Այս հարցը միանշանակ վերջին մեկուկես տարվա խնդիր չէ․ ԵՄ դեսպանը՝ ՀՀ քաղաքավիացիայի ոլորտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ
դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից նոր տիպի կորոնավիրուսի
դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ ճգնաժամային
իրավիճակը բազմամյա գործընկերային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նախադրյալներ է
ստեղծում :

Ի թիվս երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ նախարար Սուրեն
Պապիկյանն ու Անդրեա Վիկտորինը անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում
բարեփոխումներին միտված հետագա փոխգործակցությանը և թռիչքային անվտանգության ոլորտի բացերի
վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին:

«Ներկայումս ՏԿԵ նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ինտենսիվ
աշխատանքներ են տարվում, որպեսզի վերացվեն թռիչքային անվտանգության հետ կապված բացերը: ՀՀ-ն
Արևելյան գործընկերության այն երկրներից է, որը մշտապես իր պատրաստակաամությունն է դրսևորում
ներպետական օրենսդրությունը կատարելագործելու, թե՛ տեսական, թե՛ գործնական դաշտում ներքին
ստանդարտները եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու հարցում: Լիահույս եմ, որ ԵՄ գործուն
աջակցության շնորհիվ մենք կբարձրացնենք նաև մեր ավիացիոն անվտանգության մակարդակը՝ ներդնելով
թռիչքային անվտանգությանն առաջադրվող ԵՄ գործող ստանդարտներն ու պահանջները»,- ընդգծել է
նախարար Պապիկյանը:

Կարևորելով ավիացիոն խնդիրները բացառելու ուղղությամբ համակարգային և թիրախավորված
աշխատանքը՝ դեսպան Վիկտորինը նշել է. «Այս հարցը միանշանակ վերջին մեկուկես տարվա խնդիր չէ,
երկար ժամանակ դրանք բացառելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն կատարվել: Բայց առկա
իրավիճակը կարող ենք դիտարկել որպես հնարավորություն, որպեսզի Հայաստանն իր ավիացիոն
անվտանգության մակարդակը բարձրացնի և ավելի ուժեղ դուրս գա ստեղծված իրավիճակից: Մենք պետք է
միասին աշխատենք, որպեսզի լուծենք խնդիրը»:
Զրույցի ընթացքում նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև վարկային և դրամաշնորհային
ծրագրերի ընթացիկ վիճակին, այդ թվում համայնքային ենթակառուցվածքների, հատկապես
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներդրման, էներգետիկ համագործակցության և
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», տարածաշրջանային զարգացման ծրագրերի արդյունավետ
իրականացման ուղղությամբ հետագա համագործակցությանը:

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և ավելի արդյունավետ
դարձնելու երկկուստեք պատրաստակամությունը:




Լրահոս