«Ժողովուրդ»-ը դերասան, սցենարիստ Արեն Վաթյանի հետ զրուցել է տեւական լռության, նորությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրների մասին:
-Արե՛ն, արդեն բավականին երկար ժամանակ է Ձեզ էկրաններին չենք տեսնում: Առաջարկներ չկան սերիալներում, ֆիլմերում նկարահանվելու, թե Ձեզ չեն համապատասխանում:
– Այդքան էլ այդպես չէ, որովհետեւ մի քանի ամիս առաջ, հենց չարաբաստիկ կարանտինի նախօրյակին, ավարտվեցին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի համանուն էկրանացման նկարահանումները, որտեղ մասնակցություն եմ ունեցել։ Միանշանակ կարող եմ համարել պրոեկտը հաջողված։ Ֆիլմը բաղկացած է տասնվեց մասից։ Ես կողմնակիցն եմ նման կարճ ֆորմատի, որը գոնե որոշ չափով հնարավորություն ու ժամանակ է տալիս ստեղծագործական աշխատանքի համար , և եթերին հասցնելու անհրաժեշտություն չի լինում։ Իսկ ամիսներ ու տարիներ տևացող, կարծես անվերջանալի սերիալներում նկարահանվելու առաջարկներից հրաժարվում եմ, իմ առաջին փորձից հետո։ Այն ամենին, ինչով զբաղվում եմ, լուրջ մոտեցում եմ ցուցաբերում։ Իսկ նման պրոեկտներում անլրջությունն ավելի շատ է, դա է պատճառը, որ ես սկսեցի հրաժարվել երկարաձիգ սերիալներից:
– Անկեղծ ասած նման տպավորություն կա ,թե Արենը մշտապես հրաժարվում է սերիալներում նկարահանվելուց։
– Իհարկե , նման բան չկա, ես պարզապես ամեն առաջարկի չէ, որ համաձայնվում եմ։ Շատ կցանկանայի մեզ մոտ սերիալների ոլորտում որոշակի առաջընթաց լիներ, թե չէ տարիներով նույն տեղում դոփում ենք՝ եզակի բացառություններով․ մի սերիալը կարծես մյուսի շարունակությունը լինի։
-Դուք նաեւ զբաղվում եք կրկնօրինակմամբ: Ո՞ր ֆիլմն է եղել Ձեր վերջին կրկնօրինակումը:
-Կրկնօրինակմամբ զբաղվում եմ երկար տարիներ, հիմանականում «Շանթ» եւ «Հանրային» հեռուստաընկերություններում: Վերջինը՝ Ուիլ Սմիթի մասնակցությամբ ֆիլմերից էր։ Բայց այս պահին սերիալներն ավելի շատ են:
-Դուք գրում եք նաեւ սցենարներ, ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ գեղարվեստական, թե՞ վավերագրական:
-Իմ գրած սցենարներով նկարահանվել է երկու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ : Մեկը՝ Հայաստանում, իսկ մյուսը` Ռուսասատանի Դաշնությունում: Վավերագրական ֆիլմերի սցենարներ չեմ փորձել գրել, բայց որպես ռեժիսոր նկարահանել եմ երկու վավերագրական ֆիլմ։ Ինչ խոսք, ավելի հոգեհարազատ է գեղարվեստական ժանրը:
-Ինչո՞վ եք զբաղված հիմա։
– Սցենար եմ գրում սիթքոմի համար, որը նկարահանվելու է Ռուսաստանում։ Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, կարծում եմ լավ գործ կստացվի։ Այնպիսի ժամանակներ են հիմա, որ վաղվա օրը կանխատեսելը գրեթե հնարավոր չէ։
-Արդեն երկար տարիներ է, որքան ես գիտեմ, կտրվել է Ձեր եւ թատրոնի կապը: Կարոտո՞ւմ եք բեմը:
– 12 տարի աշխատել եմ Երևանի Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում։ Արդեն մի քանի տարի է ինչ դուրս եմ եկել, քանի որ չէի հասցնում համատեղել մյուս գործերի հետ: Թատրոնում գրաֆիկը շատ ծանրաբեռնված է։ Բայց հոգեպես կապս չի կտրվել, գնալ-գալը կա, ինչպես ասում են:
-Ցանկություն կա՞ կրկին վերադառնալ բեմ:
– Մեծ ցանկություն ունեմ, այնպես դասավորվի, որ մի օր կրկին վերադառնամ, քանի որ շատ եմ սիրում թատրոնը:
-Ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք թատրոնի եւ կինոյի մեջ:
-Շատ է, իհարկե, խոսվել այդ մասին, դժվար թե նոր բան ասեմ։ Թատրոնում ինձ դուր է գալիս փորձերի ընթացքը, հատկապես, երբ դերը սրտովս է լինում: Դուր է գալիս, թե ինչպես են ինքնաբուխ կերպով ծնունդ առնում տեսարանները: Իսկ կինոյի դեպքում, որպես ռեժիսոր, հենց մտնում եմ նկարահանման հրապարակ արդեն գիտեմ, թե ինչ պետք է անեմ, որի համար նախապես տանում եմ լուրջ աշխատանք, որպեսզի ավելի արագ ու էֆեկտիվ նկարահանումները կազմակերպվեն: Կինոն ավելի թանկարժեք է, իսկ ժամանակը՝ փող արժի։
-Ավելի շատ Ձեզ նկարահանման հրապարակն է գրավում, թե՞ հանդիսատեսի ծափողջույնները:
-Երկուսն էլ սիրում եմ , երկուսն էլ հոգեհարազատ են ինձ համար:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր թատրոնում առկա: Ի՞նչ հարցեր Դուք կբարձրացնեիք:
-Թատրոնում կա շատ լուրջ մի խնդիր, երբ ստիպված են լինում, այսպես ասած, «կասսայի համար» ներկայացումներ բեմադրել, որպեսզի շատ հանդիսատես գա։ Իսկ հանդիսատեսը գերադասում է ժամանցային, թեթեւ ներկայացումներ դիտել։ Ինձ համար ցավալի է դա, քանի որ առաջ մարդիկ գնում էին թատրոն արվեստի գործ նայելու, մի բան իրենց հետ տանելու համար, իսկ հիմա այն դարձել է ավելի շատ ժամանցային վայր: Բայց ես օպտիմիստ եմ ու վստահ եմ, որ լավ ու բարի ժամանակները կվարադառնան։
-Մեր հեռուստատեսային քաղաքակրթության մակարդակն այսօր բավականին ցածր է: Ինչի՞ց պետք է առաջինը մաքրազերծել հեռուստաեթերները:
-Կարծում եմ ժամանցային հաղորդումների համար պետք է հատուկ ալիքներ լինեն, ինչպես օրինակ Ռուսաստանում է, և դրանք էլ լինեն սահմանափակ ու անպայման ենթարկվեն ցենզուրայի: Պետք է սկսել կադրերից։ Շատերն, աշխատելով հեռուստատեսությունում, ընդհանարպես կապ չունեն ոլորտի հետ: «Ինքնահավան փուչիկների» հավաքածու, որոնցից ազատվել է պետք։ Մեզ ստեղծագործողներ են անհրաժեշտ:
-Արե՛ն, անդրադառնանք նաեւ երկրում առկա իրավիճակին, որը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս, հետեւո՞ւմ եք : Ինչպիսի՞ տպավորություն ունեք:
-Իհարկե, հետևում եմ ։ Հեղափոխությունից սկսած մինչ այսօր սատարում եմ վարչապետին ու կառավարությանը: Ոչ կուրորեն, իհարկե, այլ նկատելով նաեւ գործած սխալներն ու թերությունները։ Ներքին խմորումներն ուղղակի սարսափելի են: Գտնում եմ, որ այս համաճարակի պայմաններում, ով էլ լիներ իշխանության ղեկին, չէր կարելի նման կերպ օգտագործել իրավիճակը քաղաքական նպատակներով։ Դա պարզապես նողկանք է առաջացնում։ Երբ կա համընդհանուր խնդիր, հարկավոր է համախմբված գործել։ Բայց ցավոք, որոշների համար դա չէ կարևորը։ Հետո անչափ դժվար է լինելու ուշքի գալը: Այս ամենի հետ հանդերձ, կարևորում եմ արտաքին քաղաքականությունը, որտեղ սխալները կարող են ավելի կործանիչ լինել։ Բայց առաջ է պետք քայլել՝ հաշվի առնելով անցյալի սխալները։ Ամբողջ աշխարհն է օրհասական վիճակում հայտնվել։ Խնդիրները գրեթե ամեն տեղ նույնն են, իսկ մարդիկ մեղադրում են յուրաքանչուրն իրենց իշխանություններին։ Բայց այս հարցում էլ եմ հաջողացնում չընկճվել ու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը