ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 16-ին՝ Ազգային ժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիոթյունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել էր. «Արդյոք Դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասո՞վ եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբեւէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ, Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել»։ Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել էր. «Եթե այդ կամ այլ որեւէ գործով, այդ կամ այլ որեւէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որեւէ այլ քաղաքական ուժի, որեւէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը»։ Եվ, ահա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խիստ ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասին: Իսկ ինչո՞ւ դիմեցինք հենց Ավետիսյանին: Բանն այն է, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «ընտրակաշառքի հայրենիքը» հենց Մարտունի քաղաքն էր, եւ այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Մարտունու քաղաքապետից: Եվ, ահա, Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե երբեւէ որեւէ կուսակցության անդամ չի եղել եւ չի խառնվել ընտրական գործընթացների: «Այն ժամանակ ասում էին՝ քաղաքապետերը պետք է անպայման լինեն ՀՀԿ անդամ, բայց ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, ոչ մի կուսակցության հետքերով չեմ գնացել: Ես ընդհանրապես նման բաների մեջ չեմ եղել եւ քաղաքապետ եմ դարձել առանց 1000 դրամ ընտրակաշառք բաժանելու»: Իսկ, ահա, անդրադառնալով Հակոբ Հակոբյանին՝ Ավետիսյանը հայտարարեց. «Հակոբ Հակոբյանը որ կա, որ ընտրվել էր այն ժամանակ, ես առաջին քաղաքապետն եմ եղել, որ ասել եմ՝ նա իմ քաղաքի պատգամավորը չէ, նա կաշառքով է ընտրվել: Ես լսելով՝ նա ընտրակաշառք բաժանելով է դարձել պատգամավոր, զզվել եմ նրանից»: Այսպիսով, Մարտունու քաղաքապետը հաղորդում է տալիս հանցագործության մասին. ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է բաժանել: Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն, ՀՀ դատախազությունը կգնան այս հայտարարության հետքերով, թե ոչ:

 

 

 

«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,- երեկ լրագրողների հետ զրույցում այդպիսի հայտարարություն էր արել Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին սահմանադրական փոփոխությունների նախագիծ ընդունեց, համաձայն որի՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է: Եվ չնայած Գյուլումյանը հայտարարում է, թե 2014-ից է հաշվարկվում իր դատավորի պաշտոնի ստանձման ժամկետը, այնուամենայնիվ, չմոռանանք, որ նա ՍԴ դատավոր է եղել նաեւ 1996-2003թթ.: Եվ, ահա, Գյուլումյանի այս հայտարարությունները «Ժողովուրդ» օրաթերթին հիշեցրեց, թե ինչպես էր նա տարիներ առաջ ստիպել ՍԴ-ին վճարել իր պարգեւավճար-հավելավճարը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գյուլումյանից պարզել՝ ինչպես է ստացվում, որ մի դեպքում ասում է, թե 12 տարի չի պաշտոնավարել, հետեւաբար օրենքը իրեն չի վերաբերում, բայց մյուս դեպքում համարում է, որ իր ՍԴ դատավորի համար հասանելիք հավելավճարները պետք է ստանա: «Եվրոպական դատարանում աշխատելով՝ շարունակել եմ լինել դատավոր: Դա հենց նշանակում է, որ ես իրականում աշխատել եմ ընդհատումներով», – հայտարարեց նա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստվում է դիմել գրեթե բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի դրսի կառույցներն ու ազդեցության օղակները կոշտ արձագանքեն նախօրեին խորհրդարանում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին: ՀՀԿ-ականները մտադիր են ամեն ինչ անել` իշխանություններին ծանր «հարվածներ» հասցնելու համար միջազգային կառույցների շուրթերով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին այդ հարցով: Ի պատասխան՝ Աշոտյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է, ամենալայն ու խոշոր կապերով ինչպես եվրոպական, այնպես էլ համաշախարհային քաղաքական ընտանիքներին անդամակցության, անկախ մեր արտախորհրդարական կարգավիճակից՝ այդ կապերը շարունակվում են: Բնական է, որ մենք մեր տեսակետները հայտնել ենք նաեւ այս քաղաքական օրակարգի եւ վերջին զարգացումների հետ կապված, ինչպես նաեւ ԱԺ-ում տեղի ունեցած ուզուրպացիայի հերթական փուլի կապակցությամբ, մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք դրա մասին եւ այն ներկայացրել ենք նաեւ ինչպես մեր եվրոպական գործընկերներին, այնպես էլ միջազգային քաղաքական ընտանիքներին»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմիանա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը վիճարկելու դիմումին: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն նման նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետեւաբար առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չկա։ Պարզվում է` երեկ երկու ընդդիմադիր ուժերը քննարկում են ունեցել, ինչից հետո առանձին քննարկում է արել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Եվ դրանից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Տեղեկացնում եմ, որ վաղն առավոտյան (այսօր) 10։00 ԱԺ 334-րդ սրահում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների եւ դրանց հետ կապված մեր կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ»։ Եվ չնայած երկու ուժերի հանդիպումից հետո ԼՀԿ-ն անորոշ վիճակում է թողել իր ընդդիմադիր գործընկերոջը եւ այս պահին դեռ ստորագրահավաքին չի միացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԼՀԿ-ն վերջին պահին կմիանա ԲՀԿ-ին, եւ կդիմեն Սահմանադրական դատարան: Այդ մասին նրանք կհայտարարեն այսօր:




Լրահոս