Հայաստանում առաջիկայում կթանկանան ոչ միայն խմիչքը, պահածոները, գյուղմթերքը, այլեւ՝ կաթնամթերքը: Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ից գազի սակագինը բարձրանալու է. ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:
Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով: Ըստ մասնագետների՝ այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը:
«Չանախ»կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ իրենք գազ քիչ են օգտագործում: Գործարարի խոսքով կաթնամթերքի իրացման ծավալներն անփոփոխ են մնացել:
«Գազի սակագնի բարձրացումը մեր գործունեության վրա այդքան էլ չի ազդի, որովհետեւ մենք արեւային տաքացուցիչ ենք դրել, գազ քիչ ենք օգտագործում: Բայց մի քիչ կդժվարանան տնտեսվարողները, որոնք գազով են գործունեություն ծավալում: Մենք աշխատում ենք նման դեպքերում ծախսերը կրճատել, իրենց էլ խորհուրդ կտամ այդպես վարվեն: Նման դեպքերում մեծ ծախսերը պետք է պակասեցնել, բայց դրա հաշվին այնպես անել, որ ժողովուրդը չզգա իր գրպանի վրա: Բայց ես վստահեցնում եմ՝ մենք ժողովրդին չենք նեղացնելու, հանգիստ մնացեք»,- հայտարարեց գործարարը: