Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գնումների մոնիթորինգ է իրականացրել, որն ընդգրկում է մարտի 12-ից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածը: Այս մոնիթորինգն իրականացվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը եւ դրա հետեւանքով մարտի 16-ից հայտարարված ու մինչեւ այժմ շարունակվող արտակարգ դրությունը:
Ընդ որում, մոնիթորինգի համար ուսումնասիրվել են գերատեսչությունների կողմից մեկ անձից գնման եւ հրատապ մեկ անձից գման ընթացակարգերով կատարված գործարքները, որոնցով գերատեսչությունները ձեռք են բերել կամ բերելու են
COVID-19-ի համավարակի կանխմանը եւ հաղթահարմանն ուղղակիորեն նպաստող նյութեր, դեղամիջոցներ, իրեր կամ սարքավորումներ:
Հրատապ մեկ անձից գնումների ծավալի (3,428,767,000.3 դրամ) 99%-ը իրականացվել է երկու պետական մարմինների կողմից, ընդ որում համարյա հավասար ծավալներով, համապատասխանաբար, ՀՀ վարչապետի աշխատակազմի (1,721,693,000 կողմից) եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության (1,678,344,000.2) կողմից (ՀՀ առողջապահության նախարարության տվյալները բացակայում են):
Ընդ որում, ՀՀ վարչապետի աշխատակազմի հրատապ մեկ անձից գնումների ավելի քան 97%-ը (1,678,168,603 դրամ) գնումներ են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ընկերություններից: Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ապա վերջինիս կողմից իրականացված հրատապ մեկ անձից գնումների ողջ ծավալը հյուրանոցային եւ սննդի մատակարարման ծառայություններն են, եւ, ամենայն հավանականությամբ խոսքը գնում է վարակակիր անձանց հետ շփված անձանց մեկուսացումն ապահովելու ծառայությունների մասին: Հավելենք նաեւ, որ մեկ անձից (ոչ հրատապ) գնումների ծավալով առաջատարներն են ՀՀ ոստիկանությունը (83, 874,400 դրամ, կամ ողջ ծավալի 50.8%-ը), ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (31, 876,200 դրամ, կամ ողջ ծավալի 19.3%-ը) և ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունը (9, 939,600 դրամ, կամ ողջ ծավալի 6%-ը):
2020թ. պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում առավել շատ գումարներ ստացել են ՀՀ առողջապահության նախարարությունը (մոտ 7,431,697,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 60%-ը), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (մոտ 2,956,431,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 24%-ը) և ՀՀ վարչապետի աշխատակազմը (մոտ 2,016,060,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 16%-ը): Այս երեք պետական մարմիններին ընկնում է ողջ վերաբաշխված գումարի ավելի քան 99.8%-ը: Հետաքրքիր է նաև նշել, որ ՀՀ կառավարությունն իր որոշումներով թույլատրել է առողջապահության նախարարությանը վերաբաշխված գումարների զգալի մասը՝ 7,431,697,000 դրամից մոտ 5,534,197,000 դրամը ծախսել բանկային վճարային քարտի միջոցով: