Մինչ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքներ են իրականացնում՝ հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը պատրաստելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից: Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի անդամները զբաղված են եղել միայն ներկա եւ նախկին պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելով եւ նրանց նույնաբովանդակ հարցեր ուղղելով: Նրանք իրավապահ համակարգին հարցումներ չեն ուղարկել՝ բավարարվելով միայն Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված տեղեկանքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս իրավապահ կառույցներից մեկում ներքին քննարկումներ են եղել այդ հանձնաժողովի աշխատանքի մասին, եւ տարակուսանք են բարձրաձայնել, թե այդպես էլ որեւէ հարցում չեն ստացել, ու հետաքրքիր է` ինչու:
Հետաքրքիր է` ԱԺ հանձնաժողովին ինչու չեն հետաքրքրել՝ արդյոք իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցել են, օրինակ, սպառազինությունների մատակարարման, դիրքերի կահավորման բացթողումների մասով եւ ինչեր են հայտնաբերել այդ քրգործերի շրջանակներում: Պարզվում է` հետաքրքիր տեղեկություններ ուժայիններում, այնուամենայնիվ, կան: Բայց հիմա հանձնաժողովի իրավաբանական թեւը եւ պատգամավորները առանձին-առանձին ամփոփիչ փաստաթղթեր են պատրաստում, որոնք հետագայում կհամադրվեն:
Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողով հրավիրվեցին 2016 թվականին կարեւոր պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ այլք: Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մերժեց հանձնաժողովի հրավերը:
Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կողմից Սահմանադրական դատարանի այլեւս նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ուղարկված նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության ներկայացուցիչների համար: «Ես ուշադիր հետեւում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը», – ասված է նամակում: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը հունիսի 22-ին հրապարակել էր իր եզրակացությունը՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ մայիսի 13-ին 3 հարց էր հղել նրանց: Եվ, ահա, այդ եզրակացությունը թեեւ փորձ էր արվել ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն իրականում անթաքույց քննադատություն էր պարունակում: Իսկ երեկվա նամակը եղել է թերեւս վերջին կաթիլը, եւ իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ իմքայլական պատգամավորները, դա կրկին համարել են նախարար Բադասյանի բացթողումը, քանի որ հենց վերջինս է սերտ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ` ըստ էության չկարողանալով «համոզել» նրանց: Հավելենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահին ուղարկված իր նամակում Հրայր Թովմասյանը ներկայացրել էր իրավիճակը եւ հայտարարել, թե առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ, եւ, ահա, Բուքիքիոյի պատասխանը եւս նմանատիպ է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր քաղաքացիների է տանում հարցաքննության՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն այն մասին, որ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել: Եվ հիմնականում այդ քաղաքացիները Գեղարքունիքի մարզի բնակիչներն են: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով: Նշենք, որ ուժային կառույցները շարունակում են խուզարկություններ կատարել նաեւ ԲՀԿ մարզային, հատկապես՝ Գեղարքունիքի կառույցների պատասխանատուների բնակարանները՝ առգրավելով տարաբնույթ փաստաթղթեր մարդկանց բնակարաններից: Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ Նա ու թիմակիցները, ինչպես նաեւ մի շարք ուժեր հայտարարում են, թե քաղաքական հետապնդման են ենթարկվում՝ կառավարությանը քննադատելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ հորդորդելով հարցը դիտարկել բացառապես իրավական դաշտում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության արդեն նախկին անդամ Վահե Դոխոյանը այժմ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավարն է: Ըստ մեր տեղեկությունների՝ Դոխոյանը եղել է Վանաձոր քաղաքի ավագանում ՀՀԿ անդամ ու այժմ արդեն զբաղված է Վանեցյանի ղեկավարած կուսակցության մարզային աշխատանքներով: Նշենք, որ դեռեւս սույն թվականի մարտի 6-ին Արթուր Վանեցյանը գրասենյակ էր բացել Վանաձորում, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ակտիվ համախմբումներ են տեղի ունենում՝ նոր կուսակցականներ են գրանցվում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Վահե Դոխոյանի հետ, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Մեր դիտարկմանը՝ Դուք դուրս եք եկել ՀՀԿ-ից, երբ եւ ինչու, մեր զրուցակիցը հայտարարեց. «Այո, դուրս եմ եկել ՀՀԿ-ից, բայց չեմ հիշում՝ երբ եմ դուրս եկել, ժամանակը չեմ կարող ասել»: Իսկ հարցին՝ արդյոք Արթուր Վանեցյանն է իրեն հրավիրել անդամագրվելու իր ղեկավարած կուսակցությանը, Դոխոյանն ասաց, որ ինքը շատ զբաղված է ու ժամանակ չունի մեր հարցերին պատասխանելու համար: