ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Որպես օրենքի համահեղինակ սա իմ անձնական դիրքորոշումն է Հայաստանում ՌԴ դեսպանատան՝ նախօրեին տարածած հայտարարության առընչությամբ։
Հունիսի 27-ին՝ շաբաթ օրը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տարածել է ծավալուն հայտարարություն՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին: Թեև հայտարարության մեջ որպես հերթապահ ձևակերպում նշվում է, թե օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, սակայն հայտարարության ողջ բովանդակությունն ու ոգին ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ ներքին գործերին կոպտորեն միջամտելու փորձ։ «Նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:
Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք քննարկումների ընթացքին։ Բայց ի՞նչ, եթե մի փոքր ավելի լայն դիտարկենք նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը: Անխոս, դրա ընդունումը կհանգեցնի լրատվական ոլորտի տարածքի բավականին լուրջ վերափոխմանը: Նոր պայմաններում արտասահմանյան հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Այսինքն՝ անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից: Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին: Մենք սպասում ենք հայ գործընկերների պատասխանին: Քննարկան կարևոր բաղկացուցիչներից է հանդիսանում, այսպես կոչված, «լեզվային» անվտանգությունը։
Որքան մենք հասկանում ենք, նրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով պարտադիր «ուղեկցումը»։ Կրկին, փաստորեն, խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։
Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենը ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ, ինչ-որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ-որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում, և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վկայականների ճանաչման հետ կապված աղմկահարույց իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ։ Սակայն չնայած դրա բացակայությանը, հասկանալով տվյալ հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար՝ ռուսական կողմը դրսևորում է կառուցողական տրամադրվածություն և արտահայտում է պատրաստակամություն միացյալ ուժերով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդ բարդ և համալիր հարցին գտնելու ընդունելի որոշում՝ հաշվի առնելով մեր երկու երկրների հատուկ կապերը։
Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք վկայում են Հայաստանում ռուսերենի առանձնահատուկ դերի մասին, ինչը մեր հարաբերությունների իրականության ուղղակի արտացոլումն է»,- նշված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ, որը, ըստ դրա հեղինակների, ընդամենը մտորում է և ոչ մի դեպքում չի հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։
Դեսպանատան հայտարարության մեջ նշված են նաև մի քանի ռուսական հեռուստաընկերությունների անուններ, որոնք, ըստ նույն հայտարարության, բարձր վարկանիշ ունեն հայկական լսարանում։ Հայտարարության տեքստի ոգին այնպիսին է, որից տպավարություն է ստեղծվում, թե «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը հակառուսական ուղղվածություն ունի։ Դա մեծագույն մոլորություն է, իսկ այդպիսի կարծիք արտահայտելը՝ իրականությունը մանիպուլացնելու դատապարտելի փորձ։
Իրականում նոր օրենքով ազգային մուլտիպլեքսում շարունակելու են հեռարձավել այն օտարկերյա հեռուստաընկերությունները, որոնց հետ առկա են միջպետական պայմանագրեր։ Հենց այդ հիմքով, օրինակ, ռուսական «Ռոսիյա 24» հեռուստաընկերությունը շարունակելու է հեռարձակվել Հայաստանի ազգային մուլտիպլեքսում, իսկ, ասենք ամերիկյան CNN–ը՝ այլևս չի հեռարձակվելու, եթե չունենա միջպետական պայմանագիր։
Այսպիսով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը քողարկված կերպով իրականում միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ներկայացնելով Հայաստանի օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենսդրական ակտի վերաբերյալ։ Զուգահեռաբար, Ռուսաստանի դեսպանատունն իր հայտարարությամբ նրբորեն օրակարգ է բերում Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի հարցը, որը տարբեր տարիներին տարբեր փաթեթավորումներով եղել է խնդրո առարկա և արժանացել է հայ հասարակության միարժեք բացասական վերաբերմունքին։
Որպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համահեղինակ, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի դեսպանատան՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու անթաքույց փորձը։ Սա իրականում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված կոպիտ ոտնձգություն է՝ փաթեթավորված դիվանագիտական մեղմ ձևակերպումներով։ Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ, այդ թվում՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրելու և համապատասխան վերաբերմունք փոխանցելու տեսքով։
Խնդիրն առնչվում է մեզ համար չափազանց նուրբ հարցի՝ երկրի տեղեկատվական ու լեզվական անվտանգությանը, որի դեմ ցանկացած ոտնձգություն պետք է համարվի որպես Հայաստանի ազգային անվտանգության ու ինքնիշխանության դեմ ուղղված քայլ՝ դրանից բխող համապատասխան ու համարժեք հետևանքներով»։