ՖԻՐԴՈՒՍԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿԸ ՓԼԱՏԱԿԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 13-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի եւ Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում հասարակական հետաքրքրություն ներկայացնող Երեւանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի քննարկումն է: Ընդ որում, արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կողմեր։

 

Հունիսի 11-ին քաղաքացիական ակտիվիստներին հաջողվեց կասեցնել Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում գտնվող 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։ Շինությունն արդեն իսկ կիսաքանդ վիճակում է, սակայն կանգուն է աղյուսե ֆասադը։ Եվ, ահա, երեկվա ահազանգերից հետո որոշվել է արտահերթ նիստ հրավիրել պատասխանատուների հետ:

Նկատենք, որ կառավարության որոշմամբ տարածքի իրացման իրավունք է տրվել 18 տարբեր կազմակերպությունների: Այդ ընկերությունները, սակայն, իրար հետ կապված են: Նրանցից մեկը «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է, մնացյալ 17-ը՝ Արեւմտյան Հայաստանի տեղանուններ պարունակող ընկերություններ են: 33-րդ թաղամաս կոչվող այս տարածքը կամ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2008 թվականի նոյեմբերին, վերջին անգամ՝ 2018 թվականի մարտի 22-ին: Ըստ այդ որոշման՝ միայն մի քանի շենք` հիմնականում փողոցների վրա գտնվողներն ունեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, իսկ թաղամասի ներսում գտնվող 19-րդ դարի կառույցները, չնայած իրենց մեկդարյա պատմությանը, մինչ օրս տեղ չեն գտել պատմամշակութային հուշարձանների ցանկում։

«Կառավարության վերը նշված որոշմամբ՝ ձեռք բերող ճանաչված կազմակերպությունները պարտավորվել են քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռք բերել որոշմամբ տարածքում ընդգրկված գույքային միավորները, ինչպես նաեւ կենսագործել քաղաքաշինական ծրագիրը, որի իրականացման համար ներդրվել է մոտ 70 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ»,- հայտնել էր Երեւանի քաղաքապետարանը։

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այդ տարածքի օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2023թ. հունվարի 1-ը: Զուգահեռ նաեւ ընկերությունների  կողմից իրականացվում են նախագծային աշխատանքներ:

«Ներկայումս դեռեւս չօտարված անշարժ գույքերի սեփականատերերի հետ ընթանում է բանակցային գործընթաց, եւ, ըստ ձեռք բերողների հավաստիության, մինչեւ սեփականության օտարման գործընթաց սկսելու վերջնաժամկետը ձեռք կբերվի ՀՀ կառավարության՝ 22.03.2018թ. 332-Ն որոշման հավելվածում ընդգրկված եւ դեռեւս չօտարված անշարժ գույքը»,- հայտնել է քաղաքապետարանը:

Վկայակոչած որոշմամբ՝ նոր հուշարձան-շենքեր էին ներառվել գերակա շահ ճանաչված տարածքում, որոնք նախորդ՝ 2007-ի որոշմամբ դուրս էին մնացել կառուցապատումից։ Մասնավորապես, Տիգրան Մեծ 1 հասցեի հուշարձան-շենքն ընդգրկվել էր նախագծում, սակայն շենքի սեփականատերերը շարունակում են պայքարել իրենց սեփականության իրավունքի համար եւ չեն ցանկանում հանձնել շենքը նոր սեփականատերերի, մանավանդ որ այն ներառված է ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի 1616-ն որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հավելենք, որ պետության կարիքների համար գերակա շահ ճանաչված տարածքը 2007-ին օտարվեց մի ընկերության, որը խոստացել էր այդ նույն տարածքում բազմաբնակարան շենք կառուցել եւ տարածքի բնակիչներին բնակարաններ հատկացնել: Սակայն բոլոր խոստումները, այդ թվում՝ կառավարության որոշման մեջ նշված հիմնավորումները, կյանքի չեն կոչվել, ինչի հետեւանքով «Ֆիրդուս»-ի հարակից տարածքում նախկինում եւ այժմ էլ դեռ ապրող բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում:

Ն.Հ.

 

 

ԲԻԹՔՈԻՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ

Պաշտոնյաներն իրենց 2019 թվականի տարեկան հայտարարագիրն արդեն ներկայացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հետաքրքիր է, որ գործող իշխանությունների կազմում կան պաշտոնյաներ, որոնք բիթքոիններ ունեն:

 

Նախ նշենք, որ բիթքոինը առաջին թվային արժույթն է, որի գործունեությունը դեռ նախագծման փուլում նախատեսվում էր հիմնել ապակենտրոնացվածության սկզբունքի շահագործման վրա։ Նրա հիմնական առավելությունն այն է, որ գործարքները անանուն են եւ իրականացվում են անմիջապես առանց միջնորդների: Բիթքոինի գինը շատ փոփոխական է՝ հաշվի առնելով, որ 2013 թ սկզբին գինը մոտ 10-15$ էր եւ նույն թվականի վերջին այն հասավ 1163$-ի: Հաջորդ 18 ամիսների ընթացքում գինը իջավ 200$-ի: 2016թ. այն բավականին մեծ տարածում գտավ Չինաստանում, երբ պետական արժույթը արժեզրկվեց: Այն հասավ 1140$: Վերջնական բումը եղավ 2017թ. վերջին, երբ բիթքոինի գինը հասավ 20000$-ի: Այս պահին 1 բիքթոինի արժեքը  մոտ 9300 դոլար է:

Այսպիսով, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր հայտարարագրում ներկայացրել է 2014 թվականին նվիրատվություն ստացած ավտոտնակը՝ Կենտրոն վարչական շրջանում, որի սեփականատերն ինքն է: Ավինյանը հայտարարագրել է նաեւ 2 բիթքոին, որը այս պահին կազմում է ավելի քան 19 հզր դոլար:

Իր հայտարարագրում բիքթոին է հայտարարագրել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նախ նշենք, որ այս պահի դրությամբ նա ունի երկու տրանսպորտային միջոց, որից մեկը՝ Lexus-ը, ձեռք է բերել 2019 թվականին 19 հազար դոլարով: Նա ունի նաեւ բնակելի տուն Արաբկիր համայնքում: Եվ, ահա, պատգամավորը հայտարարագրել է նաեւ բիթքոին՝ 3400 դոլարիչափով:Պատգամավորն ArmLur.am-ից զրույցում մեկնաբանեց, թե ինչպես եւ երբ է այն ձեռք բերել: «Դեռեւս 2017 թվականից ընկերներով գնել ենք բիթքոին արտադրող սարքավորումներ: 2017-ին շատ տարածված եւ գրավիչ էր այդ ճանապարհով գումար վաստակելը: Մինչ այժմ էլ այդ սարքավորումները միացրած են եւ աշխատում են: Բիթքոինի կուրսը փոփոխական է. այս պահին 1 բիթքոինը 9300 դոլլարի սահմաններում է: Նախկինում հայտարարագիր լրացնելիս նման բաժին չկար. սա առաջին տարին է, որ նման բաժին է հայտնվել, եւ ես լրացրել եմ այն՝ այդ պահին նայելով շուկայական արժեքը  եւ վերածելով դոլարի», – նշեց պատգամավորը:

Ն.Հ.

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԱԾԻ ՄԵՋ՝ ՄՐՋՅՈՒՆՆԵՐ

Մայիս ամսին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի կարիքավոր բնակիչներին կորոնավիրուսի հետեւանքները հաղթահարելու շրջանակներում, որպես օգնություն, արկղով սննդամթերք է տրվել, որոնց մեջ  ձեթից, մակարոնից, վերմիշելից, ձավարից, բրնձից զատ եղել  են «Ալեքս  հոլդինգ» ՍՊԸ արտադրած սպիտակ շաքարավազի 1 կիլոգրամանոց փաթեթներ։ Դրանց վրա  արտադրության ժամկետը նշված է 2019թ. հուլիսը, փաթեթավորման ժամկետը՝ 2020թ. մարտը։ Շաքարավազի փակ փաթեթների մեջ շատ մրջյուններ կան։ Օգնությունը ցուցաբերել է Կարմիր խաչի հայկական ընկերությունը, սննդամթերքի արկղի վրա գրված է՝ Արա Աբրահամյանի հիմնադրամ։ Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչն ասաց, որ իր ընտանիքը մրջյուններով լի շաքարավազը չի օգտագործելու։

 

 

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՍԵՅՖԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 2,8ՄԼՆ ԴՐԱՄ

Իջեւան քաղաքի բնակիչներ, 1993թ. ծնված Նարեկ Չապուխյանին եւ  1985թ. ծնված Թաթուլ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2019թ. հունիսի 16-ին՝ ժամը 03.10-ի սահմաններում, գնացել են Իջեւան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Արսեն Հարությունյանին պատկանող «Բազե» սուպերմարկետի տարածք, բարձրացել տանիքի վրա, կատարել դերերի բաշխում, այնուհետեւ նախապես իրենց հետ վերցրած պարանի եզրը Նարեկ Չապուխյանը կապել է իր գոտկատեղից, իսկ Թաթուլ Պողոսյանը, մյուս եզրից կախված իջնելով սուպերմարկետի երկրորդ հարկի լուսամուտի մոտ, այն հրել-բացելու միջոցով մուտք է գործել պահեստարան հանդիսացող սուպերմարկետի տարածք, որտեղ համակարգիչների սեղանի դարակի մեջ դրված բանալին վերցնելով՝ բացել է չհրկիզվող պահարանի դուռը, այնտեղից վերցրել  2 միլիոն 800 հազար դրամ, այն փոխանցել Նարեկ  Չապուխյանին եւ նույն  լուսամուտով դուրս եկել։ Նարեկ Չապուխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով («Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան  կամ շինություն ապօրինի մուտք գործելով»), Թաթուլ Պողոսյանին մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  մեկնարկելու է հունիսի 15-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս