Լուսանկարն արվել է Տավուշի մարզում
Երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ՌԴ քաղաքացի 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։ Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները։ Ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով, եւ կողաշրջման հետեւանքով այն ամբողջովին թափվել է։
Լուսանկարը` shamshyan.com-ի
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ առեւտրի իրականացման վայրի կազմակերպումը լիցենզավորման ենթակա է արդյոք: Եթե այո, ապա խնդրում եմ ասել՝ որքան է կազմում պետական տուրքի գումարը:
Գնել Սահակյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով,
մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով,
Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաեւ տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` պարտավոր է արդյոք բանկը կամ վարկային կազմակերպությունը վարկառուին հիշեցնել վարկի մարման օրվա մասին. որոշ բանկեր ունեն նման պարտավորություն, որոշ բանկեր՝ ոչ:
Արտյոմ Հարությունյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված Կանոնակարգ 8/05-ի 35-րդ կետի համաձայն՝ վարկի մարման օրվանից առնվազն 1 օր առաջ ֆինանսական կազմակերպությունը (բանկը, վարկային կազմակերպությունը, գրավատունը) պարտավոր է վարկառուին հայտնել վարկը մարելու պարտավորության առկայության մասին, իսկ եթե վարկառուն պատշաճ չի կատարել իր պարտականությունները կամ ընդհանրապես չի կատարել, ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է հայտնել այդ մասին «ԱՔՌԱ» վարկային բյուրոյին կամ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին։
Ֆինանսական կազմակերպությունը վարկառուին տեղեկությունը տրամադրում է անվճար հիմունքներով կարճ հաղորդագրության (sms) եւ (կամ) էլեկտրոնային հաղորդագրության եղանակով։ Վերջինս վարկառուն ինքը հնարավորություն ունի ընտրելու։
Հիշեցնենք, որ, անկախ այն հանգամանքից, թե ֆինանսական կազմակերպությունը կատարել է իր պարտավորությունը (վարկառուին հիշեցրել է վարկի մարման օրվա մասին), թե ոչ, վարկառուն պարտավոր է սահմանված ժամկետներում մարել վարկը։
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը ներկայացված է, մնում է բոլոր կողմերը դրսեւորեն բարեխղճություն եւ գործեն իրենց պատկանությունների կատարման ճշգրիտ շրջանակներում: