Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ որքան էլ տարբեր ուժեր փորձում են իրենց քաղաքական ուժին քննադատել, միեւնույնն է, դա իրենց մոտ չի ստացվելու, քանի որ իրենք իսկական ընդդիմություն են եւ շարժվում են իրենց օրակարգով: Խաժակյանի հետ զրուցել ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ ՍԴ դիմելու եւ վարույթ ընդունելու հարցի, իրենց քննադատողների եւ ճնշումներ գործադրելու մասին:
-Պարո՛ն Խաժակյան, արդեն մի քանի օր է, ինչ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները, պատգամավորները թիրախավորվել են։ Ներկայիս իշխանությունը գրեթե ամեն ինչ անում էր, որ Սահմանադրական դատարան չդիմի «Լուսավոր Հայաստան»-ը, չմիանա այն ստորագրահավաքին, որն իրականացնում էր ԲՀԿ-ն։ Ինչպե՞ս եք պաշտպանվում թիրախավորման, քննադատության գործընթացներից։
-Գործող իշխանության տեսանկյունից, ես կարծում եմ, որ իրենք մտածում են, թե մենք միանալու ենք, եւ իրենցից որեւէ մեկի հետ որեւէ կոնտակտ չի եղել եւ չէր կարող լինել։ Իսկ հաշվի առնելով, որ իրենք նաեւ մեդիառեսուրսների չեն տիրապետում՝ այդ մասով իրենց կողմից հարձակում չենք ունեցել, մինչդեռ թիրախավորվել ենք մյուս կողմից, որով պետք է պարտադիր միանանք։ Բայց էդտեղ գլխավոր կոմպոնենտը եղել է ոչ թե հասարակ միանալը եւ իրավականության վերականգնման խնդիրը, այլ կային կոնկրետ շահագրգռվածություններ, որոնց մասին կարծում եմ, շատերն անկեղծ չէին խոսում։ Մենք ասում ենք, որ ԱԺ-ում եղավ մի իրադարձություն, որը Սահմանադրության որոշակի կետերի կոպտագույն խախտում էր այս իշխանության կողմից, հակաժողովրդավարական գործողություններ էին, եւ մենք ասում էինք, որ պետք է այդ իրավիճակը՝ Սահմանադրության խախտումները վերականգնվեն, եւ մենք հայտնեցինք մեր պատրաստակամությունը փաստարկված դիմումով ներկայացնել Սահմանադրական դատարան։ Բայց կար մի խոչընդոտ, որը դարձավ քաղաքական շահարկումների թեմա. դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն էր, որը այն օրը, երբ իշխանությունները Ազգային Ժողովում իրենց խմբակցությունում որոշումը կայացրեցին, նույն օրը ՍԴ-ն որոշեց եւ հայտարարություն տարածեց վերսկսել Քոչարյանի գործի վարույթը։ Եվ մենք հասկանում ենք, որ որեւէ մարդ, Սահմանադրական դատարանի որեւէ դատավոր, ներկայացուցիչ իրենց մտքով կանցկացնեին, որ եթե մենք այս օրով նման քայլ ենք անում, դա լրացուցիչ շահարկումների թեմա է դառնալու, որ Քոչարյանի գործը եւ ՍԴ-ի հետ կապված փոխկապակցված են։ Մենք ասացինք, որ այս քաղաքական շահարկումներից խուսափելու համար մենք պատրաստ ենք եւ դիմելու ենք ՍԴ հուլիս 7-ից հետո։
-Կուսակցությունում քննարկում ունեցե՞լ եք, հանգուցալուծման կետեր գտե՞լ եք։
-Մենք կենտրոնացել ենք մեր անելիքի վրա՝ կապված ՍԴ-ի հետ, իսկ դա ԱԺ-ում տեղի ունեցած Սահմանադրության ոտնահարման վերականգնումն է, որի վերաբերյալ դիմումը մենք պետք է ներկայացնենք։ Եվ ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները չեն մերժի եւ այդ դիմումին կմիանան, քանի որ դա լինելու է շատ փաստարկված դիմում։ Եվ այն մարդիկ, այն քաղաքական շրջանակները, որոնք մեզ փորձում են այն հանգամանքը հաշվի առնելով տպավորություն ստեղծել, թե մենք մեր ընդդիմադիր գործառույթը չենք իրականացրել, նրանք պարզ մանիպուլացիա են անում, եւ դրա առանցքում ոչ թե դրա իրավականության պահպանելն է, այլ այս գործի հանգուցալուծումը քաղաքական ենթատեքստով՝ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի գործի, ինչ-որ որոշման բերելն է։ Բայց մենք այսքան ժամանակ այդ գործի իրավական ընթացքին չենք միջամտել։ Իսկ իրենք այդքանը հաշի չառնելով, մեզ դարձրին թիրախ եւ փորձեցին ներքաշել այդ խաղի մեջ, ինչը չստացվեց։ Բայց, ամեն դեպքում, հիմա հարվածներ ենք ստանում տարբեր կողմերից, եւ չեմ էլ կարծում, թե դա մեր հայրենակիցների վրա որեւէ ազդեցություն կունենա, որովհետեւ բոլորը հասկանում են ՍԴ-ի թնջուկը ինչպես էլ հանգուցալուծի, իրենց կյանքում որեւէ բան չի փոխվելու։ Սա դատական համակարգի ռեֆորմի որեւէ բաղադրիչ չէ, սա սոցիալական, տնտեսական որեւէ խնդիր չի լուծելու։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության վերլուծության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ընդերքօգտագործման դեմ քրեաիրավական պայքարում որոշ իրավակարգավորումների անկատարության պատճառով առաջացել են լուծման անհրաժեշտություն առաջացնող օբյեկտիվ որոշ խնդիրներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը) 1-ին եւ 2-րդ մասերը համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ:
Նշված հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը երկու տարի է, մինչդեռ քրեական գործերով իրականացվող քննությունը սովորաբար տեւում է բավականին երկար, քանի որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման պահանջից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել բազմաթիվ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, խախտման բնույթի, իրականացված աշխատանքների նորմատիվային համապատասխանության, պատճառված վնասի չափի, նախագծերը սահմանված շինարարական պահանջներին համապատասխան կատարված լինելու եւ գործին վերաբերող այլ հանգամանքները պարզելու նպատակով նշանակել տարբեր՝ երբեմն նաեւ համալիր-հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց կատարումը խիստ ժամանակատար է։
ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի սանկցիաները խնդրահարույց են նաեւ այն առումով, որ նույնիսկ քրեական պատասխանատվության ժամկետների սահմաններում անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելիս սահմանված պատիժները մեղմ են եւ չեն համապատասխանում նշված հանցանքների հասարակական վտանգավորությանը։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով՝ ազատազրկումը որպես պատժատեսակ ընդհանրապես նախատեսված չէ, իսկ 2-րդ մասի դեպքում թեպետ սահմանված է, սակայն առավելագույն ժամկետ է նախատեսված ընդամենը 1 տարին: Հաշվի առնելով, որ այդ հանցավոր արարքներով վնաս է պատճառվում շրջակա միջավայրին, վերջնական արդյունքում անուղղակիորեն վտանգ ստեղծում բնակչության առողջության համար, այսպիսի պատժաչափերը չեն համապատասխանում այդ հանցանքի բնույթին։
Հատկապես հաշվի առնելով այդ հոդվածով քննվող քրեական գործերի աճման միտումը, դրանց քննությամբ պարզված պատճառված վնասների չափերը՝ առաջացել է այս հարցում պատժողական ներգործության միջոցները խստացնելու անհրաժեշտություն, որը նաեւ կանխարգելիչ նշանակություն ունի:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծ Կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով: Այս փոփոխությունների արդյունքում ինքնաբերաբար կլուծվի նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների, այսինքն՝ պատասխանատվության անխուսափելիության եւ սոցիալական արդարության ապահովման սկզբունքների կենսագործման խնդիրը:
Ն. Հ.
ԵՎՍ 2 ԱՄԻՍ
«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով։ Նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նրա կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ, սակայն տեղեկացանք, որ բողոքը մերժվել է, եւ Առուստամյանը կմնա կալանքի տակ: Նշենք, որ ըստ Դատախազության հաղորդագրության՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ. ՊԵԿ նախագահի, ապա Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին։ Նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար վերջիններիս եւ Ս.Ա-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 եւ 13.400.000 ԱՄՆ դոլարի: Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը):
23 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՎԱՐԱԿՎԵԼ Է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված եւ մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երեւան քաղաքի, ինչպես նաեւ մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետեւյալ թվակազմով՝ իրավաբանական բաժին-1; Ավան եւ Նոր Նորքի բաժին-2; Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթունի բաժին-2; Շենգավիթի բաժին -1; Պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3; Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1: Նշենք, որ կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին եւ հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում։