ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, չունի անշարժ գույք, եւ թեեւ 2019 թվականի ընթացքում նա նաեւ ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 1996 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին: «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ից տարվա վերջում նախարարն ունեցել է 45 մլն 584 հազար դրամի փոխառություն: Հայտարարագրի համաձայն՝ Ռուստամ Բադասյանը բանկում ունեցել է 3 մլն դրամ եւ 582 եվրո, իսկ կանխիկ՝ 340 դոլար: Իսկ այժմ անդրադառնանք նախարարի եկամուտին՝ 2019 թվականին գոյացած: Այսպիսով, նախարարը 2019 թվականի ընթացքում ունեցել է ստացված փոխառություն՝ 41 մլն դրամ, Պետական եկամուտների կոմիտեից՝ 2 մլն դրամ, Արդարադատության նախարարությունից աշխատավարձ՝ 8 մլն դրամ, ՊԵԿ-ից որպես աշխատավարձ՝ 8 մլն 622 հազար դրամ, եւ ուսումնական կենտրոնից՝ 192 հազար դրամ:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը եւս անշարժ գույք չունի, իսկ որպես տրանսպորտային միջոց ունի 2013 թվականին արտադրված Toyota մանկիշի ավտոմեքենա: Առաջին տեղակալն ունի 24 մլն դրամի փոխառություն եւ 33 հազարի Լեհական զլոտի, իսկ որպես ավանդ՝ 7 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Իսկ որպես դրամական միջոց՝ նա բանկում ունի 1 մլն 470 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 100 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում Գրիգորյանը «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամից ստացել է 5 մլն 782 հազար դրամ, Արդարադատության նախարարությունից որպես աշխատավարձ՝ 6 մլն 227 հազար դրամ, Արդարադատության ակադեմիայից՝ 36 հազար դրամ, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից՝ 332 հազար դրամ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ 420 հազար դրամ, եւ այլ գումարներ փոխառություններից:
Նախարարի տեղակալներից Վահե Դանիելյանը 2014 թվականին Լոռու մարզում հողամաս է նվիրատվություն ստացած եղել, սակայն որեւէ անշարժ գույքի մասին տվյալներ չկան: 2019 թվականի մայիսին Դանիելյանը 3 մլն դրամով վաճառել է իր BMW մակնիշի ավտոմեքենան եւ դեկտեմբերին գնել 2012 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, եւ տարվա վերջին միայն այդ մեքենան է առկա եղել, որը գնել էր 3 մլն 800 հազար դրամով: Բանկային հաշիվներում փոխնախարարն ունի 351 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 9 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում փոխնախարարը վարչապետի աշխատակազմից ստացել է 8 մլն դրամ, իսկ Արդարադատության նախարարությունից՝ 757 հազար դրամ:
Մյուս փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ունի բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, սակայն չունի տրանսպորտային միջոց: Որպես բանկում դրամական միջոց՝ փոխնախարարը հայտարարագրել է 1 մլն 791 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 3 մլն 100 հազար դրամ եւ 9 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում փոխնախարարի եկամուտը աշխատավարձն է եղել՝ երկու տարբեր վայրերից՝ 6 մլն 157 հազար դրամ՝ Արդարադատության նախարարությունից, եւ 3 մլն 611 հազար՝ Ազգային ժողովից:
Սրբուհի Գալյանն ունի մեկ բնակարան Կենտրոնում եւ շինություն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, սակայն չունի տրանսպորտային միջոց: Փոխնախարարի դրամական միջոցները բանկում եղել է 683 հազար դրամ, իսկ առձեռն՝ 1600 դոլար եւ 50 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում Երեւանի պետական համալսարանից նա ստացել է 334 հազար դրամ եկամուտ, 2 մլն 335 հազար դրամ՝ Հատուկ քննչական ծառայությունից, 115 հազար դրամ՝ Արդարադատության ակադեմիայից, 5 մլն դրամ՝ Արդարադատության նախարարությունից, ինչպես նաեւ տարբեր բանկերից վերցված գումարներ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Վատիկանը նոր նամականիշ է թողարկել` միանալով Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությանը, ըստ որի` 2020 թվականը հայտարարվել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի»։ Նամականիշի վրա պատկերված է, թե ինչպես է Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ հաստատելով նաեւ, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգեւոր արժեք է։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին լրացել է Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը: Դեսպանությունը նշում է, որ անցյալում եւս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել հայաստանյան այցելության թեման։ Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՎԵԼ
Հայաստանը չի ներառվել երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները կարող են հուլիսից ԵՄ այցելել: Նշենք, որ Եվրամիությունն ու Շենգենյան գոտին մտադիր են իրենց սահմանները բացել հուլիսի 1-ից. ցուցակում է 54 պետություն: Երկրների միջեւ տվյալ որոշման ընդունման համար կիրառվող չափանիշների հետ կապված տարաձայնություններ են եղել, ընդ որում՝ որոշները պնդում են, որ որոշ երկրներում կորոնավիրուսի մասին տվյալները հուսալի չեն:
ԱՐԳԵԼՈՂ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 23.247 ԴԵՊՔ
Հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23.247 դեպք, որից 12.149-ը՝ առողջացած, 410-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105.046 թեստավորում: Այսպիսով, երեկ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք եւ 814 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) եւ 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։