ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքն» օգտագործելու է քաղաքական նպատակներով». քաղաքագետ, տարածաշրջանային քաղաքականության մասնագետ Սերգեյ Հովհաննիսյան:

 

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող Անդրանատոլիական խողովակաշարի կառուցման ֆինանսավորման համար, ըստ էության հայտարարեց, որ Ադրբեջանն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ավարտին կհասցնի Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարման «մանդատ» ունեցող «Հարավային գազային միջանցք» նախագիծը:

Ինչպես գիտենք, ԵՄ էներգետիկ անվտանգության գերակայություններից մեկի՝ «Հարավային գազային միջանցք» բազմաբաղադրիչ խողովակաշարային նախագծի իրականացման արդյունքում ԵՄ-ը լրացուցիչ ճանապարհով՝ Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ խողովակաշարերով, նախատեսում է կասպյան եւ մերձավորարեւելյան շուկաներից գազ հասցնել Եվրոպա: ԵՄ էներգետիկ ներկրումների իրականացման ըստ էության չորրորդ՝ «Հարավային գազային միջանցքով» եվրոպական շուկա բնական գազի մատակարարման հնարավորությունների համատեքստում շարունակաբար իրատեսական է համարվել ադրբեջանական գազի արտահանման սցենարը, սակայն տարիներ շարունակ եւ հատկապես հիմա ընթանում են բավականին լայն քննարկումներ՝ «Հարավային գազային միջանցքով» բնական գազի պաշարներով աշխարհում չորրորդը համարվող Թուրքմենստանի գազի արտահանման վերաբերյալ («Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության տվյալներով՝ 2019թ. վերջին բնական գազի պաշարներով Թուրքմենստանը զիջում է միայն ՌԴ-ին, Իրանին եւ Քաթարին):

Առաջին հայացքից «Հարավային գազային միջանցքով» թուրքմենական գազի մուտքը եվրոպական շուկա հիանալի գաղափար է թվում: Երկրում առկա է ճգնաժամ, որից դուրս գալուն կարող են նպաստել հենց բնական գազի արտահանման հաշվին գոյացող եկամուտները: ԵՄ-ն էլ, իր հերթին, ձգտում է էներգամատակարարումների աղբյուրների եւ ուղիների բազմազանեցման, որպեսզի կարողանա թուլացնել իր էներգետիկ շուկայում ծանրակշիռ դերակատարություն ունեցող Ռուսաստանի դիրքերը: Եվրոպայում դեռ թարմ է հիշողությունը ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, երբ Ռուսաստանն ուղղակի դադարեցրեց գազամատակարարումներն Ուկրաինային՝ արդյունքում վնասելով նաեւ ԵՄ երկրներին, որոնք Ուկրաինայի տարանցիկ ճանապարհով մեծածավալ գազ էին ներկրում ՌԴ-ից: Սակայն իրավիճակն այդքան էլ պարզ չէ: Թուրքմենական գազը «Հարավային գազային միջանցքով» Եվրոպա մատակարարելու հնարավորություն ընձեռող տարբերակ կարող է լինել Անդրկասպյան խողովակաշարը, սակայն տարիներ շարունակ այս տարբերակին դեմ են հանդես գալիս եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Իրանը` ըստ էության շեշտադրումն անելով բնապահպանական ռիսկերի վրա: Ռուսաստանը եւ Իրանը դրանց անդրադարձան, օրինակ, 2019թ. օգոստոսին 12-ին Թուրքմենստանում տեղի ունեցած Կասպյան տնտեսական ֆորումի ժամանակ, երբ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւը շեշտեց, որ Կասպից ծովի հետ առնչություն ունեցող բոլոր նախագծերը պիտի ենթակա լինեն անկողմնակալ բնապահպանական ուսումնասիրության: ՌԴ վարչապետն, ըստ էության, հաշվի էր առել նաեւ այն մասնագիտական մտահոգությունները, որոնք վերաբերում են ծովի հատակով խողովակաշարի անցկացման անվտանգությանը. մասնագետները շատ են վկայակոչում սեյսմիկ ռիսկերը՝ դրանց համատեքստում խոսելով այդ գոտում երկրաշարժերի մեծ հավանականության եւ դրանց ծանր հետեւանքների մասին: Բնապահպանական գործոնով պայմանավորված՝ խողովակաշարի կառուցմանը դեմ լինելու հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Բ. Նամդարին: Անդրկասպյան խողովակաշարի անցկացման հետ կապված խնդիրներ կան նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասով: Իհարկե 2018թ. կնքված նոր պայմանագիրը ի չիք դարձրեց որոշակի մտահոգություններ ափամերձ պետությունների շրջանում, եւ շատ չանցած՝ ԱՄՆ-ն օգտվեց հերթական հնարավորությունից՝ հանդես գալով Ռուսաստանի էներգետիկ աշխարհաքաղաքականության շահերին հակադրվող հերթական հայտարարությամբ: Դ. Թրամփը նախագահ Գ. Բերդիմուգամեդովին ուղղված մեսիջում մասնավորապես հույս հայտնեց, որ Թուրքմենստանն առաջիկայում ի վիճակի կլինի օգտվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից եւ կսկսի համագործակցել Արեւմուտքի հետ՝ իր գազը եվրոպական շուկա մատակարարելու համար: Սակայն իրավաբանները Անդրկասպյան խողովակաշարի կառուցման իրավական ասպեկտներին անդրադառնալիս ընդգծում են Կասպից ծովի ափամերձ պետությունների միջեւ լրացուցիչ պայմանագրերի անհրաժեշտությունը: Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Իրանի հստակ ընդդիմադիր կեցվածքը նոր Անդրկասպյան խողովակաշարի կառուցման վերաբերյալ՝ կարող ենք կանխատեսել, որ այդ պայմանագրերի կնքման հնարավորությունները խիստ սահմանափակ են: Քաղաքական առումով Ռուսաստանը շատ լավ է գիտակցում, որ եվրոպական շուկա թուրքմենական գազի մուտքն իրականում ի վիճակի է որոշակի արդյունավետության հարված հասցնել ԵՄ էներգետիկ շուկայում իր ներկայիս դիրքերին: Սակայն Անդրկասպյան խողովակաշարի կառուցման խնդիրների, «Հարավային գազային միջանցքի» ոչ այդքան մեծ հզորության պայմաններում գոնե այս փուլում նախագիծը եվրոպական շուկայում չի կարողանա «իրավիճակ փոխել»: Որպեսզի ավելի հստակ լինի, պետք է նշենք, որ, օրինակ, 2018թ. «Գազպրոմը» եվրոպական երկրներ է մատակարարել ընդհանուր առմամբ 200.8 միլիարդ խմ գազ, մինչդեռ Անդրանատոլիական խողովակաշարի հզորությունը տարեկան 31 մլրդ խմ է, իսկ այս պահին՝ 16 մլրդ, որից 6 մլրդ-ը նախատեսվում է մատակարարել Թուրքիային: Ընդ որում, Անդրանատոլիական խողովակաշարին միացող եւ «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող Անդրադրիատիկ խողովակաշարի նախնական 10 մլրդ խմ հզորությունը հավելյալ մատակարարումների արդյունքում կազմելու է լոկ 20 մլրդ խմ: Հետաքրքրական է նաեւ, որ «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության տվյալներով՝ 2019թ. Ադրբեջանն արդյունահանել է 24.3 մլրդ խմ գազ, իսկ սպառումը կազմել է 11.8 մլրդ խմ, արտահանվել է ընդամենը 11.5 մլրդ խմ: Նույն ցուցանիշների պահպանման դեպքում վստահաբար կարող ենք ասել, որ միջանցքի բացումը եւ զուտ ադրբեջանական գազի մատակարարումը եվրոպական էներգետիկ շուկայում նկատելի տեղաշարժեր չի խոստանում: Իսկ տարածաշրջանային առումով ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ «Հարավային գազային միջանցքի» լիարժեք աշխատանքն ու նշված խողովակաշարային ճանապարհով ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա:

Միջանցքով գազի վաճառքից ստացվող եկամուտներն Ադրբեջանը կարող է օգտագործել նոր սպառազինությունների ձեռքբերման նպատակով: Կարծում եմ՝ դա սաստկացնելու է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը՝ մեծացնելով տարածաշրջանային իրադրության ապակայունացման հնարավորությունը: Նախագիծը Ադրբեջանի ձեռքին կարող է դառնալ խաղաքարտ արցախյան հարցում եվրոպական պետությունների ադրբեջանակենտրոն մոտեցման ձեռքբերման ուղղությամբ: Այս առումով հետաքրքրական է, որ արդեն իսկ՝ ԵՄ էներգետիկ անվտանգության տեսանկյունից մեծ կարեւորություն ներկայացնող «Հարավային գազային միջանցք» նախագծի լիարժեք իրականացումից ընդամենը մի քանի ամիս առաջ, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել համատեղ ադրբեջանամետ հայտարարությամբ: Այս պայմաններում հրատապ անհրաժեշտություն է առաջանում բավականին ակտիվ հակադարձել եվրոպական շրջանակներից, այդ թվում նաեւ՝ առաջիկայում իրականացվող ադրբեջանամետ հայտարարություններին՝ հատուկ ընդգծելով, որ, օրինակ, տարածաշրջանային համագործակցության ապահովման՝ ԵՄ հարավկովկասյան քաղաքականության առաջնահերթությունը, սկսած 1990-ական թվականներից առ այսօր, լրջագույն խոչընդոտների է հանդիպում, որի վկայությունը տարածաշրջանային էներգետիկ նախագծերից թուրք-ադրբեջանական ջանքերով եւ եվրոպական լուռ համաձայնությամբ ՀՀ մեկուսացվածությունն է: Բացի այդ, ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում առաջընթացի ապահովմանը նպաստելու Ադրբեջանի ներուժը զգալիորեն նվազեցրել է վերջինիս նկատմամբ ԵՄ-ի «նորմատիվային ազդեցության» հնարավորությունները: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ օգտագործել այն մոտեցումը, որ ԵՄ-ի հարավկովկասյան քաղաքականության հիմքում դրված՝ շահերի եռամիասնական համակարգը (էներգետիկ շահեր, տարածաշրջանային կայունություն եւ համագործակցություն, արդյունավետ պետության կառուցում) առավել եւս «Հարավային գազային միջանցքի» լիարժեք աշխատանքից հետո արդյունավետ գործառնման տեսանկյունից նկատելի խնդիրներ է առաջացնելու, ինչպես ականատես ենք եղել նախկինում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարային ծրագրերի իրականացման ժամանակ: Եվ չնայած տարիներ առաջ Հանձնաժողովի՝ «ԵՄ էներգետիկ շահերի սպասարկմանն ուղղված արտաքին քաղաքականություն» փաստաթղթում ընդգծվել էր անհրաժեշտությունը համատեղել ԵՄ արտաքին քաղաքականության էներգետիկ բաղադրիչը հակամարտությունների կարգավորման եւ լուծման հետ, այդուհանդերձ Կասպյան ավազանը նշված միջանցքով եվրոպական շուկային կապող այս նախագծի իրականացման արդյունքում Ադրբեջանի կողմից սպառազինությունների կուտակման եւ ռազմական ճանապարհով արցախյան խնդրի լուծման նպատակադրության, նախագծում իր կարեւորության շեշտադրման եւ օգտագործման հաշվին Ադրբեջանի կողմից իր քաղաքական շահերն առաջ տանելու պայմաններում Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները դառնալու են է՛լ ավելի անորոշ:

ՍԵՐԳԵՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Սահմանապահ Ոսկեպարում 8 ամիս առաջ գործարկվել է լուսադիոդային (LED) լուսարձակներով գործող արտաքին լուսավորության համակարգ: Տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել է մի ամբողջ թաղամաս՝ շուրջ 1.5 կմ ճանապարհ: Համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն աջակցել են «Վիվա-ՄՏՍ»-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Իր ներդրումն է ունեցել նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարանը: Ոսկեպարում արդեն հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Գործակցող կողմերն էլ որոշել են շարունակել եւ գրեթե ամբողջությամբ լուծել խնդիրը: Ազդարարվել է երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է 1250մ-ով ավելացնել գյուղի լուսավորված փողոցների հատվածը: Այդ ամենը հաստատող տեսազանգի ընթացքում քննարկվել է սահմանապահ գյուղերում երկարաժամկետ եւ թիրախային ծրագրի կարեւոր ազդեցության հարցը: Գործակցող կողմերը վստահ են, որ ծրագիրը թույլ է տալիս սահմանապահ գյուղերում բարձրացնել մարդկանց կյանքի անվտանգության աստիճանն ու խնայել համայնքային միջոցները:

«Ձեզ հետ չեմ ֆիզիկապես, բայց կարեւորն արդյունքն է։ Սահմանապահ գյուղերի նկատմամբ մեր վերաբերմունքն անփոփոխ է։ Ամեն տարի ձգտում ենք որոշակի ներդրում ունենալ, որպեսզի դուք միշտ վստահ լինեք, որ մեզ բաժանում է միայն ֆիզիկական հեռավորությունը, եւ որ դուք մենակ չեք։ Նման ծրագրերի միջոցով մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը եղել ու մնում է մեր կարեւոր նպատակներից։ Ամո՛ւր մնացեք, ամո՛ւր պահեք մեր սահմանները եւ առո՛ղջ եղեք»,-ասել է «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Լուսավորությունն առաջնային է սահմաններում: Արդեն 4 տարի դուք աջակցում եք, որպեսզի մեր տարածաշրջանում լուծվի այդ խնդիրը: Այդ ամենը ոգեւորում է գյուղացուն, ով հպարտ կանգնած է իր հողի վրա: Խնդրի կարգավորումը կարեւոր է գիշերային ժամերին մարդկանց անվտանգությունն ապահովելու եւ համայնքի միջոցները խնայելու տեսանկյունից»,- ասել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

«Ծրագրի երկրորդ փուլի համար կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են: Հենասյուների տեղակայման տեղերն ընտրված են, հենասյուներն ու լույսերը պատվիրված են: Շինարարական աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Երբ այդ ամենն ավարտենք, կարելի է վստահաբար ասել, որ 95%-ով լուսավորված Ոսկեպար կունենանք»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը: Ծրագրի ձեռքբերումները կարեւոր են համարում նաեւ բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ու համայնքի բնակիչները: Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման համար տարիների գործընկերները՝ «Վիվա-ՄՏՍ»-ն ու FPWC-ն, չափազանց կարեւոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, որոնց հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: Բնապահպանական եւ էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար:

Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչեւ գիշերվա 01:00-ն:




Լրահոս