Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2021-2025 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Այն ներկայացնում է առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները եւ այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները: Հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային եւ մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը:
2020 թվականի պետական բյուջեի պլանավորման գործընթացների շրջանակում ՊԵԿ կողմից ներկայացված արդյունքային ցուցանիշների մեջ 2025 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը թիրախավորվել է 23.6 տոկոս, որը հանդիսանում է ծրագրային բյուջետավորման շրջանակներում ՊԵԿ կողմից ներկայացված երկու ուղենիշային ցուցանիշներից մեկը (երկրորդը հարկային վարչարարության արդյունավետության ցուցանիշն է, որը 2025 թվականի համար թիրախավորվել է 1.37 տոկոս):
Ռազմավարական ծրագրով ՊԵԿ-ն առաջիկա հինգ տարիների համար իր առջեւ դրել է 5 զարգացման ռազմավարական նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների, եւ որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում (գործողություն)։
Առաջին ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրականացման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապատասխանեցված եւ անվտանգության բարձր մակարդակ ապահովող ենթակառուցվածքների ներդրմամբ հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցումը, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը եւ հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագործումը:
Երկրորդ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համահունչ նորագույն լուծումներով հարկային եւ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը եւ ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ (աննկատ) վարչարարության իրականացում եւ ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյունավետ հսկողության իրականացում:
Երրորդ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիականացումն է, ինչպես նաեւ ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային եւ մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ՝ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության ապահովման համար, նաեւ ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ եւ արդյունավետ հսկողական գործընթացներ:
Չորրորդ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսության մթնոլորտի ձեւավորումն է, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության մասնակիցների միջեւ փոխհարաբերությունների բարելավումը, որը կնպաստի ՊԵԿ գործունեության նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ հարկային կարգապահության բարելավմանը:
Հինգերորդ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համապատասխանում եւ նպաստում է սահմանված գործառութային նպատակների արդյունավետ իրագործմանը։ Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների եւ աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուցման՝ վարձատրության եւ մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնագիտական զարգացումը եւ աշխատանքային արդյունավետությունը։
Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ՍԴ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ի վերջո ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ անելու մասին նախագիծը: Ըստ այդմ, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կավարտվեն, քանի որ նրանք պաշտոնավարել են 12 տարուց ավելի:
«Ժողովուրդ» օրաթերթն իր շարքի շրջանակներում այսօր կներկայացնի, թե որքան ունեցվածք ունեն հենց այն անձինք, ովքեր առաջիկայում հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Հրայր Թովմասյանը, որը ՍԴ նախագահից դառնալու է շարքային անդամ, 2019 թվականին ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի գնել: Սակայն 2019 թվականի դրությամբ նա ունի 3 հողամաս, 2 բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ առանձնատուն: Հրայր Թովմասյանն իր բանկային հաշիվների վրա պահում է 3 մլն դրամ եւ 5 հազար դոլար, իսկ առձեռն՝ 26 մլն դրամ եւ 22 հազար դոլար: Թովմասյանը Սահմանադրական դատարանից որպես աշխատավարձ ստացել է 14 մլն դրամ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից 180 հազար դրամ, որպես այլ եկամուտ նշել է մեկ մլն դրամ եւ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն էլ 1300 դոլար է:
Ալվինա Գյուլումյանը հայտարարագրել է երկու բնակարան, որոնցից մեկը` Ֆրանսիայում, մեկը` Երեւանում, մեկ ավտոտնակ, երկու հողամաս, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա: Բանկում նա նախորդ տարի ունեցել է 11 314 եվրո եւ 1 մլն 434 հազար դրամ: Կանխիկ դրամը 2019 թ.-ին եղել է 6,200 եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը 2019 թ-ին եղել է աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, վարձակալությունից եւ փոխառությունների ստացված գումարը` 19 մլն 724 հազար դրամ եւ 4700 եվրո:
Մյուս հեռացող դատավոր Հրանտ Նազարյանը 2019 թ-ին հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ, բանկում 8 հազար դրամ, կանխիկ՝ 2 հազար եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը 2019-ին եղել են աշխատանքի վարձատրությունն ու փոխառությունները:
Իսկ, ահա, Ֆելիքս Թոխյանն ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ: ՍԴ դատավորը բանկում ունեցել է 2 մլն 300 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 2 մլն 500 հազար դրամ եւ 5 հազար դոլար: Նրա մեկ տարվա եկամուտը գոյացել է ՍԴ-ում իր աշխատավարձից, կենսաթոշակից, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում աշխատանքի վարձատրությունից:
Ն.Հ.
ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ Տավուշի մարզում ապօրինի անտառհատումները 10 անգամ նվազել են, սակայն դրա հետ մեկտեղ վերջին տարում ավելի շատ ապօրինի անտառհատումներ են հայտնաբերվել, քան նախորդ տարում։ Մարզպետը կարեւորում է «Հայանտառի» համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը, դա վերաբերում է աշխատողների աշխատանքային ռեժիմին, նրանց վարձատրությանը, աշխատողների կողմից տեխնիկական արդի հնարավորությունների օգտագործմանը: Ըստ Հ. Չոբանյանի՝ քաղաքացին չպետք է անտառում փայտանյութ պատրաստի, այլ փայտը պետք է գնի «Հայանտառի» անտառտնտեսությունների պահեստներից։
ՄԱՔՍԱՆԵՆԳ ԹՄՐԱՄԻՋՈՑ ԵՆ ՆԵՐԿՐԵԼ
Կարեն Հովհաննիսյանին եւ նրա ընկերոջը՝ Արա Քոթանջյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախկինում դատապարտված լինելով թմրամիջոցների ապօրինի իրացման համար, 2019թ. դեկտեմբեր ամսին նախնական համաձայնության են եկել, ձեռք բերել «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, մաքսանենգությամբ տեղափոխել ՀՀ եւ այն ՀՀ-ում ապօրինի իրացնել։ Ըստ քրեական գործի նյութերի՝ Ա. Քոթանջյանը որպես ուղեւոր Կ. Հովհաննիսյանի հետ վերջինիս կնոջը՝ Լիլիթ Ռաշոյանին պատկանող «ՎԱԶ-21130-120» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են ՌԴ։ 2019թ. դեկտեմբերի 18-ի առավոտյան նրանք ՀՀ Բագրատաշենի անցակետով հատել են ՀՀ սահմանը՝ դեպի Վրաստան, որտեղից էլ նույն օրը մուտք են գործել ՌԴ։ Այնուհետեւ նրանք քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 516 հաբ, որոնք մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու նպատակով թաքցրել են 6 հատ «Լենտիլկի» գրառմամբ կոնֆետների տուփերի մեջ՝ խառնելով կոնֆետների հետ։ 2019թ. դեկտեմբերի 21-ին նրանք հատել են ՀՀ սահմանը, որից հետո Ա. Քոթանջյանը ժամը 17:48-ին որպես ուղեւոր հետիոտն, իսկ Կ. Հովհաննիսյանը, վարելով հիշյալ ավտոմեքենան, ժամը 17:45-ին հատել են ՀՀ պետական սահմանը։ 2019թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում հիշյալ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 516 հաբ, որը թաքցված է եղել կոնֆետների տուփերի մեջ։ Կարեն Հովհաննիսյանին եւ Արա Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրանք կալանավորվել են։ 2017թ. հունիսի 17-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը, քննության առնելով ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը, որոշել է Կարեն Հովհաննիսյանի եւ Արա Քոթանջյանի նկատմամբ ընտված «կալանավորում» խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչեւ դատաքննության ավարտը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ