«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին շաբաթն է։ Այս ուրբաթ Հրայր Թովմասյանն օրենքի ուժով պետք է ազատի նախագահի աշխատասենյակը, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը», – երեկ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այս փոփոխություններով Սահմանադրական դատարանում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն, իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչեւ ամբողջ կազմը համալրելը եւ այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Իսկ ի՞նչ է սպասվում դատավորների թափուր տեղերի առկայության դեպքում: ԱԺ նախագահի կողմից օրենքը հրապարակելուց ՝ Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի՝ ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ առաջադրումները պետք է կատարվեն դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից էլ հունիսի 24-ին ստորագրված եւ մինչ այդ Ազգային ժողովի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով էլ՝ բոլոր երեք թափուր տեղերի համար թեկնածուների քվեարկությունները տեղի կունենան նույն օրը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Բայց հիմա բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ե՞րբ եւ ինչպե՞ս կատարել ՍԴ դատավորների ընտրությունը խորհրդարանում, որ հնարավոր լինի համապատասխան քանակով պատգամավորների մասնակցությունը ապահովել: Նշենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությանը անհրաժեշտ կլինի ընդհանուր ձայների երեք հինգերորդի` նվազագույնը 79 պատգամավորի կողմ ձայներ, որպեսզի ՍԴ երեք անդամներն էլ ընտրվեն, եւ կազմը համալրվի: Բանն այն է, որ կորոնավիրուսը հասել է Ազգային ժողով. երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության տասնյակից ավել պատգամավորները, իսկ մինչ այդ էլ հայտնի էր դարձել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի վարակակիր լինելու մասին: Եվ խորհրդարանում հիմա կան մեկուսացած պատգամավորներ բոլոր խմբակցություններում:
Ինչպես հայտի է, հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում առկա հոդվածի սահմանադրականության հարցը, եւ իշխանությունները ցանկանում են արագացնել այդ գործընթացը, որպեսզի մինչ այդ հարցի քննությունը լինի նոր կազմ: Եվ հիմա այս իրավիճակում, երբ կորոնավիրուսը հասավ խորհրդարան, իշխանությունները դեռ չգիտեն՝ ինչպես անել, երբ կազմակերպել ՍԴ նոր անդամների ընտրությունը, որպեսզի չկանգնեն փաստի առջեւ:
Վերջին օրերին լայնածավալ ճնշումներ են գործադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ ճնշումները եղել են ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ականների տարբեր թեւերից, ինչպես նաեւ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Նրանք բոլորն էլ իրենց հերթին «մեսիջներ» են ուղարկել ու հանդիպումներ փորձել ունենալ լուսավորականների հետ, բայց չի ստացվել: Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին եւ դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքին եւ հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ եւ ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաեւ, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին եւ, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռեւս չեն կողմնորոշվում՝ ինչ պաշտոնի նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որն աշխատանքից ազատվել էր հունիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր անց: Մենք գրել էինք, որ քննարկումներ են ընթանում նրան ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ՝ Մովսես Հակոբյանի փոխարեն, սակայն տեղեկացանք, որ քննարկումները ՊՆ-ում այնքան էլ լավ չեն ընդունվել: Մեր տեղեկություններով՝ շատերը համարել են, որ Դավթյանին Հակոբյանի փոխարեն բերելով՝ կարող են նոր խնդիրների առաջ կանգնել, ուստի լավ կլինի նրա համար նոր պաշտոն մտածել: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշել են՝ լավ կլինի Արթուր Դավթյանին տանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։ Եվ ստացվում է, որ 2021 թվականին լրանում է Բաղմանյանի պայմանագրի ժամկետը, եւ միգուցե ՊՆ-ում չսպասեն ժամկետի ավարտին: Ի դեպ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն՝ Դավթյանին որեւէ պաշտոնում նշանակելու հարցում ակտիվություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը Արտակ Դավթյանի մտերիմ ընկերն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաեւ հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները: Ըստ մեր տեղեկությունների՝ կան նաեւ պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չբացառեց, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, եւ, նրա խոսքով, դրանք պարբերաբար բնույթ են կրում: «Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են», – նշեց նա: