ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԵՐԵՍՎԵՑ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր դաշտում ճակատ է ձեւավորվում՝ ի դեմս ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների, որոնք առաջիկա օրերին, գուցե՝ այսօր, համագործակցության հուշագիր կստորագրեն։ Մի քանի օր է՝ տեքստի վրա են աշխատում: Հիշեցնենք, որ այս ուժերի ներկայացուցիչները մի քանի օր առաջ հանդիպել են ՀՅԴ գրասենյակում եւ հայտարարել, որ իրենց մոտ կա փոխըմբռնում:

 

Այս հարցերի շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, նաեւ փորձել հասկանալ, թե ինչ համագործակցություն կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը  2 մլրդ դրամ գրավով ազատ կարձակվի:  Աբովյանը չթաքցրեց, որ այս ընթացքում բանակցություններ կան մի քանի ուժերի հետ: ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ նկատեց, որ այս իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ իշխանությունն առերեսվեց իրականության հետ  ու սկսեց հասկանալ:

-Պարո՛ն Աբովյան, ի՞նչ փուլում են ընդդիմադիր ուժերի հետ Ձեր բանակցությունները:

-Այո, բանակցությունները ընթանում են, ինչպես մենք հայտարարել ենք: Մեր բանակցություններն ընթանում են այն ուժերի, քաղաքացիների հետ, որոնք իրոք մտահոգ են այս անտանելի իրավիճակի հետ կապված, որը տիրում է Հայաստանում: Եվ, այո, սա բնականոն քաղաքական պրոցես է, որին մենք այսօր ականատես ենք լինում:

-Հնարավո՞ր է արդյոք համագործակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը գրավով ազատ կարձակվի:

-Ես գիտեմ՝ ինչ պատասխան եք ինձանից ակնկալում, որ վերնագիր լինի, սենսացիա պարունակի, բայց չուրախացնեմ, որովհետեւ շատ պարզ բացատրություն կա: Այն գործընթացները, որ ընթանում են, գնում են միայն ուժերի հետ, որոնք ունեն որոշակի տեսլական այս կամ այն իրադարձությունների, այս կամ այն զարգացումների հետ, թե ինչ պետք է լինի, ինչպես պետք է դուրս գանք իրավիճակից: Մենք պետք է կարեւոր տարանջատում անենք. իշխանությունը փորձում է այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, ներկայացնել որպես իշխանության գալու կռիվ, սակայն այդպիսի բան գոյություն չունի: Իրականությունն այն է, որ ոչ թե ով պետք է գա իշխանության, այլ այն, որ այս կառավարությունը, որը չի կարողացել անել այն, ինչ պետք է աներ, եւ հասցրել է այս իրավիճակին, ինքը պետք է փոխվի: Սա շատ կարեւոր տարբերություն է: Իրականությունը մնում է իրականություն, իրողությունը մնում է իրողություն: Այն պրոցեսները, որ ընթանում է այս պահին, կառուցված է մանիպուլյացիայի, ստի, աբսուրդի վրա: Մենք գեներացնում ենք մի պրոցես, որ այն մարդիկ եւ քաղաքական ուժերը, եթե մտահոգ են, պետք է հասկանանք՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Այս  «բոլոլան» սկսվեց նրանից, որ իշխանությունը առերեսվեց իրականությանը, ընկավ «բոլոլայի» մեջ եւ հետեւություններ անելու փոխարեն որոշեց գնալ ուրիշ ճանապարհով, քանի որ ունակ չէ իրավիճակը շտկել, եւ Հայաստանում հայտարարվեց քաղաքական հետապնդումների շրջան: Իրենք լուրջ հակափաստարկ մեզ չեն ներկայացնում եւ, բացի մանիպուլյատիվ մարդկանց ղեկավարելուց, այլ բանով չեն զբաղվում:

-Որքանո՞վ եք հավանական համարում նաեւ ՀՀԿ-ի միացումն այս ընդդիմադիր ուժերի հուշագրին:

-Տարբեր ուժեր ունեն իրենց տեսլականն ու իրենց ուղին, իրենց օրակարգը, սակայն քաղաքական կոռեկտությունից ելնելով չեմ ցանկանում անուններ ասել: Եվ այստեղ խնդիրն այն է, որ այս պարագայում սխալ է, երբ վերցնում ու սկսում են տարանջատել քաղաքական ուժերին: Ես այս պարագայում չեմ կարող ոչինչ ասել, քանի որ, որքան գիտեմ, ՀՀԿ-ն ունի իր ուրույն տեսլականը եւ շարժվում են՝ ըստ իրենց ուրույն տեսակետի: Այստեղ փորձելու կամ ներգրավելու հարցը չէ, դա պետք է հասկանալ: Գոյություն ունի գլոբալ խնդիր, եւ երկիրը բոլոր ֆռոնտներով վարի է գնում, եւ ամենացայտուն ապացույցն այն է, որ մեր կողմից հնչեցված ոչ մի փաստերի վերաբերյալ մենք չենք ստացել հստակ պատասխան՝ առանց ստի ու մանիպուլյացիայի: Այժմ քաղաքական լայնածավալ հետապնդում է, եւ, իհարկե, նրանք չեն կանգնի եւ ասի այդ մասին: Իրենք միշտ էլ գտնում են արդարացնելու բառեր: Ցայտուն օրինակներից մեկը, որ լռեցնելու փորձ է, այն է, որ պարբերաբար գաղտնի կամ շինծու թղթերը, որոնք դե յուրե գաղտնի են եւ պետք է լինեն քրեական գործի մեջ, իշխանական նախարարների, պատգամավորների միջոցով հայտնվում են համացանցում: Սա լռեցնելու փո՞րձ չէ, մեկը լինի, հարցնի՝ դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում:  Այնքան ցայտուն է. առողջապահության նախարարը թուղթ է հրապարակում այն դեպքում, երբ ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում: Հենց այս դեպքերն էլ բացահայտում են ճնշումների օրինակները:

 

 

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵՆ ԲԱԺԱՆԵԼ, ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ

Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով այն տեղեկություններին, թե ԲՀԿ շուրջ տեղի ունեցողը քաղաքական գործընթացներ են, քանի որ նույն ՀՀԿ-ն եւս համապետական ընտրություններում ընտրակաշառք է բաժանել, ասաց. «Այո, պետք է մեր իրավապահների առաջ խնդիր դնել եւ էս գործի շրջանակներում պետք է խորանալ էնքան, մինչեւ ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտեն: Ի վերջո, պետք է արմանախիլ անել այդ բանը, կոռուպցիոն համակարգը իրա ամենավերջին ղազագրով պետք է էս հողից արմատախիլ անենք: Եվ անելու ենք»:

 

Armlur.am-ը փորձել է զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ՀՀԿ-ն մտավախություն ունի՝ համապետական ընտրությունների ժամանակ ընտակաշառք բաժանելու հայտարարությունների հետ կապված: Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքն այժմ քննություն է անցկացնում իր ուսանողների հետ, ու իրեն անհարմար է հարցերին պատասխանելը: Պնդմանը, թե մտավախություն ունի արդյոք այն հարցում, եթե իշխանությունները սկսկեն ուսումնասիրել, թե ընտրությունների ժամանակ ինչ կաշառք են բաժանել, ինչ կեղծիքներ իրականացրել, հայտարարեց. «Ազատ է իր գործողությունների մեջ, ինչ ուզում է, թող անի: Ես նման բաների ականատես չեմ եղել, որեւէ բանի չեմ մասնակցել»,-եզրափակեց ՀՀԿ-ականը:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. «Եթե իրավական տիրույթում է ամեն ինչ իրականացվում, ապա մենք մշտապես ասել ենք, որ կողմ ենք, որ ընտրակեղծարարներն ու կոռուպցիոներները պետք է պատժվեն, եւ իրավական գործընթացները տեղի ունենան օրենքի տիրույթում։ ՀՀԿ-ն մտավախություն ունի, թե չունի, մենք տեսնում ենք տարբեր քրեական գործեր ՀՀԿ-ի նախկին թե ներկա անդամների հետ կապված։ Անձամբ ես որեւէ մտավախություն չունեմ, ես 9 տարի եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, ընտրվել եմ համամասնական ցուցակով, ո՛չ ընտրակաշառք եմ բաժանել, ո՛չ էլ նման պրոցեսների մեջ մասնակցել եմ, ո՛չ էլ տեսել եմ։

Ընտրակաշառք բաժանելն, ի դեպ, ընդունվել է հենց այն ժամանակ, երբ մենք Ազգային ժողովում էինք։ Ընդհանրապես քրեական օրենսգրքի նորմերն ունեն կանխարգելիչ եւ արդեն իսկ կատարած հանցանքի պատժիչ գործողություններ։ Սա դասվում է կանխարգելիչ այն բնույթի հոդվածների մեջ, որոնք դու դրա հետեւանքներով ցույց ես տալիս եւ փորձում ես կանխարգելել։ Ե՛վ ընտրակաշառք վերցնողը, ե՛ւ տվողը հավասար պատասխանատվություն են կրում, եւ շատ բարդ ապացուցելի է։ Հետեւաբար կարծում եմ՝ այս անպտուղ գործողության մեջ մտնելը բարդ գործընթաց է լինելու»։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ժամանակահատվածում երկրի թիվ մեկ խնդիրը համաճարակն է, որի դեմ պետք է պայքարել։

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատարանում նրա կալանավորման միջնորդությունը քննելիս ներկայացրել են մի քանի խիստ էական հանգամանքներ. միջնորդության քննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Նրա ներկայացմամբ՝ այդ կարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձեւակերպված արարքը խիստ էական տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ ԱԺ-ին ներկայացրել էին, թե իբրեւ Գ. Ծառուկյանը խմբի կազմում կաշառք է տվել ընտրողներին, միջնորդության մեջ ձեւակերպումն այլ է՝ «ղեկավարել է խումբ, որի շրջանում տրվել է կաշառք»։ Պաշտպանն ընդգծեց, որ դատարանում չի ներկայացվել գոնե մեկ ապացույց, փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ անձի անձամբ է կաշառք տվել կամ որեւէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար, որեւէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն իմացել է, որ որեւէ մեկին կաշառք են տալիս, իսկ մնացած ամեն ինչը ենթադրություններ են։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 17-ից քննվում է Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է ԱԱԾ-ն։ Միջնորդությունը քննում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Հավելենք, որ դատական նիստը կշարունակվի կիրակի:

 

 

ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ

Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մեջբերում եմ մի փոքրիկ հատված: «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել: Հատկանշական է, որ նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական եւ ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման եւ Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն: Հավելեմ, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտնի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով եւ անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է գտնվել հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից եւ բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել իր ներկայիս պարտականություններին»,- գրել է Արարատ Միրզոյանը:

 




Լրահոս