Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԴԱՏԱՎՈՐԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 19:00-ին պետք է քննվի  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, դատական համակարգում արշալույսները խաղաղ չեն:

 

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ. հայտնել էր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված:

Գագիկ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում եւ  այն որակում է  շինծու գործ: Այսպիսով,  Գագիկ Ծառուկյանի  խափանման միջոցի հարցը քննելու է  դատավոր Ռոբերտ Պապոյանը, սակայն մինչ քրեական գործը Ռոբերտ Պապոյանին մակագրվելը դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են եղել: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը Շենգավիթի նստավայրի դատավորն է, հայտարարել է՝ եթե իրեն մակագրվի Գագիկ Ծառուկյանի   խափանման միջոցի հարցը, ապա ինքը ինքնաբացարկ կհայտնի:  Սակայն  Նելլի Բաղդասարյանի բախտը բերել է,  եւ քրեական գործը մակագրվել է Ռոբերտ Պապոյանին:

Ինչեւէ, դատավոր Բաղդասարյանը նման հայտարարություն արել է, արդյոք խուսափե՞լ է արդարադատություն իրականացնելուց, թե՞ այլ հիմնավորումներ է  ունեցել. փորձեցինք այս հարցերի պատասխանը ստանալ դատավորից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց այլ անձ՝ նշելով, թե սա իր համարը չէ:   Մեկնաբանության համար դիմեցինք դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին, վերջինս հայտնեց, որ այդ մասին առաջին անգամ լսեց մեզանից,  եւ  որքանով ինքը մամուլից տեղեկացել է, սույն քրեական գործով խափանման միջոցի հարցը  մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս. առաջին անգամ չէ, որ Նելլի Բաղդասարյանը  պաշտոնատար անձանց մասով կոնկրետ քայլերի է գնում:   Դեռեւս 2019 հունվարին գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցը դատական համակարգում դարձել է լուրջ խնդիր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորները մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշում նրա գործը չքննելու համար: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն դատախազն ու քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ այդ դատավորը չքննի Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործը քննելու ժամանակ ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու մտերիմ ընկերն է:

Նելլի Բաղդասարյանը բավարարեց դատախազի եւ քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը եւ հրաժարվեց քննել Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս արարքի համար  Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական վարույթներ էր հարուցել երկու դատավորների նկատմամբ, որոնցից մեկը Նելլի Բաղդասարյանն էր,   եւ դատավորը ենթարկվեց պատասխանատվության, նրան նկատողություն տվեցին դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտման համար:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ

Հունիսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս միջադեպից: Ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ էին հնչել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Վանաձորի բնակիչ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի եւ Երեւանի բնակիչ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջեւ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում Արտյոմ Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետեւ իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Միհրան Սիմոնյանի դեմքին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։  Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաեւ ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։ Իսկ ի՞նչն է եղել երկու անձանց միջեւ վիճաբանության պատճառը: Մեզ հասած տեղեկություններիր համաձայն՝ Միհրան Սիմոնյանը վերոնշյալ օրը մտել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» սննդի կետ, որպեսզի հաց ուտի, վերջինիցս պահանջել են դիմակ կրել, եւ Սիմոնյանը ասել է, որ եկել է հաց ուտելու, հաց ուտի վերջացնի, դիմակ կկրի, ինչպե՞ս կարող է դիմակով հաց ուտել:  Արդյունքում Միհրան Սիմոնյանի եւ սննդի կետի աշխատակից Արտյոմ Աքուլյանի միջեւ վիճաբանություն է եղել դիմակի շուրջ, ինչի արդյունքում էլ հնչել է կրակոց, եւ Միհրան Սիմոնայնին տեղափոխել են հիվանդանոց: Ցավալի է , սակայն փաստ է, որ անգամ դիմակի շուրջ առաջացած խոսակցություն այն աստիճան է թեժանում, որ երիտասարդները գործի են դնում զենք եւ փորձում զենքի միջոցով միմյանց միջեւ առաջացած կոնֆլիկտը լուծել:

 

 

 

ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

«Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ տնօրենը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Մեզ հայտնի դարձավ, որ Արսեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ տնօրեն, 2014-2016թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատել է պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Սուվարյանի ստորագրությամբ եւ համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի թվով հինգ կատարողական ակտերը, դրանով իսկ խոչընդոտները վերացնելով՝ օժանդակել է Ա. Սուվարյանին պաշտոնական դիրքն օգտագործելով իրեն վստահված համայնքի բյուջեից խոշոր չափի վատնում կատարելուն: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Արթուր Սուվարյանին, որ նա 2005թ.ից իր պաշտոնավարման տարիներին, պաշտոնական դիրքն օգտագործելով, 2015-2017թթ. ընթացքում չհաճախելով աշխատանքի եւ գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Ա. Սուվարյանը, 2017թ. հունվար ամսից մինչեւ 2018թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Կ. Սուվարյանին փաստացի աշխատանքի ընդունելով որպես համայնքապետարանի վարորդ եւ աշխատանքի դիմաց վճարելով ամսեկան 108.960-111.480 ՀՀ դրամ աշխատավարձ, նրան որպես աշխատող չի գրանցել եւ այդկերպ խոչընդոտները վերացնելով՝ օժանդակել է Կ. Սուվարյանին նույն գործակալությունից խաբեության եղանակով կատարել խոշոր չափերով ՝ ընդհանուր 712.500 ՀՀ դրամ գումարի հափշտակություն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞Վ Է ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵԼ

Մայիսի 28-ին՝ ժամը 01։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված. տեղեկացնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։ Տեղազննման արդյունքում ռումբ չէր  հայտնաբերվել։

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ,  թե ով է եղել կեղծ ռումբի մասին ահազանգող անձը: Մասնավորապես՝ վերջինս Անատոլի Ալեքսեյի Բարիչենկովին է, որին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի մայիսի 28-ին` ժամը 01-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ուղղակի դիտավորությամբ ՀՀ իրավապահ մարմինների եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գործունեությունը կազմալուծելու, ինչպես նաեւ հասարակական կարգը եւ անվտանգությունը խախտելու համար իր անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ բանավոր տվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում` իր կողմից «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք տեղադրելու վերաբերյալ, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են միջոցներ ահաբեկչությունը խափանելու համար, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Անատոլի Բարիչենկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:  Այս գործը դատարանում  քննելու է  դատավոր Արտակ Թադեւոսյանը:

 




Լրահոս