ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔԵՐԻ ԱՃԸ՝ ՃՆՇՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Զինված ուժերում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար անհրաժեշտ քայլերին:

 

«Նոր կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրավիճակը Զինված ուժերում, ըստ պատասխանատուների, վերահսկելի է: Կարծում եմ՝ այս լավատեսական գնահատականն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Զինված ուժերում կառանտինային ռեժիմ էր դեռեւս հունվար-փետրվար ամիսներից, երբ նոր կորոնավիրուսից առաջ սեզոնային տարբեր հիվանդությունների ակտիվություն կար:

Նման դեպքերում, Զինված ուժերում իրականացվող կանխարգելիչ եւ վարակի տարածման միջոցառումներն առավել խիստ բնույթի են լինում, ամեն դեպքում զինվորական կարգապահությունը իրենն ասում է, եւ, բնականաբար, պաշտպանական գերատեսչությունը նման դեպքերում շատ ավելի շահեկան դիրքերում է լինում:

Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը ցանկացած պարագայում ճնշում է Զինված ուժերի համար, որովհետեւ թվաքանակի ու ծառայության բերումով շարժերը շատ են՝ զորավարժություններ, մարտական պատրաստության պլանով նախատեսված պարապմունքներ, մարտական հերթապահություն եւ այլն. այս իրավիճակում լրացուցիչ միջոցառումներ անելու անհրաժեշտությունը միշտ էլ ավելորդ չէ:  Մի փոքր հեռվից եկա, բայց այսօրվա ասելիքս ավելի շատ զորակոչի եւ զորացրման կազմակերպմանն է վերաբերում: Պաշտպանության նախարարության տարբեր պատասխանատուներ արդեն տեղեկացրել են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ զորակոչի կազմակերպման առումով փոփոխություններ են լինելու: Ակնհայտ է, որ կազմակերպչական առումով այս անգամ տարվող աշխատանքների ծավալն էականորեն աճելու է: Հակահամաճարակային առումով ցանկացած սայթաքում կարող է ծանր վնաս հասցնել Զինված ուժերին, եւ այս իրավիճակում հուլիս-օգոստոս ամիսներին Զինված ուժերի համար անչափ զգայուն ժամանակահատված է լինելու:

Չկասկածելով պաշտպանական գերատեսչության կազմակերպչական աշխատանքների արդյունավետությանը՝ այնուամենայնիվ, կարծում եմ, որ պարետատունն այս փուլում եւս պետք է լրացուցիչ աշխատանքներ տանի՝ աջակցելու զորակոչի գործընթացը առավելագույնս առանց խնդիրների կազմակերպելու եւ երկրում տարվող հակահամաճարակային գործընթացի տրամաբանության մեջ կազմակերպելու հարցում:

Ճիշտ է՝ պարետատան մի շարք քայլեր հանրային ընկալման առումով այդպես էլ մնացին չհասկացված, իսկ օպերատիվության առումով՝ ակնհայտ դանդաղ, սակայն ուզենք, թե չուզենք, երկրում այս խնդրի համակարգմամբ պարետատունն է զբաղվում, եւ նա պարտավոր է լուրջ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը Զինված ուժերում կանխելու ուղղությամբ:

Հասկանալի է, որ պարետատան աշխատանքը հիմա էլ բավականին լարված է, իրավիճակից ու դրա վատատեսական դինամիկայով պայմանավորված՝ առավել ծանր կլինի հուլիս-օգոստոս ամիսներին, սակայն կրկնում եմ՝ զորակոչի գործընթացում սայթաքելու իրավունք չունենք: Պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի նոր կորոնավիրուսով վարակված որեւէ քաղաքացի չհայտնվի զորամասում. համատարած թեստավորում, կարանտին, զորանոցային ռեժիմ եւ այլն, կարեւոր չէ այս խնդրի վրա ծախսվող գումարների մեծությունը, կարեւոր է, որ հակահամաճարակային իրավիճակը Զինված ուժերում մնա վերահսկելի, ինչպես այս պահին է: Մյուս կողմից Հայաստանում 11,000 եւ ավել դեպք է գրանցված, իսկ հուլիսի-օգոստոսին թվերն էականորեն շատ կլինեն. հասկանալի է, որ դժվար կլինի խուսափել մեկ այլ խնդրից:

Կլինեն քաղաքացիներ, որոնք զորակոչի ժամանակահատվածում կարող են վարակված լինել կորոնավիրուսով, եւ դա ժամանակային առումով կհետաձգի նրանց՝ անհրաժեշտ բժշկական ընթացակարգերն անցնելու, զինկոմիսարիատ կամ հավաքակայան այցելելու՝ նախապես սահմանված ժամկետը: Անկախ նրանից, որ դա կարող է լրացուցիչ անհարմարություններ առաջացնել ընդհանուր աշխատանքում, ճիշտ ու կազմակերպված աշխատանքի դեպքում այդ խնդիրը եւս շտկվող է:

Չեմ կարծում, թե մեծ վտանգներ ունենք զորացրման գործընթացը կազմակերպելու առումով, սակայն զուտ քննարկման համար, միգուցե, նպատակահարմար կլիներ մեր ապահովության համար նախապես պահեստազորի սահմանափակ հավաք անել, կամ զուտ կամավորության հիմունքներով քաղաքացիների խմբեր նախապատրաստեինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կտեղափոխվեին սահմանագծի այն հատված, որտեղ համալրման, մարտական հերթապահությունն առավել արդյունավետ իրականացման, ինչու չէ, ինժիներական աշխատանքներին մասնակցելու խնդիր կլուծեին: Վարձատրության մասը շատ չեմ կարեւորում, բայց կարելի էր նաեւ խորհրդանշական գումարներ մտածել կամ, ինչու չէ, պայմանագրային զինծառայողների դրույքաչափ սահմանել՝ ավելացնելով մարտական հերթապահության համար նախտեսված լրացուցիչ գումարները:

Զինված ուժերի բնականոն ծառայությունն ապահովելուն ուղղված գործընթացներն առավել քան երբեւէ պետք է լինեն առաջնահերթ, քանի որ դրանք ուղիղ կապ ունեն ինչպես բանակի մարտունակության, այնպես էլ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման տեսանկյունից»:

 

 

71 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՎԱՐԿԵՐ

Հայաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի ֆոնին պետական աջակցության շրջանակներում 71 միլիարդ դրամի վարկերի տրամադրում են ապահովել: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը: Ըստ նրա՝ երեք պետական ծրագրերի շնորհիվ բանկային հատվածի միջոցով ավելի քան 71 միլիարդ դրամի վարկային միջոցներ է ներգրավվել երկրի տնտեսության մեջ: «Միջոցների մի մասը հատկացվել է գյուղատնտեսությանը, մյուս մասը՝ փոքր եւ միջին բիզնեսին»,- պարզաբանել է Ջավադյանը:

Բացի այդ, գումարի մի մասը հատկացվել է աշխատավարձերի եւ հարկերի վճարման համար: Կենտրոնական բանկի ղեկավարը նաեւ նշել է, որ, ընդհանուր առմամբ, անցած տարի աճել են գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի եւ կապի ոլորտներին ուղղված վարկերի ծավալները: Ընդ որում, աճել է նաեւ սպառողական վարկերի ծավալը՝ հասնելով 934 միլիարդ դրամի:

 

 

ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է 30 ԱՆՁ

Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ:  Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ  7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու , իսկ մեկը՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:

Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել են, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, եւ հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:

 

 

ԲԿ-Ի 8 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ

Աժ պատգամավոր Նաիրա Զորհաբյանը խորհրդարանում հայտարարեց, որ իրեն  են դիմել Նոյեմբերյանի հիվանդանոցից, որ այնտեղ թեստեր չեն անում, բոլոր աշխատողները վարակված են, տաքությունով գնում  են առաջնային օգնություն ցույց տալու։ Հետո Ն. Զոհրաբյանն գրեց, որ իրեն դիմած տիկինը եւ Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները  սկսել են հարցազրույցներ տալ, որ թեպետ խնդիրներ կան, սակայն հայրենի կառավարությունն իրենց համար ամեն ինչ անում է:  Բժիշկների այս մտքափոխ լինելը զայրացրել է պատգամավորին։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 66 բուժաշխատող՝ շտապ օգնության, ընդունարանի, լաբորատորիայի եւ այլ ծառայությունների աշխատակիցներ, կորոնավիրուսի թեստեր են հանձնել, բացահայտվել է կորոնավիրուսով 8 վարակակիր, Նոյեմբերյանի ԲԿ-ում անցկացված թեստերի մի մասի պատասխանները կստացվեն հունիսի 5-ին։ ԲԿ-ի տնօրենն ասաց, որ հաջորդ շաբաթ բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները կորոնավիրուսի թեստ կհանձնեն։ Նա ժխտեց, որ իրենց աշխատակիցները  բարձր տաքությամբ  մեկնում են առաջնային բուժօգնություն ցուցաբերելու՝ ասելով, որ բժշկական կենտրոնում տեսախցիկների առկայությամբ  բուժաշխատողներն ամեն օր ջերմաչափվում են։  Նոյեմբերյանի ԲԿ փոխտնօրեն Հայկանուշ Բեգլարյանը ֆեյսբուքում դիմել է Նաիրա Զոհրաբյանին՝ գրելով: «Տիկի՛ն Զոհրաբյան, կարդացի Ձեր գրառումը, որտեղ Դուք նշում եք, որ այդ մի քանի բժիշկները իրենց մի կտոր հացի համար հրաժարվել են իրենց տված ինֆորմացիայից, մենք նույնպես ամաչում ենք իրենց փոխարեն եւ  խնդրում ենք ԱԺ ամբիոնից բարձրաձայնել իրենց անունները, քանի որ նմուշառման կամ տեստավորման ուղեգրումները կատարվում են նաեւ  էլեկտրոնային եղանակով, եւ այնտեղ պարզ երեւում է, որ ԲԿ-ից տեստավորվել է արդեն իսկ աշխատողների 50%-ը: Եվ, այո, բուժաշխատողների մեծամասնությունը հերոսական աշխատանք է կատարում փետրվար ամսից, քանի որ սպասարկել ենք նաեւ  Բագրատաշենի անցակետը եւ որի համար շնորհակալ ենք այդ բուժաշխատողներին, ովքեր  դրա դիմաց ստացել են կրկնապատիկ հավելավճար, իսկ այն բժիշկները, ովքեր Ձեզ են դիմել, հավանաբար դրանք այն մի քանիսն են, ովքեր այս օրերին հավանաբար հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել կովիդով կասկածելի հիվանդներին: Սպասում ենք Աժ ամբիոնից Ձեր արձագանքին: Ցանկության դեպքում կարող եք այցելել Նոյեմբերյանի ԲԿ եւ  ծանոթանալ Նոյեմբերյանի ԲԿ-ի աշխատանքներին»: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ ներկայումս Տավուշի մարզում կորոնավիրուսով հիվանդ է 260 անձ, 11 անձ  գտնվում է ստացիոնար բուժման մեջ, վարակվածների թվի աճը կայուն է՝ օրական միջինը  10 հոգի։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ Նոյեմբերյան քաղաքում կորոնավիրուսով հիվանդացած մի ընտանիքի տարեց անդամը՝ 85-ամյա տղամարդը, Երեւանի բուժհիմնարկում մահացել է կորոնավիրուսից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս