Առաջին հերթին կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից: Այս մասին պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է ֆինանսական եւ մասնագիտական օգնություն խնդրել միջազգային գործընկերներից։
«Կրել ճիշտ դիմակը, ախտահանել պարբերաբար ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորությունը, ընդհատակյա հարսանիքներ չանել, որովհետեւ էդ ընդհատակյա հարսանիքները կարող են դառնալ ընտանեկան ողբերգություն», – նշեց վարչապետը:
Գործադիրի ղեկավարը նաեւ ակնարկեց՝ առայժմ միջազգային օգնության կարիք չկա՝ հիմնավորելով՝ եթե այս շաբաթվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսի վարակման թվերը պահպանվեն, հայաստանյան առողջապահական համակարգը պատրաստ է կրելու այդ բեռը։ Փաշինյանը հայտարարեց, որ կան աջակցության պատրաստակամություն հայտնած բարեկամական երկրներ, ընդգծեց՝ կարեւոր է չմերժել այդ բարեկամական ժեստերը։
Իսկ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առողջապահության նախարարության կողմից դիմում է ներկայացվել միջազգային գործընկերներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ փոխաջակցության հարցերով: Առողջապահության նախարարությունից էլ հաստատում են՝ դիմումն ուղարկել են իրենց կողմից կատարված կարիքների գնահատման հիման վրա:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ միջազգային գործընկերներին դիմում են ըստ կարիքի ու անհրաժեշտության:
«Մենք արդեն ներկայացրել ենք, թե այս ժամանակահատվածում որքան պատրաստակամություն է հայտնվել աջակցության համար։ Եվ սա այս ժամանակահատվածում համերաշխության կարեւոր արտահայտումներից մեկն է, որ մենք բոլորս միասին բոլորիս օգնում ենք։ Երբ մենք տարհանման հարցեր էինք լուծում, միմյանց օգնում էինք։ Սա շատ էական բան է», – հավելեց նախարարը:
Թե քանի երկիր է պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանին, Մնացականյանը հստակ թիվ չնշեց, միայն հայտնեց, որ պատրաստակամություն հայտնողների երկար ցանկ կա, դրանում ոչ միայն երկրներ են, այլև միջազգային կազմակերպություններ։ «Այստեղ հիմնվում ենք հետեւյալի վրա՝ ինչ է անհրաժեշտ մեզ համար, ինչն ենք մենք անում մեր ներուժով, եւ ինչպես ենք օգտագործում միջազգային համագործակցությունը, որպեսզի առավել համալրենք մեր ներուժը։ Շատ նորմալ, բնականոն բան է», – նշեց Մնացականյանը:
Հայաստանին օգնելու հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել Լիտվան։ Բալթյան երկրի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Թվիթերում էր գրել այդ մասին. «Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ եւ փորձագետներ ուղարկել՝ Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար»։ Լիտվացի պաշտոնյան թվիթը հայերեն նախադասությամբ էր ավարտել. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»:
Հայաստանին նաեւ Վրաստանն է պատրաստ օգնելու։ Այդ մասին էլ հարեւան երկրի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին է հայտարարել։ «Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարեւաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարեւոր է», – ասել է Գախարիան:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ առաջին հերթին իրենք պատրաստվում են բժշկական անձնակազմ գործուղել Հայաստան։
Ն.Պ.
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություն է արվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգում։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հավակնորդին բուհում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, եթե նախընտրած մասնագիտության գծով ՀՀ կառավարության որոշմամբ հեռակա ուսուցման կրթության ձեւը նախատեսված չէ։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են նաեւ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնականհաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների։
ՄԻՊ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին եւ մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ «Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,- ասված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԳՄԲԵԹԸ
Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը. ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։ Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի եւ կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։
11 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ Է
2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները 245.6 միլիարդ դրամ են վճարել, ինչը 24 միլիարդ դրամ կամ 11 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետականբյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:
Ըստ նրա՝ աճը հավասարաչափ բաշխվել է բոլոր սուբյեկտների միջեւ: «Այսինքն՝ ցուցակի 100-րդ ընկերությունն այս տարի 13 տոկոսով ավել է հարկ վճարել, քան այն ընկերությունը, որը 100-րդ տեղում էր նախորդ տարի: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, ապա մարտին ընկերությունն հարկային պարտավորություններ է ունեցել, որոնց վճարումները պղնձի գների անկմամբ պայմանավորված ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվել են: Այսօրվա դրությամբ բոլոր պարտավորությունները կատարվել են, եւ մինչեւ 2020 թվականի առաջին կիսամյակի ավարտն ընկերությունը կվերադառնա երկրի խոշոր հարկատուների առաջին հնգյակ կամ գուցե նույնիսկ առաջին եռյակ»,- ասել է Ա. Հակոբյանը:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Քննարկումները շարունակվում են՝ ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերին: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Այն հարցին, թե արդյոք արդեն մեկ անգամ աջակցություն ստացածներին նորից աջակցելու ծրագրեր կան, մասնավորապես, «Գլորիայի» աշխատակիցները երկրորդ անգամ են զրկվել աշխատանքից, նախարարը պատասխանել է. «Ելնելով իրավիճակից՝ այդ աջակցության հնարավորությունները նույնպես կքննարկվեն: Որեւէ նոր բան ասել չեմ կարող: Չեմ բացառում, որ նրանք նորից աջակցություն ստանան, բայց հստակ բան ասել չեմ կարող»:
Ինչ վերաբերում է մեկուսացված անձանց աջակցելուն, Բաթոյանը նշել է. «Խոսքն անաշխատունակության նպաստի մասին է: Մենք քննարկել ենք այս հարցը եւ համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին խնդրել ենք՝ նորից քննարկենք, որ ֆինանսական հաշվարկները հասկանանք: Մենք արդեն հաշվարկներ արել ենք, եւ հիմա դա շրջանառվում է»: