Ալեն Սիմոնյանի նոր նախագիծը․ վիրավորանքի դեպքում 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 10 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Փոփոխությունները կկատարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում։

Հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, որ այժմ բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, որը դրսեւորվում է անպարկեշտ եւ անբարո արտահայտություններ հնչեցնելով, ինչն իր բացասական հետեւանքներն է թողնում հանրության շրջանակներում: «Բացառություն չի կազմում նաեւ անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը, որը դրսեւորվում է իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տվյալներ հրապարակային ներկայացնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գործող կարգավորումները հնարավորություն են տալիս անձանց քաղաքացիական դատավարության ընթացակարգերով վերականգնել իրենց պատվի եւ արժանապատվության, խախտված իրավունքի վերականգնում հերքման, պատասխանի, ինչպես նաեւ դրամական հատուցման եղանակով:

Ժողովրդավարական շատ պետություններում ենթադրվում է, որ ԶԼՄ-ները հասարակությանը սատարելու համար հաճախակի անհանգստացնում են պետական պաշտոնյաներին, որը երբեմն հանգեցնում է ԶԼՄ-ների անպատասխանատվությանը, սակայն անկախ դատական իշխանությունը եւ արդյունավետ գործող մամուլի խորհուրդները կարող են աջակցել նման շեղումների դեմ պայքարում:

Լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, եթե պարզվի որ այն չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ եւ ունի առեւտրային ուղղվածություն: Անապացույց մեղադրանքները, վստահության չարաշահումը, մասնագիտության կամ ԶԼՄ-ների օգտագործումն անձնական կամ խմբակային շահերի նպատակով, փաստերի խեղաթյուրումը, ցանկացած սուտ տեղեկատվության կանխամտածված մատուցումը լրագրողի կողմից` դիտվում է որպես լրջագույն մասնագիտական զանցանք: Լրագրողը պատասխանատվություն է կրում իր բոլոր հրապարակումների համար (հրապարակային ներողություն, հերքում, վնասների փոխհատուցում):

Ինչպես լրագրողը, այնպես էլ յուրաքանչյուր ոք պետք է հարգի սահմանադրական կարգը, ժողովրդավարական ինստիտուտները, գործող օրենքները, հասարակության համընդհանուր ճանաչման արժանացած բարոյական սկզբունքները, այլոց սահմանադրական իրավունքները եւ ազատությունները, պատիվը եւ բարի համբավը, բացառելով անհատական որակումները: Այլ քաղաքացիների պես լրագրողները նույնպես պետք է օգտվեն օրենքի լիակատար պաշտպանության տակ գտնվելու երաշխիքներից», – նշում է պատգամավորը:

Եվ ահա, վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձը մինչեւ 1000-ապատիկի եւ մինչեւ 2000-ապատիկի չափը կբարձրանաա։

Ն․Հ․




Լրահոս