Այսօր խորհրդարանում ընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նիստին, սակայն, չէին մասնակցում ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորները:
Այս նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է: ՀՀ նախագահի կողմից այն ստորագրելու պարագայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը: Այս հարցերի շուրջ այսօր զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ:
-Պարոն Ուլիխանյան, միայն Ձեր խմբակցությունը մասնակցեց Սահմանադրական Դատարանի ճգնաժամի հարցը լուծելու վերաբերյալ քննարկմանն ու քվեարկությանը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ դա հեղաշրջում է նշանակում, եթե մասնակցեն այս քննարկմանն ու քվեարկությանը։ Ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ ասում է, որ իրենք անակնկալի են եկել արտահերթ նիստի հրավիրման համար, այդ պատճառով չեն ցանկանում որեւէ կերպ մասնակցեն։ Նաեւ սա հետագայում իրավական գործընթաց է ենթադրում։ Ի՞նչ կասեք։
-Խորհրդարանական ընդդիմության խոսքը չեմ լսել, չեմ էլ ուզում մեկնաբանել։ Բայց նաեւ հատկանշական է, որ սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքում կարեւորություն բերող, արդեն որերորդ կարեւորագույն փոփոխություն բերող նախագծի քվեարկության կամ քննարկման ժամանակ, խորհրդարանական ընդդիմությունը բացակա է։ Այս բառը կարեւոր է՝ բացակա լինելը։ Եվ ընդհանրապես իմ գնահատմամբ՝ իրենք սկսել են բացակա լինել որոշումների կայացմանը, ինչը նշանակում է, որ այդ քաղաքական ուժերը առնվազն խնդիր ունեն իրենց ընտրողների հետ։ Թող բացատրություններ ներկայացնեն, թե ինչու են կարեւորագույն հարցերի քննարկման ժամանակ դրսեւորում կրավորական վարքագիծ։ Քանի որ, այնուամենայնիվ, քաղաքական վերջնական որոշում կայացնողները չեն կարող խուսափել որոշման կայացումից։ Նրանք պետք է մասնակից լինեն որոշման քննարկմանը, կողմ կամ դեմ արտահայտվեն որեւէ նախագծի։ Ես կարծում եմ, որ բացակայությունն ուղղակի անթույլատրելի է։
-«Իմ քայլը» ինչո՞ւ այդպես արագ կազմակերպեց այսօրվա արտահերթ նիստը։ Ի՞նչ խնդիր կար։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը դա ընդունելի չէր համարել, որ առանց քայլեր ձեռնարկելու, ձեւաչափերին հետեւելով նման ընտրություն կազմակերպել։ Ինչո՞ւ Դուք այս ամենն այդքան արագ կազմակերպեցիք։
-Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերի հետ կապված կա համընդհանուր 100 տոկոսանոց կոնսենսուս Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ Վենետիկի հանձնաժողովի միջեւ։ Հրատապության վերաբերյալ գնահատականները չեմ կիսում, որովհետեւ գոյություն ունի նաեւ հակառակ գնահատականը, որ ինչու այսքան ուշացրիք, եւ ես այդ գնահատականի կողմակիցն եմ։ Ես կարծում եմ, որ մենք հապաղել ենք։
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան