ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՒԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հաղորդագրության շուրջ զրուցել է ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ: Ինչպես հայտնի է,  Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության եւ ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն եւ Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարություն էին ընդունել «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»: Պատգամավորից հետաքրքրվել ենք՝ որքանով էր նա տեղյակ, որ այդպիսի հայտարարություն էր տարածվում, եւ ինչ է արվել այն կանխելու համար:

 

-Պարո՛ն Եղոյան, Դուք՝ որպես ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ, տեղյակ չե՞ք եղել սպասվող հայտարարության մասին:

-Մենք, անկեղծ ասած, տեղյակ չէինք եւ դրա համար ասել ենք մեր գործընկերներին այն, ինչ մտածում ենք իրենց մասին դրան հետեւած ժամերի ընթացքում: Իրավիճակը հետեւյալն է. գոյություն ունի Եվրամիություն՝ մի կողմից Հայաստան, մյուս կողմից՝ Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական կոմիտեներ՝ կախված այդ երկրի եւ ԵՄ-ի միջեւ կնքված պայմանագրի տեսակից: Այդ բոլոր երեք կոմիտեներում նույն պատվիրակությունն է՝ նույն ղեկավարով: Մեծ հաշվով  բարեկամական խմբերին են դրանք նման: Այս կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավարը միանձնյա ուղղակի որոշել է հանդես գալ նման հայտարարությամբ:

-Այսինքն՝ որեւէ երկիր տեղյակ չի՞ եղել, որ նման հայտարարությամբ են հանդես գալու:

-Երկրների տեղյակ լինելու հարցը չէ, բայց Եվրախորհրդարանում իր գործընկերները պետք է տեղյակ լինեին կամ իր կուսակիցները: Նա պետք է նախապես զգուշացներ: Ասեմ ավելին, դեկտեմբերին՝ իր այդ պաշտոնում ընտրվելուց երեք ամիս  էլ չանցած, ես, Ռուբեն Ռուբինյանը եւ Գայանե Աբրահամյանը մեկնել էինք Բրյուսել, մենք հանդիպել էինք նաեւ իր հետ եւ մանրամասը, դետալ առ դետալ բոլոր ձեւակերպումներով քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, ներկայացրել ենք մեր դիտարկումները կնճռոտ հարցերի շուրջ: Սա, այո, անակնկալ էր:

-Իսկ ո՞ւմ մեղքն էր, որ այսպիսի հայտարարություն հնչեց:

-Եթե պետք է անպայման մեղավոր գտնենք, ապա տիկին Կալյուռանդիի մեղքն է: Ես նկարագրեցի, որ մենք դեկտեմբեր ամսին հանդիպել ենք իրեն, քննարկել: Սա խորհրդարանական վեհաժողով չէ, այսինքն՝ նման հայտարարությունները չեն ընդունվում մեկ սենյակում, որ լինի քննարկում կամ վետտոյի իրավունք կամ առաջարկություններ անելու հնարավորություն: Սա մոտավորապես նույնն է, որ հիմա ես էլ վերցնեմ եւ ուղղակի հայտարարությամբ հանդես գամ:

-Այդ դեպքում հետեւանքներ չե՞ն լինելու:

-Հետեւանքը մեր հարաբերություններն են, այս դեպքում՝ կոնկրետ տիկին Կալյուռանդիի հետ: Մենք շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք Եվրախորհրդարանի բոլոր ներկայացուցիչների հետ, Եվրանեսթում ակտիվ աշխատում ենք: Պարոն Բեսեսկու մասին ասելու բան չկա, մենք ի սկզբանե նրանից գիտեինք ինչ սպասել, սակայն մի փոքր հույս կար, որ ինքը գոնե իր կողմնակալ դիրքորոշումը չի արտահայտի:

-Դուք այս հայտարարությունից հետո Ձեր հայտարարությունը տարածեցիք կոմիտեի անդամների հետ: Այն արձագանք ստացե՞լ է:

-Դեռ ոչ: Բայց այս պահին իրենց հետ մեր հարաբերություններն առկախված են՝ կապված իրենց հետագա պահվածքի հետ: Այսինքն՝ բացառված չէ, որ մեկ ամսից էլ, օրինակ, Ադրբեջանից հնչող որեւէ ռազմատենչ հայտարարության վերաբերյալ մեկ այլ հայտարարությամբ հանդես գան եւ դրանով ցույց տան, թե իրենք փորձում են խաղաղություն սերմանելու համար փորձեր անել: Եթե չհնչի հայտարարություն, մենք սա կփորձենք հասկանալ եւ վերահաստատել, որ իրենք ունեն կողմնակալ դիրքորոշում, եւ այդտեղից կբխեն գործողություններ: Չնայած դրանք հիմա էլ կան, ես տեղյակ եմ պահել մյուս գործընկերներիս այդ մասին, նաեւ Եվրախորհրդարանի ղեկավարն է տեղեկացվելու այդ մասին: Խնդիրն այն է, որ նա հակասության մեջ  է մտել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության բոլոր պաշտոնական հայտարարությունների եւ Եվրախորհրդարանի՝ վերջին շրջանի հայտարարությունների մեծ մասի հետ: Եղել են ժամանակներ, երբ խնդրահարույց հայտարարություններ արվել են, սակայն այն հակասության մեջ  է մտնում վերջին շրջանում ասված հայտարարությունների հետ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ

Հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Այն վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին»  օրենքների նախագծերի փաթեթին:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել դեռ փետրվարի 6-ին՝ կապված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաեւ դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածին՝ խնդրելով պարզել դրանց Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Եվ փետրվարի 6-ից մինչեւ այժմ Սահմանադրական դատարանը չէր քննել հարցը՝ ելնելով լրացուցիչ նյութեր ուսումնասիրելու անհրաժեշտությունից, իսկ հունիսի 16-ին սկսել էր գործի դատաքննությունը եւ անցել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն կրկին անգամ որոշվել է լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել:

Հավելենք, որ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների եւ կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլեւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։  ԱԺ քննարկումների փուլում նախաձեռնության ռիսկերի մասին էին բարձրաձայնում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

Իսկ Սահմանադրական դատարան դիմելու մասով հայտարարություն էր տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը եւ հայտնել, որ օրենքները ՍԴ ուղարկելու մասին որոշումներ ընդունելիս նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպած անձինք մտահոգություն են հայտնել, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի եւ ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին եւ խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նախկին պատգամավոր, նույն գործով անցնող Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում եւ դատական համակարգում ուրախ են, որ այս գործերի քննությունը հենց նրան է մակագրվել, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել իր հանգիստ բնավորությամբ: Պապոյանը որպես դատավոր իր գործունեությունը սկսել է 2011 թվականից: Նա մինչեւ 2014թ. աշխատել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2014 թվականից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝ շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: Ինչպես հայտնի է,  Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված: Այս գործով արդեն երկու ձերբակալված կա, որոնցից մեկն էլ Աբրահամ Մանուկյանն է: Գործի նյութերում նշվում է, որ հենց նա եւ «Մուլտի Գրուպ»-ի ղեկավար Սեդրակ Առուստամյանն են գլխավորել ընտրակաշառք բաժանելու գործընթացը:

 

 

ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցութունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով եւ դիմելու են Սահմանադրական դատարան: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը: «Մեր խմբակցությունը նախաձեռնում է քննության ենթարկել, իրական վիճակագրական տվյալներ ներկայացնեն կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված», – նշեց Էնֆիաջյանը: Տոնոյանը նշեց, թե նախաձեռնությունը երկուսն են: Մեկը վերաբերում է կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելուն, դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելման հետ կապված որոշման իրավաչափությունը որոշելու մասով: «Աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են: Մենք դիմել ենք նաեւ «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին: Սա այս պահին կարեւոր է, որպեսզի պարզենք, թե որքանով է կառավարության, պարետատան կողմից կատարված աշխատանքները եղել ժամանակին, քանի որ շատ դեպքերում նրանց կողմից հապաղման պարագայում կարող էին լինել այս ահագնացող մահերը», – հավելեց Տոնոյանը:

 




Լրահոս