Ինչ է սպասվում կաթնամթերքի շուկայում. արտադրողները հաշվարկներ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Ազատան գյուղում գործող «Իգիթ» կաթնամթերքի գործարանի տնօրինությունը գազի սակագնի սպասվող բարձրացման հետ կապված պատրաստվում են հաշվարկներ իրականացնել:

Տեղեկացնենք, որ հուլիսի 19-ից գազի սակագինը բարձրանալու է: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
ArmLur.am-ի հետ զրույցում «Իգիթ» կաթնամթերքի արտադրության աշխատակից Արամ Կրոյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի արտադրանքը չթանկանա: «Կարող է կարողանանք մի բան անել, արտադրանքը չթանկացնենք: Հուսանք՝ գնային թանկացում չի լինի: Փորձենք մեր եկամուտի հաշվին տեղավորվել, բայց լուրջ հաշվարկ է պահանջում, ոչ մեկ օրվա է, ոչ էլ՝ երկու»,- նկատեց ընկերության ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ գազի կիրառումը կաթնամթերքի արտադրության մեջ փոքր մաս չի կազմում:
Զրույցի ընթացքում նա նշեց նաեւ, որ վերջին շրջանում «Իգիթ»-ի արտադրանքը չի թանկացել:

Հարցին՝ հնարավոր է արդյոք ընկերությունն աշխատողներ կրճատի կամ աշխատավարձերը նվազեցնի, Արամ Կրոյանն ասաց. «Աշխատողների քանակը իրացման ծավալներով է պայմանավորված, իսկ իրացումն էլ տնտեսության այսօրվա վիճակի հետ է կապված: Մեր եկամուտի հաշվին ենք փորձում այդ ամեն ինչն անել»:

Նրա խոսքով, մյուս կողմից իրացման ծավալները նվազել են: «Ենթադրենք՝ մարդն ուտում է մեկ կիլոգրամ պանիր ամսեկան կտրվածքով, կորոնավիրուսի պայմաններում չի կարող օրինակ 5 կգ պանիր ուտել: Այսինքն տանը մնալով այնպես չէ, որ մարդիկ պահանջվող պանրի չափն ավելացրել են, չի բացառվում, որ պակասեցրել են, սկսել են քիչ պանիր ուտել»,- նկատեց ընկերության աշխատակիցը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս