացում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները, բնականաբար, նվազել են: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այդ թիվը կազմել 139 հազար 619: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է 12 տոկոս անկում. 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 158 հազար 672: Սա, իհարկե, վատ ցուցանիշ է: Պատճառը կորոնավիրուսն է, որի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝  տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներ բացասական են ազդել նաեւ Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտի վրա: Հիշեցնենք, որ անգամ երկրների միջեւ թռիչքներն են դադարեցվել, եւ դա ազդել է նաեւ արտագնա զբոսաշրջության վրա: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանողների թիվը զգալի պակասել է: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս դեպքում անկումը կազմել է 14.6 տոկոս, այսինքն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ ժամանել են 311 հազար 264 ուղեւոր, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ժամանողները կազմել են 364 հազար 489:

 




Լրահոս