ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներն այժմ բուռն աշխատանքներ են իրականացնում՝ հանձնաժողովի աշխատանքների եզրակացությունը պատրաստելու ուղղությամբ: Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ընթացքում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները:
-Տիկի՛ն Պողոսյան, ի՞նչ փուլում են քննիչ հանձնաժողովի աշխատանքները, քանի որ արդեն հիմնական հանդիպումներն ավարտվել են, եւ հանձնաժողովը պետք է եզրակացություն ներկայացնի, ի՞նչ իրավիճակ է այդ առումով:
-Մեր իրավաբանները այժմ առանձին են եզրակացությունը գրում, մենք պատգամավորներով առանձին ենք մեր եզրակացությունը անում, որը հետո մենք համադրելու ենք եւ ընդհանուր եզրակացությունը գրելու ենք միասին: Այսինքն՝ աշխատում ենք այդ ուղղությամբ:
-Այսինքն՝ առանձի՞ն եք ամեն մեկդ աշխատում հանձնաժողովի անդամներով:
-Պարոն Քոչարյանից ցուցում ենք ստացել, որ մենք էլ առանձին եզրակացություն գրենք, որպեսզի հետո մենք հետագայում միասին ընդհանուր եզրակացություն ունենանք: Մենք փորձում ենք, որ մինչեւ օգոստոս ունենանք եզրակացությունը, բայց որքանով հասկանում եմ, դա կլինի սեպտեմբերին, երբ կմեկնարկեն խորհրդարանի աշխատանքները: Մենք հիմա գրում ենք այն, ինչ նկատել ենք, այսինքն՝ բաներ, որոնք գուցե մեկը չի նկատել, մյուսն է նկատել, մենք դրանք ենք այժմ գրում, հետո եզրակացության վրա մենք կաշխատենք միասին: Իսկ մեր իրավաբանական խումբը վերլուծում է այն փաստաթղթերը, այն ձայնագրությունները, որոնք իրականացվել են մեր կատարած աշխատանքների ժամանակահատվածում:
-Իսկ ընդդիմությունը մասնակցո՞ւմ է այս պրոցեսներին, արդյոք ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորները ե՞ւս եզրակացության վրա աշխատանքներ իրականացնում են:
-Ես չեմ կարող ասել, որովհետեւ իրենք 4, թե 5 նիստի առհասարակ չեն մասնակցել, ԼՀԿ-ն քաղաքական բոյկոտ էր հայտարարել, հետո, չգիտեմ, իրենք ծանոթացել են վերջին նյութերին, թե չեն ծանոթացել: ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Վարդան Վարդանյանը առհասարակ երեք ամիս է՝ նիստերին չի մասնակցել:
-Բայց, կարծես թե, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի չներկայանալը նիստին պայմանավորված էր կորոնավիրուսի տարածման հետ, իսկ Վարդանյանն էլ ռիսկային խմբում էր գտնվում, որ արգելվում էր նման հանդիպումների մասնակցելը:
-Տարիքային հարցի հետ կապված, այո, Վարդանյանը դիմել էր, իսկ պարոն Քոչարյանն էլ ընդառաջել էր, ինքը հանձնաժողովի նիստերին էլ չի գալիս ռիսկային խմբում լինելու համար, բայց ես տեսա, որ Վարդանյանին տարել են ԲՀԿ-ի հետ կապված ցույցերին, ԱԱԾ շենքի բակում էր պատգամավորը, իսկ այնտեղ հարյուրավոր մարդիկ կային: Ես անհանգստացա իր առողջության համար, չէր կարելի նման բան անել:
-Իսկ ԼՀԿ խմբկացության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն արդյոք մասնակցո՞ւմ է այդ պրոցեսներին, քանի որ վերջինս նշել էր, որ իրենց տեղյակ չեք պահում կատարվող աշխատանքների, հանդիպումների մասին:
-Իրենք չեն գալիս հանձնաժողովի նիստերին, չեն մասնակցում, իրենք հայտարարում են՝ քաղաքական բոյկոտ է, մենք էլ իրենց խոչընդոտո՞ւմ ենք: Նման բան չկա: Հակառակը՝ ինքը եկավ, պարոն Քոչարյանն իրեն ասեց, որ ժամանակ գտնի, գնա, մենք, գիտեք, առանձին աշխատանքային սենյակ ունենք, կահավորված եւ փակված, ասել է՝ գնա ձայնագրությունները լսի մեր կատարած աշխատանքների, քանի որ հետ է մնացել, ինչին ինքը շատ դժգոհ դեմքի արտահայտությամբ դուրս եկավ: Իրենք նիստերին չեն գալիս, ես չգիտեմ՝ իրենք առանձին եզրակացության վրա աշխատում են, թե չէ: Ես որեւէ տեղեկություն չունեմ: Գեւորգ Գորգիսյանը եւ Ռուբեն Ստեփանյանը քաղաքական ինտրիգները վեր են դասում ազգային անվտանգությունից: Իմ համար Ապրիլյան հանձնաժողովը առաջնահերթ միջոց է՝ հասկանալու համար, թե մենք բանակում ինչ խնդիրներ ունենք, ու ոնց այդ խնդիրները լուծենք, ոչ թե ում պետք է, դատենք, ինչ պետք է, անենք, այլ, օրինակ, ես ինձ համար խնդիր եմ դրել հասկանալու համար, թե թույլ օղակը որտեղ է, ոնց օգնեմ իմ բանակին, որ պետությունը երկրորդ անգամ երբեւէ նման բանի առաջ չկանգնի: Շատ լավ կլիներ, որ իրենք էլ գային մասնակցեին ու սրտացավ լինեին: Վարդանյանն էլ երեք ամիս չի եղել, Սողոմոնյանն էլ հաշված նիստերի է մասնակցել առհասարակ: Մենք որեւէ բան այդ առումով չենք կարող անել, դա իրենք են որոշել այդպես անել:
ԴԱՏԻ ԷՐ ՏՎԵԼ ՈՒ ՍՏԱՑԵԼ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ
«Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,-երեկ լրագրողների հետ զրույցում այդպիսի հայտարարություն էր արել Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին սահմանադրական փոփոխությունների նախագիծ ընդունեց, համաձայն որի՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է:
Նկատենք, որ խոսքը նաեւ աշխատանքի ընդհանուր տեւողության մասին է, եւ հենց ընդունված նախագծում խոսք է գնում ընդհանուր տեւողության մասին: 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։ Եվ չնայած Գյուլումյանը հայտարարում է, թե 2014-ից է հաշվարկվում իր՝ դատավորի պաշտոնի ստանձման ժամկետը, այնուամենայնիվ, չմոռանանք, որ նա Սահմանադրական դատարանի դատավոր է եղել նաեւ 1996-2003 թվականներին, եւ նախագծում հստակ նշված է, որ վերաբերում է այն դատավորներին, որոնք պաշտոնավարում են 12 տարի անընդմեջ:
Եվ, ահա, Գյուլումյանի այս հայտարարությունները «Ժողովուրդ» օրաթերթին հիշեցրեց, թե ինչպես էր Ալվինա Գյուլումյանը տարիներ առաջ ստիպել Սահմանադրական դատարանին վճարել իր պարգեւավճար-հավելավճարը: Նա համարում էր, որ, լինելով ՄԻԵԴ դատավոր, պետք է ստանար նաեւ ՍԴ դատավորի կարգավիճակում իրեն հասանելիք հավելավճարները: Նույնիսկ դատական ճանապարհով գնաց եւ ստիպեց ՀՀ ՍԴ-ին վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար 047 դրամ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գյուլումյանից պարզել՝ ինչպես է ստացվում, որ մի դեպքում ասում է, թե 12 տարի չի պաշտոնավարել, ընդմիջումներով է աշխատել, հետեւաբար Աժ-ի ընդունած օրենքը իրեն չի վերաբերում, բայց մյուս դեպքում համարում է, որ իր ՍԴ դատավորի համար հասանելիք հավելավճարները պետք է ստանա: «Եվրոպական դատարանում աշխատելով՝ շարունակել եմ լինել դատավոր: Դա ուրիշ հարց է: Դա հենց նշանակում է, որ ես իրականում աշխատել եմ ընդհատումներով: Եվ ես դա ասում եմ 2018 թվականին ընդունված Դատական օրենսգրքի ուժով», – հայտարարեց նա:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՕՐԵՆՔՆԵՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ
Հունիսի 24-ին գումարվող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 12 հարց: Պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքների նախագծեր: Խորհրդարանին կներկայացվի նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020թ. մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Պատգամավորները կքննարկեն ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը եւ կլսեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019թթ., ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:
ՊԱՐՏԱՎՈՐ ԿԼԻՆԵՆ
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ համոզված է՝ երեկ ԱԺ-ում ընդունված նախագիծը իրեն չի վերաբերում, ինքը շարունակելու է որպես ՍԴ անդամ պաշտոնավարելը, իսկ եթե փորձեն հեռացնել, ապա կդիմի Վարչական դատարան, իսկ ներպետական ատյանները սպառելուց հետո՝ նաեւ Եվրադատարան: Հիշեցնենք, որ երեկ Աժ-ն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ են անելու, եթե ՍԴ անդամները հրաժարվեն լքել իրենց աշխատասենյակները եւ անգամ դիմեն ՄԻԵԴ, ինչպես հայտարարեց Գյուլումյանը: Մեզ հետ զրույցում նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտարարեց. «էմոցիոնալ հայտարարություններ չենք մեկնաբանում: Ուժի մեջ մտնելու պահից բոլորը պարտավոր կլինեն ենթարկվել Սահմանադրությանը»: Երեկ ընդունվել է նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի միայն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն: Նախագահականից դեռեւս չեն շտապում մեկնաբանել տեղի ունեցածը. նախագահն ունի օրենքով սահմանված 21-օրյա ժամկետ մինչ ստորագրելը։