Լուսանկարն արվել է Էջմիածնում
«Յունիբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղը շատ հարմար պայմաններ է ստեղծել իր հաճախորդների համար, միայն թե անվտանգ ու հարմարավետ լինի:
ԱՐՏԱՐԺՈՒՅԹ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կազմակերպությունը մանրածախ վաճառքի կետում գնորդից արտարժույթով կանխիկ վճարում ընդունելու դեպքում ի՞նչ պատասխանատվության կենթարկվի:
Կարինե Մովսիսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպեu նաեւ այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելու համար պատասխանատվության նորմերը սահմանվում են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածով: Միաժամանակ առաջարկվում է հաշվի առնել ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.09.2009թ. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման մի քանի հարցերի վերաբերյալ» N 5 պաշտոնական պարզաբանումը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրավոր ձեւով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջեւ:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Մեքենան բակում կանգնած վիճակում վնասել են: Վնասող կողմը անհայտ է: Այս պարագայում որտեղի՞ց կարելի է ստանալ ապահովագրական փոխհատուցում:
Գեւորգ Խաչատրյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրական պայմանագրի շրջանակներում, եթե վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, ապա Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հատուցման ենթակա են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները: Այս պարագայում գույքային վնասը չի փոխհատուցվում:
Նշենք, որ այն դեպքում, երբ կնքված է մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագիր, ապա հատուցման պահանջով հաճախորդը կարող է դիմել համապատասխան ապահովագրական ընկերությանը:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, դիմելու ապահովագրական ընկերություն կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Բյուրոյին («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդված): Ի դեպ, Բյուրոն իրավունք ունի պայմանագրի հիման վրա իր կողմից սույն հոդվածով նախատեսված հատուցման վճարման հետ կապված գործառույթների իրականացումը (ներառյալ` հատուցման վճարումը) պատվիրակելու իր անդամ ապահովագրական ընկերություններից որեւէ մեկին: Սույն մասով նախատեսված պատվիրակման կարգը եւ պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով: