«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Սուրեն Գրիգորյանը շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ու 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

 

Ըստ այդմ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով  սահմանվել են հետեւյալ կարգավորումները`

  1. Հհաշվի առնելով այն, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով արդեն իսկ առկա կարգավորումները սահմանում են Սահմանադրական դատարանի դատավորների սոցիալական երաշխիքները եւ նրանց պաշտոնավարումը դադարելու դեպքում կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարցերը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ Օրենքի 88-րդ հոդվածի 4.1, 4.2 եւ 4.3-րդ մասերը` դրանց կարգավորման անհրաժեշտությունը սպառված լինելու հանգամանքը հաշվի առնելով: Միեւնույն ժամանակ, 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, Օրենքի 88-րդ հոդվածում հստակեցվել է նրանց կենսաթոշակ տրամադրելու օրենսդրական հիմքը:
  2. Հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությունը`

2.1) համապատասխանեցվել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու հաջորդականությունը Սահմանադրության 213-րդ հոդվածին,

2.2) հստակեցվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած մյուս դատավորների պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը,

2.3) սահմանվել են 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կատարելու կարգը եւ ժամկետները: Ըստ այդմ` առաջադրումներ կատարելու իրավունք ունեցող սուբյեկտները առաջադրումները կատարելու են Սահմանադրության փոփոխությունների ուժով՝ ի տարբերություն ընդհանուր կարգի, երբ թափուր պաշտոնի առկայության մասին նրանք ստանում էին համապատասխան ծանուցում: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ թափուր պաշտոնները մեկից ավելի են, առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից  2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում,

2.4) նախատեսվել է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

  1. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու համար սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաեւ բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

Բացի այդ, իշխանական խմբակցության պատգամավորները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծ, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը»:

Հավելենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հայտնում է, որ նամակ է հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նա հայտարարել է, թե պատրաստվում է մասնակցել ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին եւ  այդ պատճառով դիմում է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հրապարակել է իր կորոնավիրուսի թեստի պատասխանը։ «Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը՝ բացասական է: Իմ մտահոգությունն եմ հայտնում բոլոր այն անձանց տածած չարության եւ ատելության համար, ովքեր իմ գործընկերների հիվանդության առթիվ արտահայտել են ուրախության, հիացմունքի էմոցիաներ կամ օգտագործում են առիթը քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար»,- գրել է նա։

 

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ բնապահպան Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Նա ընտրություններին ստացել է ընտրողների  42.5% քվեն: Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսկացության» ցուցակը։ Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է։

 

 

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹ

Սույն թվականի  հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երեւան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։ Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչեւ հուլիսի 1-ը։ Տվյալ չվերթով Հայաստան կարող

է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։ Հաշվառումը կմեկնարկի հուլիսի 2-ին։

 

 

ԱՌՈՂՋԱՑԵԼ ԵՆ

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են։ Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա եւ 6 դայակ։ Այս պահին մանկատանը վարակվածության որեւէ դեպք այլեւս չկա:

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոմեն Ահարոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 

 

ԱՅՍՕՐ՝ ԱՐՏԱՀԵՐԹ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Ի վերջո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կարողացել է ավարտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները, եւ նախագիծը մինչ վաղը վերջնական պատրաստ կլինի: Սակայն մենք տեղեկացանք, որ օրակարգում, բացի այս օրենքի քննարկումից, կլինեն նաեւ այլ նախագծեր:

Հիշեցնենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է: Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 76-րդ հոդվածն ասում է. «Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»: Այս դեպքում այդ թիվը 79-ն է: Այսինքն՝ 79 պատգամավոր պետք է կողմ քվեարկի օրենքին: Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսով են վարակված Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գեւորգյանը Արեն Մկրտչյանը եւ Կարեն Համբարձումյանը, սակայն ցանկն այդքանով չի սահմանափակվում, կան նաեւ մեկուսացած եւ վարակված այլ պատգամավորներ:

 

ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչներն անելանելի վիճակում են: Տեւական ժամանակ է, ինչ ճամբարակցիները պայքարում են մորեխների դեմ: Դրանք հիմնականում վնասում են անասնակերը: Ճամբարակի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սերյոժա Ավալյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն հասցրել են մոտ 50 հա սրսկել: «Չարաբաստիկ մորեխները Ճամբարակի տարածքում են հանգրվանել: Դրանք հիմնականում վնասում են անասնակերը: Կռոթուկներն այնպես են հնձում, որ դրանից բան չի մնում, փափուկ խոտերն են կրծում: Դա մեզ համար նորություն չէ, մորեխը մի փոքր կոպիտ է հնչում, մեզ մոտ ծղրիդ են դրանց ասում: Դրանք շատացել են եւ խոտով են կերակրվում, վերջերս սրսկեցինք, մեծ անկումներ եղավ»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մասնագետներ են եկել Ճամբարակ, առաջարկել են թունաքիմիկատներ. կարճ ժամանակ անց արդյունքը նկատելի է եղել: «4 ժամ հետո զգացվեց արդյունքը: Ուղղակի մենք հիմա խնդիր ունենք, քանի որ Ճամբարակը սահմանամերձ է, հետեւաբար չենք կարող օդային տրանսպորտային միջոցով պայքարել մորեխների դեմ, իսկ դա ավելի արդյունավետ կլիներ: Բայց, մյուս կողմից էլ, դրանք, որ մեծանում են, վնաս քիչ են տալիս: Հիմա մեր պայքարի նպատակն է, որպեսզի դրանց վերացնենք, որ ձու չդնեն. ձուն իրենք դնում են հողի մեջ, եթե ձմեռը մեղմ եղավ ու չցրտահարվեն, արագ բազմանում են»,- բացատրեց Ավալյանը:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն ահազանգել էր այն մասին, որ թրթուրները վնասել են Արա լեռան անտառի ծառերը:

 




Լրահոս